«Հրապարակի» զրուցակիցը Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն է։
- Սրբազան հայր, Միքայել սրբազանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթից հետո կրկին թեժացան այն խոսակցությունները, որ եկեղեցին խառնվում է քաղաքականությանը, մինչդեռ պետությունն ու եկեղեցին անջատ են։ Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցում։
- Գիտեք՝ հոգնեցուցիչ է դա անընդհատ լսելը, նման կերպ պիտակավորելը, որովհետև մեր կյանքում քաղաքականություն, որպես այդպիսին, այսօր գոյություն չունի, մեր ամբողջցանկությունն այն է, որ մեր կյանքը վերականգնվի։Մշտապես շեշտել եմ՝ սա մեր կենսագրությունն է, մեր ինքնությունն ու մեր ապրելու իրավունքն է։ Կա՞ մի հայ, որ խոցված չէ, ազդված չէ այս ամբողջ իրադարձություններից ու իրականությունից։ Պետական գործը պետության ղեկին կանգնած մարդիկ պիտի անեն, բայց երբ հենց իրենք են մատնել այս իրավիճակին, և ստիպված յուրաքանչյուրն իր հերթին՝ լինի անձ, թե կազմակերպություն, փորձում են ինչ-որ ելքեր գտնել, սա բնավ կապ չունի քաղաքականության հետ, մանավանդ եկեղեցու պարագային, երբ այս ամբողջ արժեքային համակարգի և ստեղծողն ու տերն է, և ծառայության մեջ է գտնվել։ Հիմա մենք կորցնելու իրավիճակում ենք գտնվում, բա ի՞նչ պիտի անի եկեղեցին կամ եկեղեցականը, պիտի ձեռքերը ծալած նստի, սպասի հաջո՞րդ ողբին ու կոծին, որ այսօր 100 տարվա հեռավորությունից անում ենք մեր կորսված հայրենիքի մասին՝ Արևմտյան Հայաստանի, հետևաբար՝ այդ հարցը, կարծում եմ, ուղղակի շահարկում է՝ սնուցելու համար այն բոլոր պառակտիչ, քայքայիչ գաղափարները, որոնք միտված են հրապարակում որևէ առողջ խոսքի ու որևէ առաջնորդության թույլ չտալուն։
- Վերջերս Վահափառ Հայրապետը մեզ հետ զրույցում ասաց, որ գործող իշխանությունների ու եկեղեցու միջև տարակարծություններ կան, բայց ավելի շատ ագրեսիա է նկատվում եկեղեցականների ու եկեղեցու նկատմամաբ։ Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է դա պայմանավորված։
- Պայմանավորված է նրանով, ինչի մասին քիչ առաջ նշեցի․ ճշմարտության մասին լսելը շատ ծանր է, և ընդհանրապես՝ դա այսօրվա քաղաքականության տրամաբանության մեջ է․ հասարակությունը վերածել ատոմների, որքան հնարավոր է տարածել անվստահությունը բոլորի հանդեպ, որևէ հեղինակություն անձ կամ կառույց չմնա և որևէ առաջնորդություն չլինի, բանական խոսքին փոխարինի հայհոյախոսությունը, և այդպես ընդհանրական կյանքի քայքայման միջոցով ուղղակիորեն թույլ չտալ որևէ առողջ շարժում, որը կարող է բերել կյանքի վերականգմանը։
- Մյունխենում Ալիևը մի միտք հայտնեց, թե կապիտուլյացիայի հետ հայ ժողովուրդը համաձայն է եղել, քանի որ Նիկոլ Փաշինյանին կրկին ընտրել է։ Թվում էր, թե նման հայտարարությունները պետք է հուզումներ առաջացնեին, սակայն որևէ հանրային արձագանք չեղավ։
- Ես նույնիսկ չեմ կարծում, որ մարդիկ լսել են, ես անձնապես չէի էլ լսել, այնքան խոսակցություններից հետո վերջը ինձ ստիպեցի կարդալ կամ այդ տեսագրությունը դիտել։ Անկեղծ եմ ասում, չեմ հավատում նույնիսկ, որ մարդիկ լսել են, և չեմ հավատում, որ այդ չլսած լինելու հանգամանքով պայմանավորված մարդիկ վերաբերմունք ցույց տային։ Այսինքն՝ բնական է, որ այնպես պետք է լիներ, որ մեզ այդպիսի բնութագրում տված իրականության դիմաց ժողովուրդը դուրս գար փողոց, ուղղակիորեն իր վրդովմունքն ու ցասումը հայտնելու, մնացած գործողությունները կատարելու, բայց դրանից ավելի մեծ խնդիրը այդտեղ գտնված մարդու արձագանքն է, որովհետև այդ մարդը ուղղակի լուռ էր, և երբեք չփորձեց պաշտպանել իր իսկ ժողովրդին՝ նրան, ում կողմից ինքն ընտրվել էր, և սա ժողովրդից ավելին այնտեղ գտնվող անձի պատասխանատվությունն էր, բարոյական գիտակցությունն էր՝ ուղղակիորեն արձագանքելու կամ անդրադառնալու, որովհետև ի վերջո դու ես ներկայացնում այդ ժողովրդին, և քեզ ուղղակի երեսիդ են ասում։
- Սրբազան հայր, տպավորություն չունե՞ք, որ Հայաստանում հիմա քաղաքական իմաստով լռություն ու դադար է։ Ձեր կարծիքով՝ ընդդիմության գործողությունները կամ անգործությունը համահու՞նչ է ներկայիս իրավիճակին։
- Ես չեմ կարող գնահատական տալ՝ լռություն ու դադա՞ր է, թե՞ ներքին ինչ-որ պատրաստություններ են, անկեղծորեն ասած՝ տեղեկություններ չունեմ, այդ պատճառով չեմ կարող գնահատականներ տալ, բայց վստահաբար որոշակի շարժումներ են տեղի ունենում, որոնք նաև միտված են լինելու մտքերի պատրաստությանը, վերարթնացնելու այն գաղափարներն ու ուղղությունները, հնարավորությունները, որոնք գուցե կարող են պատճառ լինել մեր կյանքի վերականգնմանը։
- Ձեր կարծիքով՝ ինչ հետևանքներ կունենա մեր պետության համար «խաղաղության պայմանագրի» ստորագրումը։
- Ողբերգության։ Ուղղակի այս աղետի վերջին արարը կլինի, և մենք որպես պետություն, ընդհանրապես գոյություն ․․․, ուղղակի կապրենք որպես մեր թշնամիների ծառաներ։ Մղձավանջ, ուղղակի բառ չեմ գտնում նկարագրելու, և այդ ճանապարհով Հայաստանը որպես հայության հայրենիք կվերանա։ Մեր սիրելի Միքայել սրբազանը շատ է նշել այս մասին․ գուցե Հայստանը մնա որպես ֆորմալ գաղափար, բայց Հայաստանում իրականությունը բոլորովին այլ կլինի, այն այլևս չի լինի հայերինը կամ բոլոր նրացը, ովքեր պատկանելիություն ունեն այս հայրենիքի և պետության մեջ և հանդեպ, և հետևաբար՝ այնպիսի փաստաթուղթ, որը կարող է բերել այդ աղետին, միանշանակորեն պետք է մերժվի բոլոր հնարավոր տարբերակներով։ Թեպետև մենք բովանդակությանը որպես այդպիսին ծանոթ էլ չենք և ենթադրում ենք, թե ինչ կարող է լինել, բայց բուն բովանդակային առումով ծանոթ չենք։ Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ նման փաստաթուղթը կյանքի իրավունք չունի։