Դալար Քյոսեյան․ հայկական ծագմամբ կին գրող, մանկավարժ եւ մայր, որը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում, իսկ հետո տեղափոխվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ էլ մեծ ճանաչում է ձեռք բերել իր մանկական գրքերով։ «Վաննայի ճամփորդությունները» (Vanna’s Adventures, 2024) գրքում, որը հրատարակվել է 2024-ին, Քյոսեյանը պատմում է հայ աղջնակի՝ Հայաստանով ու Արցախով ճամփորդության եւ այնտեղ ունեցած արկածների մասին։ Գրքի հերոսուհին իր ճամփորդության ընթացքում իմանում է հարազատ ժողովրդի տոների, սովորույթների մասին։ «Մամա, պապա, ինչո՞ւ պետք է ես իմանամ իմ Հայոց պատմությունը» գրքում, որը հասցեագրված է հայկական սփյուռքի աճող սերնդին, Դալարը փորձում է ոչ միայն հետաքրքրություն առաջացնել Հայոց պատմության ուսումնասիրության հանդեպ, այլ նաեւ՝ հպարտանալ այդ պատմությամբ։
Մեկ այլ գիրք, որը կոչվում է «Տիգրանի երգը» (Tigran’s Song), նվիրված է պատերազմի հերոս Տիգրան Հարուցյանին եւ գովերգում է հայ զինվորի խիզախությունը։ Դալարը կրթությունն ստացել է Թեմփլի համալսարանում, հետո արդեն ուսումը շարունակել է կալիֆորնիական եւ Ֆենիքսի համալսարաններում։ Ակտիվորեն մասնակցում է հայ համայնքի կյանքին, դասավանդում է Լոս Անջելեսի դպրոցներում, համագործակցում երիտասարդական եւ բարեգործական կազմակերպությունների հետ։
Եվ մի հայազգի գրողի ներկայացնենք ձեզ՝ Վիկտորյա Ադամյան Վոթերմեն․ նույնպես հայկական ծագմամբ ամերիկացի կին գրող է։ Նա գրական ասպարեզ է եկել «Ում է նա թողել հետեւում» (Who She Left Behind, 2023) վեպով՝ հրատարակված 2023-ին։ Գրքի հիմքում հեղինակի ընտանեկան վավերապատումն է, որը ներկայացնում է 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության ողբերգությունը վերապրած հայ կանանց կյանքի դժվարությունները եւ հայկականության վերականգնումը՝ արդեն սփյուռքյան համայնքում։ Վեպում գործողությունները ծավալվում են տարբեր ժամանակաշրջաններում՝ Օսմանյան կայսրության վերջալույսի օրերից մինչեւ ժամանակակից հայկական թաղամասերը՝ Մասաչուսեթսում եւ Ռոդ-Այլենդում։ Վիկտորյա Ադամյան Վոթերմանը, ի դեպ, ծնվել է Ռոդ Այլենդ նահանգում՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած եռալեզու վերաբնակիչների ընտանիքում։
Գրական գործունեությունից բացի, ակտիվորեն ներգրավված է համայնքային հասարակական կյանքում, «սփիքեր» է բազմաթիվ հեղինակավոր հարթակներում, ինչպիսին TEDx-ն է։ Կազմակերպում է տարբեր նախագծեր, որոնք միտված են աղջիկների եւ կանանց մեջ առաջնորդական հատկությունների բացահայտմանը։ Իր հարցազրույցներից մեկում Վիկտորյան կարեւորում է հայկական մշակույթի եւ ինքնության պահպանությունը՝ հայտարարելով, որ հայկական համայնքում իր ներգրավվածությունը տալիս է իրեն առանձնահատուկ զգացողություն եւ հարմարավետություն։ Խոսելով ապագայի մասին՝ հայազգի կին գրողը հույս է հայտնել, որ կգա ժամանակ, որ աշխարհում այնպիսի փոփոխություններ կլինեն, որ կդադարեն դաժանությունն ու պատերազմները։ «Գլխավոր երազանքս այն է, որ «այլեւս երբեք» արտահայտությունը միայն որպես դատարկ խոսք չհնչի»,- ասել է նա։