Բրիտանական Financial times-ը մի ուշագրավ աղյուսակ է հրապարակել այն մասին, թե նախկին խորհրդային երկրներում ինչ մակարդակի են հակառուսական տրամադրությունները, եւ հատկապես՝ ընթացիկ տարում անցյալ տարվա համեատ ինչ աճ է տեղի ունեցել։ Չքննարկելով աղյուսակի հավաստիությունը՝ միայն արձանագրենք, որ հակառուսական տրամադրությունների աճի առումով առաջին տեղերում են Լիտվան, Էստոնիան, Ղազախստանը, բնականաբար՝ նաեւ Ուկրաինան։ Հայաստանում էլ, կարծես թե, հակառուսական տրամադրությունների աճ կա։
Փորձենք հասկանալ, թե հատկապես Հայաստանի մասով հակառուսական տրամադրությունների աճն ինչով է պայմանավորված՝ արձանագրելով մի քանի հանգամանք․
• Հայաստանում հակառուսական տրամադրություններն աճել են առաջին հերթին հայաստանյան իշխանությունների կամ իշխանությունների «բաժնետեր» հանդիսացող ուժերի, իշխանության մեջ բարձր պաշտոն զբաղեցնող վերջիններիս ներկայացուցիչների բացահայտ քաջալերանքով ու մասնակցությամբ։
• Սակայն հակառուսական տրամադրությունների գեներացումը Հայաստանում, ինչպես ասում են, «դատարկ տեղում» չէր կարող առաջանալ, եւ բոլոր նրանք, ովքեր լծված են այդ գործին, հաջողության չէին հասնի, եթե դրա համար տեղում՝ «գետնի վրա», ինչպես ասում են, «պարարտ հող» չգտնեին։ Հետեւաբար, դա կապված է նաեւ ռուսական իշխանությունների՝ հետսովետական տարածքում վարած քաղաքականության ապաշնորհության հետ։
• Հայաստանի պարագայում, հակառուսական տրամադրությունների հրահրման եւ գեներացման հարցում առանցքային նշանակություն ունի մի քանի գործոն, ինչպիսիք են հայկական կողմի (կարեւոր չէ՝ պաշտոնական կամ ոչ պաշտոնական)՝ Ռուսաստանի հանդեպ ունեցած չիրականացված հույսերն ու ակնկալիքները 44-օրյա պատերազմի եւ դրան հաջորդած ժամանակահատվածում, որը բնականորեն բերել էր հիասթափության, Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ընդգծված սերտացումը Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների արտակարգ ջերմացման փուլի համատեքստում եւ դրանք՝ ըստ էության, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ նույն մակարդակի վրա դնելը կամ գուցե նաեւ՝ մեկը մյուսով հակակշռելը։
• Տարածաշրջանում Արեւմուտքի եւ հատկապես ԱՄՆ դիրքերի ամրապնդման ձգտումներն ու այդ ուղղությամբ որոշակի հանգրվանային հաջողությունների արձանագրումը, որը կոնկրետ Հայաստանի դեպքում կարելի է գնահատել որպես Ռուսաստանի ապաշնորհ քաղաքականության արդյունքում առաջացած որոշակի վակուումի «լրացում»։
• Եվ, ի վերջո, Հայաստանում ռուսական «փափուկ ուժի» գործիքակազմին հատուկ միջոցների կիրառության անտեսանելիություն, այդ գործիքակազմի կիրառման համար նախատեսված դերակատարների սխալ ընտրություն։ Այս ցանկը, ի դեպ, շարունակելի է, եւ բավական երկար կարելի է պատճառներ ներկայացնել։ Խնդիրն այստեղ այն է, որ Ռուսաստանը պետք է հասկանա կամ եթե հասկանում էլ է, ապա պետք է գոնե մեր տարածաշրջանում կամ Հայաստանի հետ իր վարած քաղաքականության հարցում դառնա ավելի ճկուն եւ ավելի տեղային, այլապես, ինչպես ասում են, կրեմլյան աշխատասենյակներում տիրող մտայնություններով կամ ռուսաստանաբնակ հայերի հլուհնազանդության չափանիշով հայաստանյան հասարակության մասով «չափել-ձեւելն» առնվազն քաղաքական անհեռատեսություն է ու սխալ գործելաոճ։