Ռուսական բանկերն այս տարի ռեկորդային եկամուտ կունենան։ Ըստ մասնագիտական հաշվարկների, նրանց եկամուտը կաճի 15,3 անգամ՝ հասնելով 3,1 տրիլիոն ռուբլու։ Ընդ որում, այդ եկամուտների 75 տոկոսը բաժին է ընկնելու 10 խոշորագույն բանկերին, այս մասին հայտնում է ռուսական «Պրայմ» լրատվական գործակալությունը։ Այսպես՝ 2,35 տրիլիոն ռուբլի է կազմելու ռուսական տասը խոշորագույն բանկերի համախառն եկամուտը, եւս 580 միլիարդ ռուբլի կազմելու է մյուս բանկերի եկամուտը, որոնք մտնում են առաջատար 50-յակում։ 170 միլիարդ ռուբլի էլ կկազմի այդ ցանկից դուրս գտնվող ֆինանսական կազմակերպությունների եկամուտը։
Մասնագետները նշում են, որ չնայած մեկնարկային տոկոսադրույքի աճին, խոշորագույն բանկերը կկարողանան պահպանել իրենց զուտ տոկոսային մարժան՝ ի հաշիվ սպառողական վարկերի բարձր տոկոսադրույքների եւ հիփոթեքային պորտֆելի եկամտաբերության բարձրացման, որն էլ կիրականացնեն շնորհիվ զեղչային ծրագրերի։ Համաձայն ՌԴ ԿԲ-ի, այս տարվա ութ ամիսների ընթացքում բանկերի համախառն եկամուտը կազմել է 2, 372 տրիլիոն ռուբլի, 21 թվականին այդ ցուցանիշը եղել է 2, 363 տրիլիոն ռուբլի։