Մշակույթ

Եկեք 3-4 օր ժամանակ տանք վարչապետին, եթե մեզ չընդունի, կտրուկ գործողությունների կգնանք

Եկեք 3-4 օր ժամանակ տանք վարչապետին, եթե մեզ չընդունի, կտրուկ գործողությունների կգնանք

Ամիսներ առաջ իշխանությունը, ի դեմս Գլխավոր դատախազության, որոշեց պետականացնել գրողների եւ նկարիչների միությունների շենքերը, որպես հիմնավորում՝ հղում անելով «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990-ի սեպտեմբերի 10-ի օրենքի առաջին կետին, որը սահմանել է, որ ՀՀ տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների եւ կազմակերպությունների ունեցվածքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Մինչդեռ երկու միությունն էլ ստեղծման օրվանից չեն եղել պետական կառույցներ, այլ հասարակական կազմակերպություններ են։ 

Չնայած դիմադրության ալիքին, իշխանությունն այս ընթացքում հասցրել է համապատասխան օրենսդրական կարգավորումներ մշակել՝ հասարակական կառույցներ հանդիսացող բոլոր կազմակերպությունների, միավորումների գույքը պետականացնելու եւ սեփականության իրավունքն անվավեր ճանաչելու համար: Իսկ սա արդեն վերաբերում է ոչ միայն գրողներին ու նկարիչներին, այլեւ բոլոր միություններին ու ՀԿ-ներին, ինչի առիթով Նկարիչների միությունում հանդիպում-քննարկում էր նախաձեռնվել: 

Չէր կարող կադաստրն անընդհատ սխալվել

Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն իր խոսքում նկատեց, որ օրեր առաջ ԱԺ-ում պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստ է եղել, որտեղ ասվել է, որ օրինագիծը պետք է ընդունվի, որի մի շարք կետեր փոփոխված են: Ավելին` այդ փոփոխված կետերն իրենց հետ չեն համաձայնեցվել։ «Անընդհատ խոսվում է գույքի մասին, բայց մենք մոռանում ենք, որ այս ամենը միայն գույք չէ, այլ` պատմություն, արժեք, որը մեր ժողովրդինն է: Նաեւ անընդհատ ասվում է, որ կադաստրի այս կամ այն աշխատողն իրավունք չուներ տալ սեփականության վկայական, խախտում է արել... այդ նիստի ժամանակ խոսվել է 27 հազար միավոր գույքի մասին, որի մեջ մտնում ենք նաեւ մենք: Դրանք մանկապարտեզներ են, ֆուտբոլի դաշտեր, տարբեր ՀԿ-ներ, շենքեր: Հիմա՝ այդ 27 հազար միավոր գույքից միայն մեկի դեպքո՞ւմ է Կադաստրի կոմիտեն իրավավախտում արել, թե՞ բոլորն էլ ինչ-որ իրավախախտումներով իրականացրել է այս ամենը.... ես կարծում եմ` ոչ: Սա եղել է պետության դիրքորոշումը, եւ այս գույքերը համարվել են մեր սեփականությունը: Համագումարին մենք հնչեցրինք այն փաստը, որ սովետական շրջանում եւս այս ամենը եղել է մերը, նկարիչների ջանքերով է ստեղծվել: Եթե եղել է պետական ինչ-որ մի շենք, որը չգիտես ինչ ճանապարհով սեփականաշնորհման վկայական է ստացել, դա չի կարելի համեմատել Հայաստանի նկարիչների միության եւ մյուս միությունների շենքի հետ»,- նշեց նա ու հավելեց, որ շատ վրդովված են, որովհետեւ ամիսներ շարունակ ինչ-որ պրոցեսներ են գնում, նիստեր են արվում, այս հարցում շահագրգիռ կողմեր օրենքի վրա են աշխատում, բացի իրենցից.
«Ինչ է՝ մենք շահագրգիռ կողմ չե՞նք, մենք չե՞նք կարող օգտակար լինել այդ օրենքը մշակելու համար: Եվ ինչն է հետաքրքիրը՝ որ անընդհատ խոսվում է միայն այս` Աբովյան 16 հասցեում գտնվող շենքի մասին, այնինչ մեր մյուս գույքերի մասով եւս կան դատական գործեր... եւ հետո՝ բազմիցս նշել ենք, որ կադաստրը որոշող մարմին չէ, նրան տրվում են փաստաթղթեր, եթե պակաս փաստաթղթեր կան, կադաստրն ասում է` լրացրեք այս փաստաթղթերը, եւ եթե ամեն ինչ օրենքով համապատասխանում է, գրանցում է սեփականաշնորհման իրավունքը, չէին կարող տարբեր տարիներին կադաստրը, պետությունն անընդհատ սխալվել»:

Սաֆարյանը նշեց, որ բոլոր միությունների, այդ թվում՝ մի շարք ՀԿ-ների, միավորումների անունից վարչապետին դիմում-նամակ են ուղարկել` հանդիպման ակնկալիքով: Հույս ունեն առաջիկայում հանդիպել նաեւ ԱԺ ներկայացուցիչների հետ` հարցը բազմակողմանի քննարկելու համար: Միեւնույն ժամանակ ցավով նկատեց, որ ժամանակը շատ քիչ է, քանի որ արդեն հոկտեմբերի 30-ին դատարանն Աբովյան 16 հասցեում գտնվող Նկարիչների միության շենքի մասով պետք է վճիռ կայացնի. «Իսկ եթե վճիռը կայացվի, մենք էլ ի՞նչ օրենք ենք քննարկելու, եթե, Աստված մի արասցե, վճիռը կայացվի շենքը պետականացնելու օգտին...»: 

Ակնհայտ է` դատարանն անկախ չի գործելու, պետական ճնշումը մեծ է

Նկարիչների միության փաստաբան Կարեն Մեջլումյանը ներկաներին կարճ բացատրեց հարցի էությունը, այն է` պետությունը ցանկանում է սեփականազրկել Նկարիչների միությանը, ինչպես նաեւ՝ մյուս ստեղծագործական միություններին, նաեւ՝ հաշմանդամների իրավունքներով զբաղվող կազմակերպություններին: 

Անդրադառնալով 90թ․ ընդունված օրենքին, որին էլ հղում է անում պետությունը, նա դիմեց դատախազությանը, ԱԺ պատգամավորներին, Սիսակ Գաբրիելյանին, որոնք միաբերան հայտարարում են, որ այդ շենքերը պետական են. «Որեւէ ապացույց ունե՞ք, որը կարող եք ներկայացնել, որ դրանք եղել են պետական եւ 90թ․ օրենքով դարձել են ՀՀ սեփականությունը: Այս գույքերը դեռ խորհրդային տարիներին պատկանել են հենց այդ միություններին: 98թ․ կառավարությունը որոշում է ընդունում՝ պետական բոլոր կազմակերպությունների, մարմինների գույքերը կադաստրում գրանցել եւ ներկայացնել սեփականաշնորհման նախարարություն, բայց ստեղծագործական միությունների, հաշմանդամների իրավունքների պաշտպանության կազմակերպությունների գույքերի նկատմամբ պետության սեփականության իրավունք չի գրանցվում։ Այսինքն՝ այստեղ էլ պետությունը համարել է, որ այս գույքերն իրենը չեն: Եվս մի կարեւորագույն ապացույց` կառավարության, պետության դիրքորոշումը բնութագրող: Հակոբ Ղազանչյանը մեզ ասաց դրա մասին, ու մենք դրա ապացույցը գտանք. խորհրդային տարիներին Դերասանի տունը գտնվում էր այսօրվա Ֆրանսիայի դեսպանատան տեղում, 92թ․ այդ տունը տրվում է Ֆրանսիայի դեսպանատանը` դեսպանատուն կառուցելու համար, իսկ պետությունը, ի դեմս կառավարության, որպես փոխհատուցում՝ 93թ․ Թատերական գործիչների միությանը սեփականության հիմունքներով տալիս է Մաշտոցի 13 հասցեի գույքը: Այսինքն՝ 92-93թթ․ պետությունն ընդունել է, որ դրանք տվյալ հասարակական կազմակերպությունների գույքն են, եւ սեփականության իրավունքով մեկ այլ շենք է տվել տվյալ ստեղծագործական միությանը: Չկա որեւէ ապացույց, որը կփաստի, որ դրանք խորհրդային տարիներին եղել են պետության սեփականությունը եւ 90թ․ օրենքով դարձել են ՀՀ սեփականությունը: Չկա ապացույց, բայց կան նման հայցադիմումներ եւ սեփականազրկման այսպիսի գործընթաց: Սա պարզապես նշանակում է պետական ռեկետ կամ ռեյդերություն»:

Փաստաբանը նշեց, որ իրենք վրդովված են նաեւ այն հանգամանքով, որ կոնկրետ Աբովյան 16 շենքի հետ կապված՝ դատավորը գործը գրավոր ընթացակարգով է քննում, ինչը նշանակում է, որ դատական նիստ չի լինելու, եւ միանգամից` հոկտեմբերի 30-ին լինելու է վճիռը. «Այսինքն՝ մենք չենք կարող դատական նիստին մասնակցել ու դատախազության ներկայացուցչին շատ պարզ հարցեր տալ, խնդրել ներկայացնել ապացույցներ: Ակնհայտ է, որ տվյալ գործով դատարանն անկախ չի գործելու, որովհետեւ պետական ճնշումը մեծ է»:

Հակընդդեմ հայց կառավարության դեմ

Հանդիպմանը ներկա ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ այս հարցը ներքին անվտանգության խնդիր համարեց, ու եթե Ադրբեջանը մեր արտաքին սահմաններն է սասանում, մեր իշխանությունն էլ երկրի ներքին անվտանգությունն է խարխլում, լինի դա կրթություն, մշակույթ, թե արվեստ: Նա նշեց, որ իրենք դեռ իրենց արտահերթ համագումարի ժամանակ առաջարկեցին՝ ընդամենը կանոնադրությունների մեջ փոփոխություն անել եւ ամրագրել իրենց սեփականության իրավունքը` սահմանելով վաճառքի արգելանք: Հետո ԿԳՄՍ նախարարն առաջարկեց գույքը նվիրել իրենց, որ հետո դա նորից նվիրեն միությանը, մինչդեռ պարզ է. «Գլխավոր նպատակն այդ շենքերը պետականացնելն է եւ հետո վաճառելը: Իսկ դրա համար պետք է մի քանի քայլ անել, առաջինը` օրենքը, որով փորձեն ապացուցել, որ այս շենքերը պետական են, հաջորդիվ` Սիսակ Գաբրիելյանը դատախազից էլ ավելի խիստ բանավոր հայտարարեց, որ երբ այդ շենքերը պետականացվեն, մենք կորոշենք, թե ինչպես են աշխատում այդ ընկերությունները, իբր իրենք գիտեն, թե ինչ բան է ստեղծագործական միությունը, ստեղծագործությունը, խիստ կասկածում եմ, թե հայերեն քանի գիրք են կարդացել, քանի ժամանակակից գրողի անուն գիտեն... բայց իրենք պիտի որոշեն՝ այդ միությունները լա՞վ են աշխատում, թե՞ ոչ: Եթե ոչ, Թումո կբերենք-կբացենք այդ միություններում, Թումանյանի տեղը Թումո կբացեն... իմ թոռներն էլ են Թումո գնացել, բայց եկեք մեկը մյուսի հետ չշփոթենք, դրանք լրիվ ուրիշ բաներ են...»:

Նկարիչների միության փոխնախագահ Լեւոն Աբրահամյանն ավելի կտրուկ արտահայտվեց` կոչ անելով գնալ կտրուկ քայլերի։ «Պետությունը ոտնահարում է մեր ստեղծագործելու իրավունքը, ու մենք դեռ մտածում ենք, թե ոնց անենք, որ մեր ձայնը լսելի դարձնենք: Մենք պետք է արդեն գոռանք, որովհետեւ, եթե վճիռը կայացրին, այս հավաքները, խելոք մտքերը ոչ մի բան են: Եկեք 3-4 օր ժամանակ տանք վարչապետին, եթե մեզ չընդունի, կտրուկ գործողությունների կգնանք»,- նշեց նա` նկատելով, որ նախարարը համագումարին եկավ ու փափուկ բարձ դրեց նկարիչների գլխի տակ, մինչդեռ պետությունն ուզում է իրենց գույքն իրենց ձեռքից վերցնել, ուրեմն պետք է հասկանալ, թե ինչ պետության հետ գործ ունենք։ «Եթե դուք պետականության, մշակույթի դեմ եք գնում, ես ուզում եմ հասկանալ` մենք ի՞նչ պետության հետ գործ ունենք: Մենք խեղճացող տեսակ չենք, ու չեք կարող մեր տունը մեր ձեռքից վերցնել ինչ-որ մի Սիսակ Գաբրիելյանի կամ մի քանի հոգու որոշմամբ»,- նշեց Աբրահամյանը, որի` կտրուկ գործողությունների գնալու կոչը ծափերով ընդունվեց ներկաների կողմից: 

Նկարչուհի Զարուհի Մուրադյանն էլ ընդգծեց, որ սա, իրավական ու բարոյական հարց լինելուց բացի, նախեւառաջ` քաղաքական հարց է. «Պատահական չէ, որ Ալիեւը, Արցախի մշակութային հուշարձանները ոչնչացնելուն զուգահեռ, Նիկոլի հետ անում է մշակութային ցեղասպանություն արդեն Հայաստանի տարածքում: Ես առաջարկում եմ՝ բոլոր միություններն էլ հակընդդեմ հայց ներկայացնեն կառավարության դեմ եւ անձամբ՝ Սիսակ Գաբրիելյանի` չհաջողված մի լրագրողի դեմ, ով Քաջ Նազարի բախտով դարձել է այսօր կրթության, գիտության, մշակույթի հանձնաժողովի նախագահ, ոչ մի բանից գաղափար չունենալով` ինչ-որ մարդկանց ձեռքը գործիք է դարձել ու ամեն ինչ անում է` մեզ ունեցվածքից զրկելու համար»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image