Այլ

Ինչպիսին կլինի բարձրագույն կրթությունը 10 տարի անց

Ինչպիսին կլինի բարձրագույն կրթությունը 10 տարի անց

New Yorker պարբերականը ներկայացրել է հոդված այն մասին, թե 10 տարի անց ինչպիսին կարող է լինել բարձրագույն կրթությունը։ Առաջին հերթին, ըստ հոդվածի, կնվազի ուսանողների թիվը։ Դա պայմանավորված կլինի ծնելիության նվազմամբ։ Արդյունքում՝ բավականին շատ ոչ մեծ մասնավոր քոլեջներ եւ ռեգիոնալ համալսարաններ կկանգնեն ֆինանսական խնդիրների առաջ եւ հնարավոր է՝ փակվեն։ Հնարավոր է նաեւ, որ պահպանեն իրենց գոյությունը՝ միավորվելով ավելի մեծերի հետ եւ շարունակելով գործել որպես ավելի մեծ համալսարանների մասնաճյուղ կամ ստորաբաժանում։ Բուհական համակարգերի միջեւ մեծ մրցակցություն կլինի, եւ կգործի «հաղթողը ստանում է ամեն բան» սկզբունքը: Խոշոր եւ ուժեղ համալսարանները կկարողանան իրենց ձեռքում կենտրոնացնել ռեսուրսներ եւ ուսանողներ։ Ժամանակակից տեխնոլոգիական առաջընթացը, որքան էլ փորձենք նայել դրական լույսի ներքո, բերելու է նրան, որ հատկապես համալսարանների եւ արհեստական բանականության տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունների միջեւ հակասությունները կշարունակվեն ու կխորանան։

Կլինեն նաեւ դեպքեր, երբ ԱԲ ոլորտի խոշոր ընկերությունները գործընկերային հարաբերություններ կհաստատեն համալսարանների հետ, որի արդյունքում՝ բարձրագույն կրթական պրոցեսում կներդրվեն համապատասխան ԱԲ լուծումներ։ Ինչքան էլ կարող է ծիծաղելի հնչել, սակայն ընդամենը տասը տարի անց՝ առաջին կուրսեցիների մոտ խնդրահարույց կարող են լինել ընթերցանության, առանց տառասխալի գրելու եւ մաթեմատիկական բազային գիտելիքների տիրապետելու հարցերը։ Եվ ստիպված՝ համալսարանները, այս բացը լրացնելու համար, կներդնեն դասընթացներ, որոնք ավելի շատ հարիր են այսօրվա ավագ դպրոցականներին։ Տասը տարի անց աշխարհում կարող է հայտնվել առաջին պետական համալսարանը, որը գործելու է ԱԲ տեխնոլոգիայի բազային հիմքի վրա։

Մյուս կողմից, թանկարժեք կամ բարձրակարգ՝ էլիտաների համար նախատեսված համալսարաններն ու քոլեջները կշարունակեն պահպանել իրենց ազդեցությունն ու դիրքերը։ Դրական կհամարվի այն, որ բուհական համակարգում էականորեն կկրճատվի վարչաբյուրոկրատական ապարատը, լինեն դրանք կոորդինատորներ, մենեջերներ, խորհրդատուներ թե վարչական աշխատողներ։ Ընդհանուր առմամբ, ըստ հոդվածի, առաջիկա տասը տարին կարող է բարձրագույն ուսումնական համակարգի համար դառնալ շրջադարձային փոփոխությունների ժամանակաշրջան։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image