Կամավոր ատեստավորման գործընթացն այս տարի իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ vexams.emis.am կայքի միջոցով։ ԿԳՄՍ նախարարությունն այս առիթով որոշակի պարզաբանում-ուղեցույց է հրապարակել, ըստ որի՝ կամավոր ատեստավորման դիմած ուսուցիչները, ինչպես նաեւ ուսուցչի պաշտոնի համար սահմանված պահանջներին համապատասխանող, սակայն տվյալ պահին չաշխատող քաղաքացիները, որոնք նույնպես հայտագրվել են, vexams.emis.am կայքում իրենց հաշիվ մուտք գործելու համար նախ պետք է ընտրեն, թե ինչպես են գրանցվել՝ կամավոր ատեստավորման համակարգո՞վ (at.emis.am), թե՞ էլեկտրոնային մատյանի (matyan.emis.am) միջոցով․ «Հաջորդ քայլով անհրաժեշտ է հավաքել մուտքային տվյալները, որոնք դիմողին տրամադրվել են հայտագրման ժամանակ. անհրաժեշտ է լրացնել այն մուտքանունն ու գաղտնաբառը, որով դիմողը մուտք է գործում at.emis.am (ուսուցիչ չաշխատող անձինք) կամ matyan.emis.am (գործող ուսուցիչները)։ Եթե կամավոր ատեստավորման դիմելուց հետո ուսուցիչն ազատվել է դպրոցից, միեւնույն է՝ մուտք գործելու համար պետք է մուտքագրել էլեկտրոնային մատյանի նախկին օգտանունն ու գաղտնաբառը։ Մուտք գործելուց հետո դիմողը հարթակում կարող է ծանոթանալ իր ընտրած առարկայի թեստի նմուշին, ինչպես նաեւ՝ փորձել լրացնել այն»։
Սակայն արդեն այս փուլում՝ ատեստավորումից օրեր առաջ, ուսուցիչները բախվել են մի շարք տեխնիկական խնդիրների։ Ինչպես նրանցից մեկն էր նշել, համակարգ մուտք գործել չի ստացվում. «Անընդհատ նույն շրջապտույտն է՝ տվյալների մուտքագրում, նշում, որ ռոբոտ չես, եւ վերադարձ նույն քայլաշարին։ Հարյուրավոր անգամներ փորձելուց հետո վերջապես ստացվեց մուտք գործել, բայց այս դեպքում էլ թեստի նմուշն է բացակայում։ Տեխնիկական խնդիրները վերջնականապես ե՞րբ կլուծվեն։ Կա՛մ միաժամանակ շատ ուսուցիչներ են փորձում մուտք գործել, ինչի հետեւանքով առաջացել է խափանում, կա՛մ առհասարակ կայքը տեխնիկապես պատրաստ չէ»։ Մեկ այլ ուսուցչի դիտարկմամբ էլ՝ «Առաջադրանքների պատասխանները ցույց չի տալիս, չի պահպանում։ Ելքի կոճակը չի աշխատում, միավորների ճիշտ եւ սխալ լինելը ցույց չի տալիս։ Սա ի՞նչ անկատար ծրագիր է»։
Մեկ այլ ուսուցիչ էլ մտավախություն էր հայտնել, թե բուն ատեստավորման ժամանակ ինչպիսի տեխնիկական խնդիրներ կարող են առաջանալ․ «Հազար ներողություն, բայց սա արդեն ծիծաղելի չէ։ Ամեն բան չի կարելի անել թերի, կիսատ-պռատ, ներկայացնել որպես կատարված աշխատանք ու զարմանալ, որ ուսուցիչները դեռ բողոքում են։ Սպասում էինք նմուշի, բայց չէինք պատկերացնում, որ նույն անցած տարվա թեստը հավաքած, բազմաթիվ տեխնիկական խնդիրներով ներկայացվելու էր մեզ։ Մենք այդ թեստն արդեն մի քանի անգամ ուսումնասիրել ենք, կարող էինք հավաքել էլեկտրոնային տարբերակով, հայտնագործություն չէ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, խնդրում եմ Ձեզ բոլորի անունից՝ աշխատե՛ք, մի աշխատանքի իմիտացիա ստեղծեք, մի քանի օրից ատեստավորումն է, վախենում ենք պատկերացնել, թե ինչ տեխնիկական, կազմակերպչական խառնաշփոթ է լինելու»։