Բոլորովին վերջերս իմ վաղեմի բարեկամ՝ Երեւանի «Վան Արյան» հրատարակչության տնօրեն, լոռեցի Վիլյամ Պողոսյանն անակնկալ արեց՝ նվիրելով 2023թ․ իր ղեկավարած հրատարակչության կողմից հրատարակված Էդվարդ Միլիտոնյանի կազմած «Գրական տեղեկատուն»։ Տուն հասնելուն պես սկսեցի թերթել այն։ Գիրքը սեղանին բաց էր մնացել լրագրող-հրապարակախոս, մի շարք ուշագրավ վավերագրական ֆիլմերի հեղինակ, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանին ներկայացնող 234-րդ էջով։ Կարոտ եւ ափսոսանք խառնվեցին հոգուս մեջ, քանզի նա արդեն երեւելիների հավերժության սուրբ համաստեղությունում է։ Նրա շատ գրքեր զարդարում են իմ անձնական գրադարանի մի անկյունը։ Մտքով ետ գնացի 2015թ․, երբ պարտավորեցնող ընծայագրով Պապիկյանից ստացել եմ Վազգեն Ա Վեհափառին նվիրված «Ոգու հերկը» աշխատությունը։ Այդ աշխատության եւ Վազգեն Առաջինի ազգանվեր գործունեության, նրա նկատմամբ համազգային հարգանքի ու վստահության ֆոնին՝ սիրտս ծանրացավ այս օրերին մեր երկրում շարունակվող հակաեկեղեցական դեպքերից։
Եվ, ով զարմանք, գիշերվա կեսին զարթնում եմ երազի մեջ՝ լուսահոգի Հովհաննես Պապիկյանն իրեն հատուկ մեղմ ժպիտով ինձ է մեկնում մի գիրք-օրացույց, ականջիս հասցնելով՝ ահա հերթականը։ Քունս միանգամից կորավ, ու ժապավենի նման աչքերիս առջեւով շարժվեցին նրա եւ Շուշանիկ Սահակյանի հրատարակած «Վահան Տերյան» (երկու հրատարակություն), «Համո Սահյան», «Հովհաննես Շիրազ», «Լեւոն Միրիջանյան», «Մհեր Մկրտչյան» գիրք-օրացույցները։ Դրանք հոգեւոր եւ զգացմունքային դաստիարակության յուրատիպ բաղադրատոմսեր են։ Այդպես էլ չիմանալով, թե երազում ինձ մեկնած երեւակայական օրացույցն ում էր նվիրված, ամենայն սիրով եւ անհամբերությամբ սկսեցի սպասել առաջին հերթին նշանավոր լոռեցիներ Հովհաննես Թումանյանի, Հրանտ Մաթեւոսյանի, Սոս Սարգսյանի, հետո նաեւ՝ Հայաստանի եւ սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների գիրք-օրացույցներին։ Մինչ այդ էլ, բայց հատկապես «Կրթություն» թերթը փակելուց եւ կրթության ոլորտի ու դասագրքերի վայ բարեփոխումներից հետո ես ԿԳՄՍ նախարարության հետ հույսեր չէի կապում եւ չեմ կապում, այնուամենայնիվ կարծում եմ, որ հենց նա պիտի վերցնի իր հովանավորության գիրք-օրացույցների հրատարակման գործը։ Կարծում եմ՝ կազմողների պակաս չի լինի։ Համոզված եմ, որ Հովհաննես Պապիկյանի եւ Շուշանիկ Սահակյանի նախաձեռնությունը միանգամայն արժանի է շարունակության։ Այդ ուշագրավ նախաձեռնության շարունակությունը ինքնուրույն կարող են ապահովել նաեւ մեր գրահրատարակիչները եւ անհատ բարեգործներ։ Տեղին եմ համարում ընդգծել, որ գիրք-օրացույցներն ապահովում են պոեզիայի մասսայականությունը եւ ձեւավորում գրական վերաբերմունք դեպի գիրքն ու գրատպությունը։ Հովհաննես Պապիկյանի նախաձեռնության շարունակությունը, անշուշտ, կընկալվի որպես հարգանքի տուրք նրա պայծառ հիշատակին։
Վաղարշակ Ղորխմազյան