Վերլուծություն

Փաշինյանը պարտվում է՝ երկիրն էլ նրա հետ

Փաշինյանը պարտվում է՝ երկիրն էլ նրա հետ

2020թ. սեպտեմբերի 27-ից սկսած՝ Փաշինյանը պարտվում է և այսօր էլ շարունակում է պարտվել: Եթե համաձայն չեք, նշեք, խնդրեմ, Փաշինյանի որևէ հաղթանակ, որևէ գործ, որ նա հասցրել է ավարտին, որևէ քայլ, որ կատարել է իր պարտությունների որևէ հետևանք վերացնելու ուղղությամբ: Իզուր մի փորփրեք ձեր հիշողությունը, որովհետև չկա այդպիսի բան: Փաշինյանը քրոնիկ պարտվող ղեկավար է, իսկ նրա պարտությունների շարքը չի ընդհատվում մի շատ պարզ պատճառով՝ չի հեռանում, իր խոսքով՝ ռադը չի քաշում: Կառչել է աթոռից, իրեն շրջապատել ուժայիններով ու չի հեռանում: Կամակոր երեխա լինի, կարծես: Երկու ոտքը մտցրել է մի կոշիկի մեջ ու… Չէ որ չէ, կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա: Գնա, մարդ Աստծու, գնա, քո վարչապետությունը տեսել ենք, կուշտ ենք, դու հո փորձանք չե՞ս… Ճիշտ որ ազգակործան պատուհաս:

Փաշինյանը երկու լավ հնարավորություն ուներ մեզ իր ներկայությունից ազատելու՝ 2021թ. հունիսի 20-ին և 2026թ. հունիսի 7-ին: Չօգտվեց այդ հնարավորություններից, թեև կարող էր մարդավարի հեռանալ: Չէի ասի, թե դրանից հետո մենք կսիրեինք իրեն, բայց, առնվազն, այսքան ավելորդ քֆուր չէր շալակի, չէր ընկնի լրացուցիչ անեծքի տակ: Երկու ընտրություններում էլ իբր հաղթեց ու մնաց, բայց իրականում շարունակեց պարտվել: Նրա ամենասոսկալի պարտությունները գրանցվել են 21 և 26 թվականների միջև՝ վերջին 5 տարում… Արցախի հայաթափում, Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում, Հայաստանի սուվերեն տարածքների հանձնում, հակաեկեղեցական անպտուղ շարժում (ասում էր՝ ես եմ գլխավորելու այդ շարժումը), 5 տարի շարունակ չարչրկված, բայց այդպես էլ չկնքված խաղաղության պայմանագիր, միջանցքի տրամադրում, Հայոց ցեղասպանության ուրացում, ՀՀ սահմանադրությամբ Ալիևի պահանջների ամրագրման փորձեր… Նշեք մի հաղթանակ վերջին 5 տարում, թե կարող եք:

2026թ. հունիսի 7-ի ընտրություններից հետո ամիսուկես է անցել: Իբր հաղթել է այդ ընտրություններում: Տեսեք՝ ինչ է կատարվում Հայաստանում: Այն, ինչ հիմա տեսնում եք ձեր շուրջը, Փաշինյանի պարտությունների շարունակությունն է: Չընդհատվող շղթա է: Ուշադրություն դարձրեք սրանց նոր խոսույթին՝ Փաշինյանը ճիշտ արեց, որ Գագիկ Ծառուկյանին չթողեց խորհրդարան, խլեց «Արարատցեմենտը», փակեց բիզնեսները, Փաշինյանը ճիշտ արեց, որ կալանավորեց Սամվել Կարապետյանին և շարունակում է հետապնդել նրա թիմակիցներին, Փաշինյանը ճիշտ արեց, որ վերաբացեց մարտի 1-ի գործն ու կրկին դատարան բերեց Ռոբերտ Քոչարյանին… Այլապես Ռուսաստանն էր տերուտնօրինություն անելու Հայաստանում: Խելքներիդ ձյուն գա… Դուք որտե՞ղ էիք, որ այդ մարդիկ Հայաստան էին պահում ու զարգացնում, Արցախն էլ՝ վրադիր: Չէ, իսկապես, 2018 թվին, երբ եկաք իշխանության, գիտեի՞ք, որ ամեն ինչ այս ուղղությամբ եք տանելու՝ 5 հազար զոհ եք տալու, հանձնելու եք Արցախը, Արցախի ղեկավարներին, Հայաստանի սուվերեն տարածքները, գիտեի՞ք, որ Կիրանցում պատ եք կառուցելու, որ Հայաստանից միջանցք եք արտապատվիրակելու եսիմ ում… Տո այ չլուտ-չփլախներ, որ այսօր միլիոնատերեր եք դարձել մեր ժողովրդի հաշվին, դուք 2018 թվին գոնե երազում այսքան բարիքներ տեսնո՞ւմ էիք: Հիմա, որ այդ ամենը մարգարիտների պես ժողովուրդը լցրել է դեմներդ, և դուք չեք կարողանում գնահատել, ո՛վ է մեղավոր՝ Գագիկ Ծառուկյա՞նը, Սամվել Կարապետյա՞նը, Ռոբերտ Քոչարյա՞նը, ում դուք իբր հաղթել եք ընտրություններում: Թե բա՝ նրանք Ռուսաստանին բերում էին Հայաստան, և Նիկոլը փրկեց մեզ: Լո՞ւրջ: Եվ ո՞ւմ գրկում եք հայտնվել ձեր փրկչի հետ այսօր… Հա, Ալիևի և Էրդողանի: Ու քիչ մնաց, ձեր փրկչի պարտությունների շղթան ավարտվում է, շուտով ջան կասեք թուրքերին ու ջան կլսեք, ի՞նչ է պատահել: Հայաստանի Հանրապետությունում չեք ապրի, կապրեք «Արևմտյան Ադրբեջանում»… Բայց «զատո», ինչպես սիրում եք ասել, «նախկինները» հետ չեկան:

Հ.Գ. Մի քանի առիթով խոսել եմ այս մասին և չեմ զլանա ևս մեկ անգամ կրկնել: ՔՊ-ն հրաշալի շանս ունի առաջիկայում մեզ և իրեն Նիկոլից ազատագրելու: Խոսքը վարչապետի ընտրության մասին է, որ պետք է տեղի ունենա խորհրդարանի առաջին նիստերում: Պարոնայք և տիկնայք ՔՊ-ականներ, ուրիշ թեկնածու առաջադրեք: Դրանով դուք մեծ լավություն կանեք թե՛ երկրին և թե՛ Նիկոլին՝ ընդհատելով պարտությունների այս հարահոս շղթան:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image