Քաղաքականություն

Ի՞նչ եք կարծում՝ քանի՞ քայլ է մնացել, մինչեւ ՀՀ-ի վերջնական լուծարումը

Ի՞նչ եք կարծում՝ քանի՞ քայլ է մնացել, մինչեւ ՀՀ-ի վերջնական լուծարումը

Էն, որ ասում եք` անդունդի եզրին ենք, գնում ենք դեպի կործանում եւ այլն, կարո՞ղ եք ասել, թե մեզ քանի քայլ է մնացել, որ ոտքներիս տակի հողը վերջանա, ու ներքեւում բացվի անդունդը: Ասեք, խնդրում եմ, մեզ քանի՞ քայլ է բաժանում այն կետից, որից հետո սկսվում է ազատ անկումը: Եթե մտածում եք, որ մի հրաշքով փրկվելու ենք, ասեմ՝ չարաչար սխալվում եք: Անձամբ ես այդպիսի իլյուզիաներ չունեմ: Եթե ամեն ինչ թողնենք այսպես, մի քանի քայլից կախվելու ենք անդունդի վրա: Նիկոլ Փաշինյան կոչված թյուրիմացության արգելակները վաղուց «ատկազ են արել»: 

Հայաստանում չկա ո՛չ կառավարություն, ո՛չ իշխող ուժ, ո՛չ էլ որեւէ քաղաքական այլ կոմունիկացիա, որի վրա կարելի է հույս դնել: Մեր երկիրն այլեւս ապամոնտաժված է՝ դեկոմունիզացված: Մեր տարածքով (չեմ ասում՝ տարածքային ամբողջականությամբ) զբաղված են ուրիշները, ի մասնավորի՝ Թուրքիան, Ադրբեջանը, ԱՄՆ-ն, Անգլիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը… Գրեթե բոլորը՝ բացի մեզնից: Մեր հանքերը մերը չեն, մեր ջուրը մերը չէ, մեր բոլոր ճանապարհները միջանցքային տրամաբանության մեջ են, մենք ոչինչ չենք վերահսկում, անգամ ժողովրդի շատ արագ փոփոխվող դեմոգրաֆիական պատկերը: Ավտոքանդողների լեքսիկոնով ասած՝ Փաշինյանը մեր երկիրը «ռասկուլաչիտ» է արել, բաժանել մասերի, մաս-մաս խոստացել սրան-նրան․ մեկին՝ ճանապարհ, մեկին՝ հանք, մեկին՝ ջուր, մեկին՝ էներգահամակարգ, մեկին՝ բերրի հողեր, մեկին՝ ալպյան արոտներ, եւ այսպես շարունակ: Պտուտակ առ պտուտակ խնամքով քանդել է երկիրը, Պողոսին թողել մի ավերակ՝ անդունդի եզրին: Լավ քամի լինի՝ դա էլ չի մնա:

2018 թվականին հայ ժողովուրդը մի բարեկամ ուներ, անունը՝ Բոլթոն: Հենց այս Բոլթոնն այն ժամանակ փողոցից իշխանության եկած Նիկոլին խորհուրդ տվեց արագ ընտրություններ կազմակերպել, քանի դեռ թավշյա խեղկատակության էյֆորիան չի անցել, դեռ շատ գործ կա անելու: Բոլթոնը մի փորացավ ուներ, չէ՞, որ Նիկոլին այդպիսի խորհուրդ էր տալիս: Ավելին ասեմ՝ Բոլթոնը դեռ այն ժամանակ գիտեր, որ Արցախը տալու ենք, Գորիս-Կապան ճանապարհը տալու ենք, Կիրանցը տալու ենք, Սեւ լիճը տալու ենք, Ջերմուկի սարերը տալու ենք, «միջանցքը» տալու ենք: Բոլթոնը գիտեր այդ ամենը, բայց դեռ լռում էր: Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ որոշ բաներ գիտեր: Նրա իմացածը, սակայն, վերաբերում էր ազատագրված տարածքներին միայն: Տեր-Պետրոսյանը դեռ Բոլթոնից առաջ Նիկոլին հայոց լեզվով ասել էր՝ դե, Նիկոլ ջան, հողերը պիտի տաս: Այսօր թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Բոլթոնի եւ թե՛ մյուս «խորհրդատուների» ասածները կատարած Փաշինյանը հայտնվել է մի իրողության մեջ, ուր ինքը վարչապետ չէ այլեւս, կառավարություն չկա, ոչ մի համակարգ չի գործում: Ուժայինների մասով կարելի է թերեւս վերապահում անել, այն իմաստով, որ նրանք զբաղված են Նիկոլի վերջին օրերի կազմակերպմամբ, իսկ թե կոնկրետ երբ Նիկոլը կթռնի վարչապետի՝ այլեւս անիմաստ աթոռից, չգիտեն: Ամբողջ ՔՊ-ն Նիկոլի հետ վերջին կերուխումների մեջ է: Այստեղ, հավանաբար, դեռ հավատում են կումիրին, գալիս՝ Պողոսին հեքիաթներ են պատմում միջանցքների վերահսկողության, ինքնիշխանության, տնտեսական աննախադեպ հաջողությունների մասին… Բոլորը՝ սուտ: Փողոցի դատարկ խուժանից ուրիշ ի՞նչ էիք սպասում՝ պիտի երկի՞ր զարգացնեին: Առը հա ձեզ…

«Մարոդյոր» հասկացությունը, այլ խոսքով՝ թալանը, ծագում է ֆրանսերեն maraud («սրիկա»), marauder («կողոպտել») բառերից: Նախկինում այդպես են անվանել ռազմական հանցագործությունը, իսկ այժմ այն կիրառվում է ավելի նեղ իմաստով՝ մարտադաշտում կամ բնական աղետների հետեւանքով զոհվածների եւ վիրավորների թալան, ավելի լայն իմաստով՝ արտակարգ իրավիճակի ժամանակ լքված շենքերից կամ մեքենաներից գույքի գողություն։ Հենց այս պահին Նիկոլի թիմում «մարադյորություն» է տիրում՝ թալանել, տանել, կողոպտել՝ ինչ դեռ հնարավոր է: Ուրիշ էլ ե՞րբ են իշխանության լինելու, որ դա իրենց ներվի կամ թույլատրվի: Եվ հավելեմ, որ իրենց գործն անում են աննախադեպ լկտիությամբ: Անդունդը, հասկանում եք, շատ մոտ է, իսկ Նիկոլի ինքնաթիռում այդքան տեղ չկա բոլորի համար:
Եվ, ուրեմն, հարցը, թե քանի քայլ է մնացել մինչեւ ՀՀ-ի վերջնական լուծարումը, ավելի շուտ՝ Հայաստանի իսկական տերերին է ուղղված, որոնց մեզանում սխալմամբ ընդդիմություն են ասում: Ոչ, պարոնայք, դուք ընդդիմություն չեք, սա ձեր կառուցած երկիրն է, եւ դուք եք տերը: Պողոսը ձեզ է նայում, Պողոսը հարցնում է՝ էլի ի՞նչ պետք է անի Նիկոլը, էլի քանի՞ քայլ, որ բոլորով հայտնվենք ազատ անկման կետում: Գիտե՞ք այս հարցի պատասխանը, թե՞ դուք էլ եք հաշտվել Հայաստանի վերջնական դեկոմունիզացիայի եւ լուծարման հետ: Հակառակի պես էլ՝ ընդունված չէ, որ առաջնորդ ընտրենք Պողոսին, ու նա «մի ձեւ» փրկի ավերակված երկիրը: Կարելի է, չէ՞, օրհասի պահին վերջին քայլերը հաշվելու փոխարեն, մի կողմ դնել ամեն ինչ ու միավորվել ողջ ուժով, վերջապես հավաքել ու ի մի բերել Հայաստանի «ռասկուլաչիտ» արված մարմինը: Պողոսը դա է ուզում տեսնել եւ ոչ թե Նիկոլի ու նրա սբրոդի՝ սպառնալիքներից վախեցած ձեր դեմքերը: Նիկոլն այլեւս չի փոխվելու, նա անցել է բոլոր հնարավոր կարմիր գծերն ու ռուբիկոնները: Նա մի այնպիսի աշխարհաքաղաքական ք..-ի մեջ է քաշել երկիրն ու իրեն, որից դուրս գալ ուղղակի չի կարող: Հենց այդ զգացողությունն էլ նրան անկառավարելի է դարձնում, նա վախենում է ուրիշ դատարանից ու դատաստանից, որոնց համեմատությամբ ձեր այսօրվա դատերն ու դատավճիռները մանկական խաղ կարող են թվալ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image