Վերջին տարիներին Դիլիջանում զբոսաշրջությունը բավականին զարգացել է, տուրիստներին գրավում են Դիլիջանի մաքուր օդը, անաղարտ բնությունը։ Սակայն անաղարտ բնությունը տեղացիների կողմից երբեմն խաթարվում, ավերվում է։ Գլխավոր դատախազության հայցերով, դատարանի վճիռներով՝ Հայաստանի Հանրապետությանը, Դիլիջան համայնքին են վերադարձվում ապօրինի օտարված հողատարածքներ։
Ահա վերադարձված հողամասերից մեկը․ Գլխավոր դատախազությունը 2025 թ․ դեկտեմբերի 26-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Հիմնադրամի, երրորդ անձ՝ ՓԲ ընկերության՝ հողամասի կառուցապատման իրավունքը հարկադիր դադարեցնելու պահանջով: Հակակոռուպցիոն դատարանի 2026 թ․ հունիսի 15-ի վճռով հաստատվել է Գլխավոր դատախազության եւ Հիմնադրամի միջեւ կնքված հաշտության համաձայնությունը, որով Հիմնադրամը ՀՀ տիրապետությանն է վերադարձրել Տավուշի մարզի Դիլիջան համայնքում գտնվող՝ 67 հա մակերեսով «հատուկ պահպանվող տարածքներ» նպատակային եւ «բնապահպանական» գործառնական նշանակությամբ հողամասը: Հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 4 միլիարդ 578 միլիոն 981 հազար դրամ է (12 միլիոն 436 հազար ԱՄՆ դոլար):
Սակայն Դիլիջանում վերադարձված հողամասերը որքանո՞վ են պահպանվում պետության իրավասու կառույցների, Դիլիջան համայնքի, համայնքապետարանի կողմից։ Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասի վերին մասում, «Ճագարներ» տեղանքից դեպի աջ տանող հատվածում, հենց ճանապարհի եզրին բլուրներ են քանդել, հողի միջից տոննաներով քարեր հանել, տեղափոխել։ Ըստ Դիլիջանից ստացված տեղեկությունների, բլուրներից հանված քարերը տեղացիներն օգտագործել են շինարարությունների մեջ։ Բլուրները քանդելը, բնական լանդշաֆտներն ավերելը, հանված քարերը բեռնատարներով տեղափոխելը երկար ժամանակ կատարվել են։ Ինչո՞ւ այդ ապօրինությունը չեն տեսել, կանխել էկոպարեկային ծառայության, բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի, Դիլիջանի համայնքապետարանի աշխատակիցները։ Սա առաջին դեպքը չէ, որ Դիլիջանում բնությունն ավերում են, նախկինում եւս նման դեպքեր են տեղի ունեցել։
Դիլիջան քաղաքի բնակիչ Վարդան Մեջլումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խախտելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 206-րդ հոդվածի 1-ի կետի, ՀՀ Հողային օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաեւ 2011 թ․ սեպտեմբերի 8-ին «Հողի բերրի շերտի օգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության թիվ 1396-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները, 2021 թ․ հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում Դիլիջան համայնքի Կալինինի փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 22 տանը հարակից՝ Դիլիջան համայնքի սեփականություն հանդիսացող 092-0001 ծածկագրով 442,0 քմ մակերեսով տեղամասում, այնտեղ գտնվող հողը հանելու-տեղափոխելու, պահպանելու եւ օգտագործելու կանոնները խախտելով, այլ կերպ փչացրել է այն, առաջացրել է հողի դեգրադացիա՝ հողի բերրի շերտի ոչնչացում, որի հետեւանքով Դիլիջան համայնքի շրջակա միջավայրին անզգուշությամբ պատճառվել է էական՝ 4 միլիոն 737 հազար 532 ՀՀ դրամի վնաս: 2023 թ․ ապրիլի 26-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Արամ Մարտիրոսյանը վճռել է ճանաչել եւ հռչակել Վարդան Մեջլումյանի անմեղությունը 2003 թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ եւ նրան արդարացնել՝ արարքի մեջ հանցակազմ չլինելու հիմքով: Դատախազությունն այդ վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, սակայն վերաքննիչ դատարանն այն մերժել է։