Իջեւան քաղաքին հարակից Գետահովիտ գյուղի բնակիչ, 1975թ․ ծնված Մուկուչ Ենգիբարյանը 2026թ․ ապրիլի 10-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության՝ գույքն արգելանքից հանելու պահանջով։ Ապրիլի 18-ին դատարանի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է դատարանի վարույթ։ ՀՀ գլխավոր դատախազությունն օրենքով սահմանված ժամկետում հայցադիմումի պատասխան գրավոր դիրքորոշում կամ առարկություն չի ներկայացրել։
Հունիսի 10-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրում կայացած նախնական դատական նիստում դատավոր Վարդուհի Պապիկյանը որոշել է այդ քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու որոշում՝ գործի համար նշանակություն ունեցող փաստեր սահմանելով «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան եւ մի քանի այլ անշարժ գույք Մուկուչ Ենգիբարյանին պատկանելու փաստը, քրեական գործի շրջանակներում քաղաքացիական հայցի եւ գույքի հնարավոր բռնագանձումն ապահովելու համար Մուկուչ Ենգիբարյանին պատկանող այդ անշարժ գույքերի վրա արգելանք/կալանք կիրառված լինելու փաստը, քրեական գործով կիրառված արգելանքը/կալանքը վերացնելու փաստական եւ իրավական հիմքերի առկայության փաստը եւ այլն։ Սույն գործով նախնական դատական հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 8-ին։