Հասարակություն

«Հրապարակ». Սրբուհի Գալյանը գործուղվել էր բանտախուց՝ ապացույցներ հավաքելու

«Հրապարակ». Սրբուհի Գալյանը գործուղվել էր բանտախուց՝ ապացույցներ հավաքելու

Հուլիսի 11-ին Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել 3 ամսով կալանավորել Լիանա Հարությունյանին: Վերջինիս պաշտպան Զարուհի Փոստանջյանը հայտնել էր, որ իր պաշտպանյալը թարգմանչական ծառայություններ է մատուցել Հնդկաստանի քաղաքացիներին․ «Ի սկզբանե Լիանա Հարությունյանը հարցաքննվել է որպես վկա, սակայն հետագայում նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի միգրացիայի օժանդակության մեղադրանքով»։ Դատարանի որոշումից հետո մոր հետ բանտ էր տեղափոխվել նաեւ 8 ամսական փոքրիկը, որին օրեր անց տեղափոխել էին հիվանդանոց՝ փորլուծություն ունենալու պատճառով։ 

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը բողոքներ է տարել Վերաքննիչ դատարան, Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ՄԻԵԴ-ին ներկայացրել է նաեւ երեխայի պահման պայմանների վերաբերյալ բողոք, այն, որ սենյակը շատ փոքր է, մանկասայլակ չկա եւ այլն։ Կալանավորումից 5 օր անց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ու Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանը Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն էին այցելել՝ տեսակցելու երեխային։ Այցի վերաբերյալ Գալյանը գրել էր․ «Այսօր այցելեցի Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն՝ տեսակցելու այնտեղ գտնվող 8 ամսական փոքրիկին, որի մայրն օրերս դատարանի որոշմամբ կալանավորվել է` ավելի մեղմ խափանման միջոցի պայմանները խախտելու պատճառաբանությամբ»։ 

Գալյանը գրառման մի մասով էլ անդրադարձել էր ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի՝ մոր եւ մանկան համար առանձնացված հատվածին, նշել, որ այնտեղ միմյանցից առանձին պատիժ են կրում նաեւ երկու այլ կանայք, որոնց մոտ կան մինչեւ երեք տարեկան երեխաներ: Իբրեւ թե` նշված հատվածում բավարար պայմաններ կան երեխաների համար․ խոհանոց՝ կահավորված անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով, տաք եւ սառը ջուր եւ այլն: Արդարադատության նախարարությունն էլ իր հերթին էր տարածել լուսանկարներ մոր եւ մանկան համար նախատեսված բանտախցից՝ ցույց տալով, որ լուսավոր, գեղեցիկ սենյակ է դա, համարյա՝ կուրորտ: 

Տեղեկացանք, որ Գալյանի այցը հիվանդանոց  պատահական չի եղել․ ՄԻԵԴ-ը, ստանալով Զարուհի Փոստանջյանի դիմումը, այն առաջնահերթ քննելու որոշում է կայացրել՝ պահանջելով պետությունից ապացույցներ ներկայացնել, որ երեխայի պահման պայմանները բավարար են, դե, իսկ կառավարությունն էլ այդ հարցը դրել է Գալյանի ուսերին։ 
Զարուհի Փոստանջյանը մեզ հետ զրույցում նշեց․ «ՄԻԵԴ-ը հարց է ուղարկել կառավարությանը, երեկվա այցելությունը, այդ փիառը կամ` ինչ տեսանկյունից ես դա ներկայացնեմ, չգիտեմ․․․ հիմա կառավարությունը պետք է ներկայացնի ապացույցներ, թե ինչ պայմաններում է եղել երեխան եւ թե ինչ պայմաններից ելնելով է հայտնվել հիվանդանոցում։ Գիտեք` սենյակն ինչքան փոքր է, ինքը պատշգամբի նեղությամբ սենյակ է, 1,5 մետր լայնությամբ, 2 մետր երկարությամբ, այս պուճուր սենյակում չկան վարագույր եւ օդափոխիչ, իսկ այս արեւի դեպքում, երբ 42 աստիճան տաքություն է, այդ փոքր սենյակում խաշոցի է։ Հետեւի դուռն էլ, որը բացում-փակում են, երկաթյա դուռ է, սկվազնյակ չկա, իսկական զնդան է, չկա մանկասայլակ, այդ երեխան ձեռքի երեխա է, փոքրիկի համար մահճակալը նայեք, դա իր տարիքին հարմար չէ։ Երեխեն պետք է ուտի հատուկ սնունդ, դրանից էլ եղել են այդ աղիքային խնդիրները, ոչ էլ սառնարան կա։ Մանկասայլակ չի եղել, նոր են տարել, մանկաբույժ չի եղել, մսուր չի եղել։ Այն, ինչ իրենք ներկայացրել են, չի համապատասխանում ստանդարտներին»։ 

Փաստաբանը նշեց, որ Գալյանը ցանկացել է զրուցել Լիանա Հարությունյանի հետ․ «Դրա համար իրենք գնացել են, ուզել են ինտերվյու անեն Լիանայի հետ, որ դա ուղարկեն ՄԻԵԴ, սակայն դա իրենց չի հաջողվել, որովհետեւ Լիանան ասել է՝ ես ինտերվյու չեմ կարող տրամադրել։ Իրենց հագուստներով գնացել են հիվանդատես, էդպես չեն գնում: Կամ` իրենք նկարել են երեխային, իսկ հարցրե՞լ են, իրավունք ունեի՞ն վիդեոկամերայով մուտք գործել հիվանդանոց։ Սրբուհի Գալյանը Լիանայի առաջ հարց է դրել, որ դուրս գաս, կկատարե՞ս օրենքի պահանջները, չե՞ս խուսափի։ Այդ հարցին ինքը պատասխանել է՝ իհարկե, այո»։ Այսինքն՝ նախարարը նաեւ դատավորի դեր է ստանձնել:

Նշենք, որ հուլիսի 17-ին Լիանա Հարությունյանին կալանավորած դատավոր Արշակ Մաթեւոսյանը կրկին նիստ է հրավիրել` իր նախաձեռնությամբ, եւ կալանքը փոխել վարչական հսկողության ու չբացակայելու արգելքով։ Դատարանը հաշվի չի առել ո՛չ պատգամավորների երաշխավորագրերը, քանի որ վերջիններս դատարան չեն ներկայացել, ո՛չ էլ փաստաբանի միջնորդությունը: Դատավորը հայտարարել է, թե հաշվի է առնում ամբաստանյալի պատշաճ վարքագիծը։ Իրականում միայն մի բան են հաշվի առել` հանրային այն մեծ աղմուկը, որն առաջացրեց երեք անչափահաս երեխա ունեցող կնոջը կալանավորելու անթույլատրելի որոշումը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image