Մշակույթ

Իմ զգացողությամբ՝ այդ բանաստեղծությունն արհեստական բանականությունն է գրել

Իմ զգացողությամբ՝ այդ բանաստեղծությունն արհեստական բանականությունն է գրել

Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր շնորհավորական ուղերձն ավարտել էր իր գրած «Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն» բանաստեղծությամբ։

Արձակագիր Համլետ Մարտիրոսյանը վարչապետի ուղերձից այնպիսի տպավորություն է ստացել, թե հող է նախապատրաստվում ՀՀ սահմանադրությունը փոխելու համար․ «Նրա ուղերձում շատ վտանգավոր տողատակեր կային։ Այսինքն՝ այն, ինչ խոստացել է Ադրբեջանին, այդ ճանապարհն է բռնել ու տանում է դրան։ Բայց քանի որ չի կարող միանգամից ու բացահայտ փոփոխությունների ենթարկել Սահմանադրությունը, նախ քծնում է ժողովրդին՝ «սիրելի ժողովուրդ ու քաղաքացիներ» ասելով, հետո էլ նշում, որ, «ի հեճուկս ամենատարբեր մեկնաբանությունների, սա չի նշանակում, թե Անկախության հռչակագրի ողջ բովանդակությունը ներառված է ՀՀ Սահմանադրության մեջ, եւ այս երկու փաստաթղթերի բովանդակությունը նույնական են»։ Այսինքն՝ այսպիսի մտքերով նա հող է պատրաստում ժողովրդի մեջ, նաեւ խմորումներ ստեղծում, որ հետո ասի՝ մենք պետք է փոխենք Սահմանադրությունը։ Չէ՞ որ Ադրբեջանի նախագահի խորհրդականն ասել է՝ եթե Նիկոլը ժողովրդին լավ բացատրի, ժողովուրդը կհամաձայնի Սահմանադրության փոփոխությանը, հատկապես որ դա լինելու է իբր թե հանուն խաղաղության։ Այսինքն՝ այնտեղից էլ են ուլտիմատում դնում մեզ վրա, ու իր շնորհավորական ուղերձը հող է նախապատրաստում դրա համար, ուրիշ բան ես չտեսա այդտեղ»։

Ինչ վերաբերում է իր պաշտոնական ուղերձը լիրիկական բանաստեղծությամբ համեմելուն, արձակագիրը նկատում է․ «Աշխարհում որեւէ պետության ղեկավարի գործառույթների մեջ չի մտնում բանաստեղծություն գրելը կամ արտասանելը։ Իմ ներքին զգացողությունն ասում է, որ այդ բանաստեղծությունը նույնիսկ ինքը չի գրել, դա արհեստական բանականությանը հանձնարարած տեքստ է։ Արհեստական բանականությունն ամեն ինչ անում է՝ գեղեցիկ նկարներ, տեքստեր, բայց ոգի, կյանք չկա դրանց մեջ։ Նույնն էլ Նիկոլի տեքստի մեջ է՝ կա շարադրանք, բայց չկա ոգի, սրտի թրթիռ, այսինքն՝ մարդկային ոգու շարադրանք չէ դա։ Եթե անգամ ինքն է գրել, ապա գրել է ընդամենը գրելու համար, եւ իր սրտի մի կտորը չէ այդ տողը, ու որպես համեմունք է իր ուղերձին ներկայացրել, որն էժանագին քայլ է։ Որեւէ լուրջ ղեկավար իր ուղերձի հետ բանաստեղծություն չի դնում, միայն մեր երկրում ու Նիկոլի իրականությունում կարող է լինել նման բան»։

Հ․ Մարտիրոսյանն անդրադառնում է նաեւ օրերս Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ ճաշ եփելու տեսագրությանը․ «Ո՞վ է տեսել երկրի համար մեկ տիկինը խոհանոցում իր ճաշ եփելու տեսագրությունը գցի համացանց, աշխարհում ոչ ոք նման բան չի անում։ Իսկ դա էն գլխից արդեն սուտ է, որովհետեւ այդ կանայք տանն ունեն ե՛ւ սպասուհի, ե՛ւ խոհարար, ե՛ւ բժիշկ եւ այլն։ Հիմա ինքը դրանով ուզում էր ցույց տալ, որ, տեսեք` ես ձեզնից մեկն եմ։ Բայց երեւում է, որ դա շինծու է, սարքովի, հատկապես որ հետո գալիս է Նիկոլը` մթերքների տոպրակով, ու սա՝ այն դեպքում, որ խաշլաման, տոլման, ամեն ինչ պատրաստ էր։ Եթե տանը մթերք կար՝ գնացել էիր շուկա, որ ի՞նչ անեիր։ Այսինքն՝ դա էլ մի էժանագին թատրոն էր»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image