Քաղաքականություն

«Չեմ տեսել, չեմ լսել, չեմ խոսում»

«Չեմ տեսել, չեմ լսել, չեմ խոսում»

Կարծում եմ, որ այս օրերին Գյումրիում փորձարկվում է այն մեխանիզմը, որ պետք է գործարկվի մեկ տարի անց Ազգային ժողովի ընտրություններում: Կրկին կօգտագործվի ԱԲ (արհեստական բանականությունը), որի շնորհիվ հեռախոսային խոսակցության ինչ-որ պատառիկ կստեղծվի ու կհրապարակվի, ինչպես, ենթադրաբար, դա տեղի ունեցավ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առումով: Եթե որևէ մեկը տեղյակ չէ, ասեմ, որ ԱԲ-ի միջոցով այսօր հնարավոր է ստանալ ցանկացած մեկի պատկերն ու նրա ձայնով արտաբերված ցանկացած տեքստ: Ու, բնականաբար, «կպարզվի», որ քարոզարշավի ժամանակ ընդդիմության այս կամ այն ներկայացուցիչը հակաօրինական քայլեր է ձեռնարկել: Ասենք, քարոզարշավի ընթացքում պասիվ ունկնդիրներ հավաքագրելը կատարել է երիտասարդներին շահագրգռելու եղանակով: Կամ հակառակը, սպառնացել է, որ ովքեր չեն ցանկանա ներկա գտնվել իր նախընտրական ելույթին, խնդիրներ կունենան: Կամ  միամտաբար մեկ բեռնատար ասֆալտ է ուղարկել ինչ-որ փողոցային փոսերը լցնելու նպատակով՝ հաշվի առնելով, որ նույնն անում է, օրինակ, իշխող ուժի շտաբը կամ դրա ներկայացուցիչը: Առանց գիտակցելու, որ այն, ինչ թույլատրված է Զևսին, չի թույլատրվում եզին: Այդ գաղափարը դեռևս հին հույներն են ձևակերպել: 

Հիշեցնեմ, որ կարող է օգտագործվել նաև մեկ այլ տարբերակը, որն օրենքի ուժ, որքան գիտեմ, դեռևս չի ստացել: Սակայն մեր տարածաշրջանում «ժողովրդավարության փարոսի» (եթե առկա է բաստիոնը, ապա ինչու չի կարող լինել փարոսը) իշխանությունն արդեն այն հղացել է: Դա ընտրություններում պարտվելու դեպքում արտակարգ դրություն հայտարարելն է ու արդեն կայացած քվեարկության արդյունքները չեղարկելը և անորոշ ժամանակ անց նոր քվեարկություն կազմակերպելը: Ինչը պատճառաբանվելու է սահմանային բախման առկայությամբ: Իսկ որպեսզի դա էլ տեղի ունենա՝ պետք է ընդամենը խնդրել երբեմնի «կիրթ ու կառուցողական գործընկերոջը»: Ով, բնականաբար, մեծ հաճույքով կաջակցի ու մի քանի կիլոմետր առաջ կգա ՀՀ տարածքում: Քանի որ որպես Հայաստանի ղեկավար Նիկոլից ավելի լավ գործընկեր նա դժվար թե գտնի, ուրեմն պետք է աջակցի նրան իշխանությունը պահելու հարցում: Եվ, բացի դրանից, կունենա հերթական տարածքային ընդլայնումը: Հաշվի առնելով, որ մեր երկրի տարածքային կորուստները Նիկոլի վարչապետության պարագայում պատերազմով չեն վերադարձվելու, ապա դրանք կմնան որպես Նիկոլից Իլհամին պարգևատրում: 

Վերադառնալով առաջին տարբերակին՝ ասենք, որ արհեստականորեն սարքված այդ դեպքերը բավարար կլինեն, որպեսզի անմիջապես ելույթ ունենա վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ու հայտարարի, որ «եթե որևէ դուրսպրծուկ փորձի ՀՀ քաղաքացու ընտրության կամքին բռնանալ, շատ արագ կհայտնվի ասֆալտին»: Կամ կծեփվի պատին, կամ կհայտնվի այն վայրում, ուր իրենց կամքով մարդիկ սովորաբար չեն գնում: Ինչը կլինի ազդանշան, որպեսզի իրավապահ ողջ համակարգը (դատախազություն, ոստիկանություն, ԱԱԾ, քննչական կառույցներ և այլն) լծվի վերը նշված անձի հիշատակած «դուրսպրծուկներին» որսալու ռազմական գործողությանը:

Այսինքն, բերման ենթարկի ընդդիմադիր թեկնածուներին, նրանց համակիրներին և հարազատներին՝ հատկապես ծեր ծնողներին՝ եթե դրանք կենդանի են, կամ կանանց ու երեխաներին՝ եթե դրանք առկա են (հիշենք ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի և վերջինիս հոր ու անչափահաս աղջիկների հետ կատարվածը): Կկատարվեն խուզարկություններ ընդդմադիրների բնակարաններում և նրանց կուսակցական շտաբներում: Եվ, վերջապես, մեկ-երկու տարի առաջ տեղի ունեցած ինչ-որ խնդրի առումով քարոզարշավից կկտրեն (ինչպես դա տեղի ունեցավ Ռուբեն Մխիթարյանի և այլոց դեպքում) հենց ընդդիմադիր թեկնածուներին: Կամ նույնիսկ կձերբակալեն՝ ինչպես դա մի քանի տարի առաջ պատահեց Վանաձորի քաղաքապետ ընտրված Մամիկոն Ասլանյանի հետ:
Ինչը նշանակում է, որ քաղաքացիների ազատ արտահայտվելու կամ տվյալ դեպքում՝ ազատ իրենց ընտրությունը կատարելու իրավունքը չի տարածվում այն անձանց վրա, ովքեր Նիկոլի հավանությամբ չեն դրել իրենց թեկնածությունը այս կամ այն համայնքում: Հատկապես որ առաջինների ազատության ջատագով ու նախանձախնդիր վարչապետը բացարձակ ոչինչ չի անում, որպեսզի նույնպիսի ազատություն ունենան նաև ոչ նիկոլական թեկնածուները: Ինչը հասկանալի է, քանի որ դա կնպաստի ընդդիմադիր ուժերի  հաղթանակին, և  արդյունքում կրկին Գյումրիի նկատմամբ վերահսկողությունը կորցնելուն: Իսկ վարչապետի աթոռից կառչած անձի համար դա կնշանակեր լուրջ պարտություն արտահերթ կամ մեկ տարի անց անցկացվելիք հերթական խորհրդարանական ընտրություննների նախաշեմին: Ինչը ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ:

Բնականաբար, այդ ամենը չեն նկատի արևմտյան երկրների դեսպանները և նախկինում ակտիվ գործող տեղական իրավապաշտպան կառույցները: Ճիշտ այնպես, ինչպես այս օրերին չի լսվում նրանց բողոքի ձայնը նախընտրական Գումրիում կատարվողի առումով: Կամ ինչ կատարվել էր, օրինակ, երկու-երեք տարի առաջ հանրապետության երրորդ խոշոր քաղաք Վանաձորում: Չէ՞ որ դրա բարձրաձայնումը խայտառակում է «մեծարգո ժողվարչապետի» անունը՝ բացահայտելով վերջինիս ձևավորած «ժողովրդավարության փարոսի» իրական էությունը: Ու նման դեպքերում ճիշտը կապիկների տեսքով արևելյան «չեմ տեսել, չեմ լսել, չեմ խոսում» կեցվածք ընդունելն է:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image