Քաղաքականություն

Ի՞նչ գործ ունեն «հեղափոխական» դիտորդները Գյումրիում

Ի՞նչ գործ ունեն «հեղափոխական» դիտորդները Գյումրիում

Գյումրիում ընթացող ընտրությունների համատեքստում «Հրապարակ»-ի տեսանյութերից մեկում նկատեցի հեղափոխական Իոաննիսյան Դանիելին: Հետո ԿԸՀ-ի կայքը բացեցի, ու զարմացա, որ թե՛ վերջինիս և թե՛ մեկ-երկու այլ կազմակերպություններ մասնակցում են որպես դիտորդներ: Զարմացա, քանի որ չհասկացա, թե հեղափոխական երիտասարդներն ինչ գործ ունեն նիկոլական ընտրություններում: Այն, որ նախկինում իրենք (նրանց թվում նաև ես) փորձում էին մոնիտորինգի ենթարկել տեղական կամ համապետական ընտրությունները, նորմալ էր և բնական: Նախ, որովհետև մենք ընդդիմադիր էինք գործող իշխանություններին: Այսինքն, փորձում էինք կեղտեր գտնել ընտրական գործընթացում, ինչն, իհարկե, բարդ բան չէր: Բարդ չէր, քանի որ գործող իշխանությունը չէր կարող խուսափել անօրինականությունից: Եվ երկրորդ՝ մեր կազմակերպությունները ֆինանսավորվում էին արևմտյան կառույցների՝ մասնավոր թե պետական, կողմից: Եվ նրանց նպատակը ևս նույնն էր, ինչ մերը. կեղտ փնտրել ու դրանով խեղճացնել գործող իշխանությանը: Ինչն էլ պետք է հանգեցներ ու հանգեցրեց մայիսյան իշխանափոխությանը:

 Ինչևէ, 2018-ի մայիսից այս կողմ իշխանությունը փոխվել է. այն գտնվում է դանիելանման (ավելի կամ պակաս) հեղափոխականնների ձեռքում: Ու անբնական է դիտվում թե՛ արևմտյան ֆինանսավորման հանգամանքը և թե՛ ընդհանրապես նախկինում ակտիվ դիտորդների առկայությունը քաղաքի ընտրատեղամասերում: Անբնական, որովհետև ինչպես կարող են դանիելանմանները կեղտեր փնտրել այն իշխանության վարքագծում, որին բերել են իրենք: Ու բերելուց բացի էլ անընդհատ սնում են այն թե՛ իրենց կադրերով և թե՛ գործունեությամբ: Իսկ գտնելուց հետո էլ քննադատել իրենց հոգեզավակին: Ու դրանից հետո էլ հույս ունենան, որ արևմտյան կառույցները կշարունակեն իրենց ֆինանսավորումը: Մոռանալով, որ հայաստանյան «ժողովրդավարության փարոսը» Արևմուտքի համար այն է, ինչ շուրջ 100 տարի առաջ ձևակերպվել էր ԱՄՆ-ում՝ «Նա, իհարկե, շան թուլա է, բայց մեր շան թուլան է»: Իսկ եթե իրենց «շան թուլան է», ապա պետք է չտեսնելու տալ բոլոր այն բացասական կողմերը, որ այլոց դեպքում կարող էին հասցվել տիեզերական մակարդակի:     
 Վերջաբանի փոխարեն. Հոդվածը՝ վերնագրով հանդերձ, նվիրված է Գյումրիում դիտորդություն անող «հեղափոխական» երիտասարդներին: Բայց կարծում եմ, որ դրանք առկա պետք է լինեն նաև Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում: Ու նրանց առումով ասվածն էլ, բնականաբար, պետք է որ վերաբերելի լինի Փարաքարի ավագանու ընտրություններին:
 ՀԳ. Տեղյակ եմ, իհարկե, որ, որպես դիտորդներ, առկա են նաև այսօրվա առումով իրական իրավապաշտպաններ, ովքեր փորձում են ոչ թե կեղտ գտնել, այլ արձանագրել բացթողումներն ու ստիպել իշխանությանը, որպեսզի դրանք վերացվեն: Ուրիշ հարց է, թե որքան է դա իրենց հաջողվում: Բայց որ իրենց նպատակը լրիվ այլ է, քան դա առկա էր նախկինում, դա կասկածից դուրս է: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image