ԿԳՄՍ նախարարությունը մոտ մեկ ամիս առաջ հանրային քննարկման էր ներկայացրել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը, որն այս ընթացքում բազմիցս քննադատվեց, իսկ Ակադեմիան 80 էջանոց օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացրել էր մոտ 80 էջանոց դիտողություններ։
ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը մեր հարցին ի պատասխան նշեց, որ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի կողմից դեռ որեւէ արձագանք չկա, հույս ունեն, որ իրենց դիտարկումների փաթեթին ինչ-որ կերպ արձագանք կլինի։
Օրեր առաջ բուհական համակարգի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով «Ակադեմիական քաղաք» նախագիծը, անդրադարձել էր նաեւ բուհերի շենքերի ճակատագրին՝ նշելով, որ իրենց նպատակն այդ շենքերը կառավարելու արդյունքում բուհական համակարգի համար եկամուտներ գեներացնելն է: Իսկ հյուրանոց լինել-չլինելու մեջ վատ բան չի տեսնում, քանի որ Երեւանի կենտրոնը կոմերցիոն մեծ գրավչություն ունի։
Վարչապետի այս հայտարարությունների հետեւում ակադեմիկոս-քարտուղարը մեծ ռիսկեր է տեսնում, որոնք չեն կարող չմտահոգել թե՛ բուհական, թե՛ ակադեմիական համակարգին․ «Ակնհայտ է, որ նման հայտարարությունները մտահոգիչ են՝ այն պարզ պատճառով, որ, առաջին հերթին, չկան ակադեմիական քաղաքի վերաբերյալ մշակված բովանդակային փաստաթղթեր, այսինքն՝ առանց բովանդակային քննարկումների, իրականացվում են ոչ բովանդակային պրոցեսներ, ինչպես, օրինակ, հողահատկացում, ճարտարապետական նախագծի իրականացում եւ այլ քայլեր, իսկ բովանդակային համապատասխան փաստաթղթերը մշակված չեն»։
Ա․ Իշխանյանը մտահոգիչ է համարում նաեւ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծում ներառված այն թեզը, ըստ որի՝ օրենքն ուժի մեջ մտնելուց տասն օր անց բոլոր կազմակերպությունները հանվելու են Ակադեմիայի եւ մյուս բոլոր գերատեսչությունների ենթակայությունից ու տրվելու են ԿԳՄՍ նախարարության ենթակայությանը։ «Այն հեռանկարով, որ հետագայում պետք է տեղի ունենան բուհերի խոշորացումներ, եւ այդ գիտական կազմակերպությունները պետք է միավորվեն այդ խոշորացված բուհերի հետ։ Սա շատ մտահոգիչ գործողություն է, որովհետեւ գերատեսչության փոփոխությունը ենթադրում է բազմաթիվ վարչարարական գործողություններ, ինչը շատ մեծ սթրես է կազմակերպությունների համար, որովհետեւ պետք է փոխվեն շատ բաներ՝ սկսած բլանկից, կնիքից եւ այլն։ Պատկերավոր ասած՝ դա մեծ գլխացավանք է առաջացնելու։ Անհասկանալի է, թե ինչու չսպասել, որ նախ տեղի ունենան բուհերի խոշորացումները, եւ եթե հանելու են Ակադեմիայի կազմից, դիցուք, ինչ-որ կազմակերպություն, միանգամից տանեն այնտեղ։ Ինչո՞ւ է արվում երկքայլ գործողություն»,- ասում է զրուցակիցս ու ընդգծում, որ կա չհիմնավորված շտապողականություն, որը մտահոգիչ է եւ խիստ կապված է շենքերը վարձակալության տալու մտահոգության հետ։
«Եթե գործեին ավելի մտածված ձեւով, ապա սկզբում պետք է լինեին ակադեմիական քաղաքի վերաբերյալ համապատասխան բովանդակային քննարկումներ, փաստաթղթերն ընդունվեին, ապա՝ ակադեմիական քաղաքի կառուցումից հետո, տեղի ունենային այսօրինակ վարչական փոփոխությունները։ Թվում է, թե դա է ամենառացիոնալ ուղին, բայց այն, որ այսպիսի շտապողականություն է ցուցաբերվում, բնականաբար, տարակուսանք է առաջացնում»։
«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծում առանձին հոդվածով կա անդրադարձ նաեւ ակադեմիական քաղաքին, բայց չկան համապատասխան առանձին մշակումներ, որոնց հիման վրա ինչ-որ փոփոխություններ կկատարվեին օրենքում․ «Այստեղ միանգամից կատարվում են այդ փոփոխությունները, առանց դրան նախորդած քննարկումների փուլի, ինչը կրկին շատ տարօրինակ է»։
Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ փաստացի ակադեմիական քաղաքը չկա, բայց օրենքի նախագծում այն արդեն գոյություն ունի, օրենքը կանաչ լույսի դե՞ր է ստանձնելու։ «Ես դժվարանում եմ նման որակումներ տալ, բայց քննարկումների ժամանակ նման անհանգստություններ մշտապես արտահայտվում են»։
Ա․ Իշխանյանը հիշեցնում է, որ Ակադեմիան այս ամբողջի վերաբերյալ իր դիրքորոշումները հստակ արտահայտել է ապրիլի 3-ին տեղի ունեցած իր արտահերթ ընդհանուր ժողովի ժամանակ։ «Մենք այնտեղ առաջ ենք քաշել 4 դրույթ, եւ, ցավոք սրտի, այդ դրույթներն այստեղ ոչ մի ձեւով արտացոլված չեն։ 1-ին՝ մենք նպատակահարմար չենք համարում մեկ տեղում կենտրոնացնել ամբողջ գիտական ներուժը, քանի որ գտնվում ենք աշխարհաքաղաքական փոփոխությունների փուլում, եւ այս պարագայում մեզ նման երկրի համար նպատակահարմար է ապակենտրոնացումը, այլ ոչ թե կենտրոնացումը, որովհետեւ կենտրոնացած մեկ համակարգի պարագայում որեւէ աշխարհաքաղաքական ուժի կողմից ճնշման դրսեւորումը կարտացոլվի բոլորի վրա։ 2-րդ՝ խիստ կարեւոր է պահպանել գիտության վարչաիրավական, կազմակերպչական ձեւերի բազմազանությունը, որպեսզի լճացում տեղի չունենա, մեկ «հովանոցի» տակ մրցակցությունը տարբեր ձեւերի միջեւ չկա։ Ավելին՝ աշխարհում չկա որեւէ երկիր, որտեղ լինի բացառապես կազմակերպչական մեկ ձեւ, իսկ այս օրենքով հենց դա է արվում։ 3-րդ՝ հիմնականում գիտության կազմակերպման համալսարանական ձեւի անցումը փաստացի բերելու է նրան, որ գիտության ոլորտը Հայաստանում դառնալու է բացառապես կամ հիմնականում կրթության ոլորտի սպասարկու, մինչդեռ մենք հասկանում ենք, որ գիտությունը պետք է ծառայի նաեւ տնտեսությանը, պաշտպանությանը եւ այլ ոլորտների, իսկ հատուկ մշակումների դեպքում համալսարանական ենթակայությունն ամենեւին նպատակահարմար չէ։ 4-րդ՝ խիստ նպատակահարմար է իրականացնել մի քանի փորձնական ծրագիր, որպեսզի դրանց բացասական եւ դրական կողմերը պարզ արտահայտվեն, քննարկվեն, հետո նոր համապատասխան ձեւն ընտրվի։ Մեկ հարվածով նման ռազմավարական, հիմնարար փոփոխությունների իրականացումը հղի է շատ մեծ վտանգներով»,- եզրափակում է Իշխանյանը։