Հասարակություն

Առաջարկ ունեմ` սահմանել «ֆեյսկոնտրոլ»

Առաջարկ ունեմ` սահմանել «ֆեյսկոնտրոլ»

Սուրբ Էջմիածնի վրա ՀՀ բերետադիմակավորների գրոհից հետո ես հանդես եկա մի առաջարկությամբ, որը ոչ ոք չընդունեց: Հասկանալի է, տեղի էր ունեցել մի աննախադեպ բան, որի մասին ո՛չ հոգեւոր դասը, ո՛չ էլ մեր հավատացյալ ժողովուրդն իրենց ամենավատ երազում էլ չէին տեսել: Եվ, ուրեմն, ինչպե՞ս պետք է ընդունեին իմ առաջարկը, որն իր բովանդակությամբ ավելի աննախադեպ էր: Բայց ոչինչ, ես շուտ հանձնվողներից չեմ եւ պետք է այդ առաջարկն այնքան կրկնեմ, որ տեղ հասնի թե՛ Սուրբ Էջմիածնին եւ թե՛ եկեղեցի այցելող ժողովրդին: 

Ուշքի եկեք, վերջապես, մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ աննախադեպ բաներից զարմանալ այլեւս պետք չէ, եւ ոչ էլ պետք է ինքներս մեզ հանգստացնենք, թե բան էր՝ պատահեց, այլեւս չի կրկնվի: Իսկ այն, ինչ ես առաջարկել էի, մի մեծ բան էլ չէ: Ստեղծել տվյալների բազա եւ եկեղեցիների ու մատուռների մուտքերին սահմանել «ֆեյսկոնտրոլ»: Վերջ: Դուք որ գնում եք օդանավ նստելու, գիտե՞ք, թե քանի անգամ են ձեզ ֆեյսկոնտրոլ անում… Է՛լ մատնահետք վերցնել, է՛լ ռենտգեն անել, է՛լ եսիմինչ ֆինտուֆլյուշկաներ: Այս դեպքում, այսինքն, եկեղեցու մուտքի ֆեյսկոնտրոլի ծրագրում բավական է բեռնել Նիկոլի ու նրա խմբակի տվյալները, ինչպես նաեւ՝ այն համազգեստի լուսանկարները, որ կրել են այդ օրը Սուրբ Էջմիածին ներխուժած (կամ չներխուժած) իրավապահները: Այսինքն՝ զուտ պաշտպանական բնույթի ֆեյսկոնտրոլի մասին է խոսքը: Չէր խանգարի նաեւ՝ մի տախտակ փակցնել տեսանելի վայրում, «շների եւ խոզերի մուտքն արգելվում է» նշանի կողքին, եւ գրել՝ «Նիկոլի, ՔՊ-ի եւ զինյալ համազգեստավորների մուտքն արգելվում է»: Սա՝ որպես նախազգուշացում հանդուգն ՔՊ-շնիկների, որոնք, այդուհանդերձ, կփորձեն հաղթահարել ֆեյսկոնտրոլը: Նրանք պետք է իմանան, որ հենց փորձեն անցնել գիծը, այդ սարքի ձախ կողմից բռնցքամարտի ձեռնոցով մի «ձեռք» է դուրս գալու եւ… Դուզ աչքին: Նիկոլը մի հատ Գնել ուներ, հարցրեք իրեն, ու նա կպատմի, թե ինչպես հենց իր տան շքամուտքում մի հավատացյալի բռունցք հասավ քիթմռթին: Ըստ էության, ես նույն բանն եմ առաջարկում, բայց ֆեյսկոնտրոլի կատարմամբ, որպեսզի հետո դատարանները չընկնենք:

Ի դեպ, «Հրապարակը» գրել էր, որ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմում նման մի բան կիրառվել է արդեն: Բանը, իհարկե, չի հասել ՔՊ-ականի «աչքը հանելուն», բայց այն, ինչ կատարվել է, խայտառակություն է՝ խայտառակությունից ավելի: Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգեւոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանը շատ հանգիստ ոտքը դեմ է տվել եւ թույլ չի տվել, որ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը մկրտության քավոր կանգնի: Առաջարկել է փոխել քավորին։ Մկրտությունը չի իրականացրել։ Նա նշել է, որ Եկեղեցու եւ Վեհափառի դեմ գրոհի մասնակիցն իրավունք չունի քավոր կանգնելու։ Ուշադրություն դարձրեք, խնդրեմ, քահանայի խոսքի մեջ առկա տվյալների բազային. «Եկեղեցու եւ Վեհափառի դեմ գրոհի մասնակից»: Վերջ: Եվ ոչ մի բողոք, եւ ոչ մի «հայկական մտնել», թե հեռու տեղից հասել ենք, որ քավոր կանգնենք, չե՞ք թողնում: Նիժնի Նովգորոդ տեղ… Դա էլ հո Իջեւանը չէ, որ Նիկոլին ու ԱԱԾ-ին օգնության կանչեին: Ինքը՝ քահանան, պատմել է. «Պատահաբար ես ճանաչեցի՝ տպավորվել էր իմ մեջ այդ ՔՊ պատգամավորի դեմքը, իր արտահայտությունները` ուղղված Ամենայն հայոց հայրապետիս, հայ եկեղեցականներին, եւ հանկարծ տեսնում եմ, որ այդ անձնավորությունը, որն իմ Վեհափառին անվանում է ավազանի անունով, որն ասում է, որ նրան պետք է Վեհարանից դուրս շպրտեն, եկել էր եւ ուզում էր կնքահայրության պատվին արժանանալ։ Համառոտ ասելու համար նշեմ, որ ես արգելեցի իրեն դառնալու կնքահայր։ Ես սիրով առաջարկեցի կնքել այդ բալիկին, արժանացնել սուրբ մյուռոնով օծման, կատարել քառասունքի կարգը, բայց մեկ պայմանով, եթե կնքահայրը լինի գոնե հարգալից պատկառանքով լցված մի անձնավորություն, որն ընդունում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական կարգը, որն ընդունում է, որ ես, իմ մեղքերով հանդերձ, ունեմ առաքյալներից մինչ ինձ հասած այդ իշխանությունը՝ մկրտելու, կնքելու, հաղորդություն տալու, օրհնելու, եւ այսպես շարունակ»:

Չգիտեմ, սա դաս կլինի՞, արդյոք, ՔՊ-ականներին, կհասկանա՞ն, արդյոք, նրանք, թե ՀԱԵ-ի դեմ պայքարում ուր են հասել իրենց «հոգեւոր հովիվ» Նիկոլ վարչապետ Փաշինյանի առաջնորդությամբ, եւ էլի ինչեր կարող են պատահել, եթե չկանգնեն ու դուրս չգան այդ խոտոր ճանապարհից: Կարող եմ մանրամասնել, եթե ցանկություն ունեք լսելու: Եթե ձեզ այսօր արգելում են քավոր կանգնել, վաղը կարող են ձեզ չպսակադրել, ձեզ աղջիկ չտալ ու ձեզնից աղջիկ չուզել, մերժել ձեր պատվին հոգեհանգստյան ծես կատարել, թաղում կազմակերպել, անգամ հորիզոնական դիրքով թաղել: Գնացեք՝ Ադրբեջանից մոլլաներ բերեք, թող ձեր մարմինը սպիտակ սավանի մեջ փաթաթեն, վազելով տանեն գերեզմանոց ու թաղեն հատուկ հարմարեցված փոսում՝ նստած վիճակում: Որ շատ չվախենաք, պատկերացրեք, որ այս ամենը կատարվում է Նիկոլի հետ՝ ձեր աչքի առաջ ու ձեր մասնակցությամբ: Չմոռանաք հետը ուտելիք դնել, ինչպես նաեւ՝ մեկական դատախազ, ԱԱԾ տնօրեն, ՔԿ նախագահ, ոստիկանական վաշտ, դեսանտա-գրոհային մեկ բրիգադ եւ մանր-մունր մի քանի պաշտոնյաներ՝ խոսնակ, սուրճ դնող, վարսահարդար, սափրիչ (ըստ անհրաժեշտության): Բան չմոռացա՞նք… Հա, էն սորոսական սբրոդից էլ մի քանի հոգու՝ Արման Բաբաջանյանի գլխավորությամբ: Թե բա՝ ես ճեմարանական եմ եղել… Դե ձայնդ կտրիր, ապուշ, կգնաս քո նմաններին կպատմես, թե քեզ ինչպես են վռնդել հոգեւոր դպրանոցից:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image