Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը ամեն առավոտ «բարի լույս» է ասում ժողովրդին՝ սրտիկով, ժպիտով ու իբր թե պարզությամբ։ Նույն օրը, մի քանի ժամ անց, ակնհայտորեն իր ցուցումով, տեղի են ունենում քաղաքական ձերբակալություններ ու անախորժություններ։ Սա այլևս պատահականություն չէ․ դա վերածվել է յուրօրինակ արարողակարգի՝ բարության և բռնության միահյուսված ներկայացման։
Մարդիկ առավոտները սարսափով են սպասում՝ տեսնելու, արդյոք նա նորից սրտի՞կ է ուղարկել։ Տեսարանը, որն իբր պետք է ժպիտ առաջացնի, իրականում խոր ցավ է պատճառում․ այն հիշեցնում է, որ իշխանության «բարությունը» դարձել է հսկողության ձև։
Մշակութային կոդը պարզ է․ «Ես ձեզ սիրում եմ, բայց դուք էլ պետք է սիրեք ինձ՝ այլապես կձերբակալվեք»։ Սա այլևս հաղորդակցություն չէ, այլ պարտադրանք, սիրո դիմակով բռնություն։ Փաշինյանի «բարի լույսը» վերածվել է վերահսկողության լեզվի։ Ժպտալով վնաս հասցնելն ավելի վտանգավոր է, քան բացահայտ սպառնալը։
Նա գիտի, որ իրեն չեն ուզում տեսնել, և հենց այդ գիտակցությամբ էլ խաղում է մարդկանց հույզերի հետ՝ ձևացնելով, թե ամեն առավոտ իր բառերը սպասված են, թե իր ժպիտը միավորում է ազգին։ Իրականում նա պարզապես ինքնահաստատման ծես է կատարում։ Երբ գիտես, որ քեզ չեն ուզում տեսնել, ամեն առավոտ ներկայանալը դառնում է ուժի ցուցադրություն՝ ինչպես ստվերը, որ իր գոյությունը հաստատում է լույսի միջոցով։ Եթե իրեն չեն սիրում, նա ամեն օր պիտի հիշեցնի․ «Ես դեռ այստեղ եմ, ես դեռ կամ»։
«Բարի լույս»-երը, սրտիկներն ու ժպտացող հոլովակները միտված են ստեղծելու խաղաղ, հոգատար և «ժողովրդի հետ կապ ունեցող» ղեկավարի պատրանքը։ Դա պոպուլիստական մեթոդ է՝ վիզուալ «բարությամբ» փոխհատուցելու քաղաքական ճնշման և անզորության իրականությունը։
Եվ այսպես՝ ամեն օր, նույն ժպիտով, նույն սրտիկով, նույն չտեսնելու ձևացմամբ սկսվում է բարի լույսի բռնապետությունը կամ սիրո դիմակով բռնությունը։