Կառավարության 2025 թվականի ապրիլի 3-ի N363-Ն որոշմամբ հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների ընտրության գործընթացին ներկայացվող պահանջների փոփոխությունը: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված՝ իրավական ակտերի ուժի մեջ մտնելու մասին կարգավորումները, որոշումն ուժի մեջ է մտել հենց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ ապրիլի 4-ից:
Որոշմամբ սահմանվել են տնօրենի պաշտոնում նշանակման ընթացակարգի նոր կարգավորումներ․ մասնավորապես որոշման 37.1 կետով հավակնորդին տնօրենի պաշտոնում նշանակվելու նոր հնարավորություն է ընձեռվել հետեւյալ պայմանով.
«Հանձնաժողովի անդամների 4 դրական եզրակացության դեպքում հավակնորդը լիազոր մարմնի կողմից տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել 5 տարի ժամկետով՝ 1 տարի փորձաշրջանով (հաշվի առնելով նաեւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 92-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը)»: Կարգավորումն ուժի մեջ է մտել ապրիլի 4-ին եւ տարածվում է այդ օրը տեղի ունեցած հարցազրույցի եւ դրանից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
Մյուս՝ որոշման 38.1 ենթակետով սահմանված է․ «Զարգացման ծրագրի դրական եզրակացություն ունեցող, բայց հարցազրույցի փուլը 2 անգամ չհաղթահարած անձը պետք է նորից զարգացման ծրագիր ներկայացնի, եթե մասնագիտական հանձնաժողովը բացասական է գնահատել զարգացման ծրագրի բաղադրիչը»: Այս կետը տարածվում է ապրիլի 4-ին եւ դրանից հետո հայտարարված մրցույթների վրա, ինչը նշանակում է, որ տնօրենի այն հավակնորդները, որոնք սահմանված ընթացակարգով նախորդ երկու եւ ավելի անգամ մասնակցել են հարցազրույցների, սակայն բացասական եզրակացություն են ստացել, հայտարարվող նոր մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնեն դպրոցի զարգացման նոր ծրագիր: