Քաղաքականություն

Ո՞վ է մեզ համար մեր թշնամու բարեկամը

Ո՞վ է մեզ համար մեր թշնամու բարեկամը

«Ես անկեղծորեն շնորհավորում եմ նախագահ Իլհամ Ալիեւին եւ Ադրբեջանի եղբայրական ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ»,- X սոցիալական ցանցում իր ուղերձն է հրապարակել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա ընդգծել է, որ «ավանդույթների ամրությունը, արժանապատվությունը, միաս­նու­թյունը եւ խոր հարգանքը բոլոր սերունդների նկատմամբ, որոնք ձեւավորել են երկիրը եւ պաշտպանել նրա անկախությունը, իսկապես ոգեշնչող են»։ Եվ վստահեցրել է. «Ուկրաինան կանգնած է ձեր կողքին։ Մաղթում եմ Ադրբեջանին խաղաղություն, հետագա զարգացում եւ բարգավաճում»։ 

Իսկ ո՞վ է մեզ համար մեր թշնամու բարեկամը: Եթե հարցը դիտարկենք ադեկվատ մտածողության դիրքերից, ապա՝ նույնպես թշնամի: Իսկ եթե դիտարկենք ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի տեսանկյունից, ապա մեր բարեկամն է: Եթե այդպես չլիներ, ապա ինքը եվրոպական հանդիպումների ընթացքում բարեկամական զրույցներ չէր վարի Զելենսկու հետ, եւ իր կինն օգնություն չէր հասցնի Ուկրաինա՝ մեկնելով Բուչա, եւ Բուչա չէր այցելի այդ երկրում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը՝ ուղեկցելով Երեւանի Նոր Նորքի նախկին թաղապետին: Իսկ Բուչայում կեղծ բեմադրություն էր ներկայացված, ճիշտ այնպիսի բեմադրություն, ինչպիսին Զապորոժիեի ԱԷԿ-ն ուՉեռնոբիլի ԱԷԿ-ը հրթիռակոծելն է ու մեղքն անընդհատ ռուսական կողմի վրա բարդելը: 

Այնպես որ, ՀՀ գործող իշխանության տեսակետից Ադրբեջանի կողքին կանգնած Ուկրաինան բարեկամ է նաեւ Հայաստանին: Չնայած մայիսի 29-ի կեսօրվա դրությամբ, երբ գրվում են այս տողերը, Անկախության տոնի առումով, ի տարբերություն Իլհամի, շնորհավորանք չի ստացել Հայաստանի ղեկավարը: Բայց դրանք, ինչպես ասվում է, մանրուքներ են, կարեւորն այն է, որ թե՛ Ուկրաինան եւ թե՛ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկրներ են: Իսկ թե որքանով են դրանք իրապես ժողովրդավարական, չի տեսնում միայն… լավ, ասենք` ծույլը: Եվ նույնիսկ այդ տարբերակում նշանակություն չունի այն հանգամանքը, որ արեւելքի բռնապետի ղեկավարած երկիրը չի կարող կոչվել ժողովրդավարական: Ու չէր կարող տեղ զբաղեցնել իբրեւ թե ժողովրդավարական ՀՀ-ի ու Ուկրաինայի կողքին: Կարծում եմ, որ այս հանգամանքը եւս, ի վերջո, կարելի է դասել արժեք չունեցող մանրուքների շարքը:
Զարմանալի է, որ իրենք իրենց գիտուն համարող եվրապաշտները (եթե մեր բառապաշարում առկա է «ռսաճորտ» արտահայտությունը, ապա ինչո՞ւ չի կարող լինել «եվրապաշտ»-ը) նույն վերաբերմունքն ունեն Ուկրաինայի ղեկավարության նկատմամբ, ինչ վարչապետի աթոռից կառչած անձը, որին իրենք, իբրեւ թե, ընդդիմադիր են: Այստեղ են ասել․ «Ասա՝ ով է բարեկամդ, ասեմ, թե ով ես դու»: Մարդկային փոխհարաբերություններից լավ էին գլուխ հանում հին հռոմեացիները՝ խոսք չկա: Բայց քանի որ մեզանում ամեն ինչ գլխիվայր է շրջված, «գիտուն» եվրապաշտներն էլ, գործող իշխանության նման, որին իրենք իբրեւ թե ընդդիմադիր են, կարող են բարեկամ համարել ուկրաինացիներին, ովքեր երբեք չեն թաքցրել մեր հանդեպ իրենց իրական վերաբերմունքը թե՛ առաջին եւ թե՛ երկրորդ պատերազմների ընթացքում: Ինչպես նաեւ դրանց արանքում գործող՝ միջպետական ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլոդովա) կոչված կազմակերպության շրջանակում: Որը բազմաթիվ հակաարցախյան եւ, բնականաբար, հակահայաստանյան բանաձեւեր է ընդունել ակտիվության տարիներին:

ՀԳ. Ենթադրում եմ, որ ավելի ուշ Ուկրաինայի հայ համայնքը եւ այդ երկրում ՀՀ դեսպանությունը կփորձեն գլխի գցել բարեկամ ուկրաինացիներին, որ Հայաստանի Հանրապետությունում եւս նշվել է Հանրապետության տոնը: Դեսպանի անուն-ազգանունը չեմ գրում, քանի որ ԱԳՆ պաշտոնական կայքում գոյություն չունի: Անցյալ տարեվերջին մեր մամուլն ընդամենը հայտնել էր, որ 2021 -ին դեսպան նշանակված Վլադիմիր Կարապետյանը եռամյա ժամկետի ավարտից հետո հրաժեշտի հանդիպում էր կազմակերպել Լվով քաղաքի հայ համայնքի հետ, ուր, ի դեպ, ժամանակավոր տեղափոխվել էր 2022-ին: Կարապետյանն այժմ ՀՀ դեսպանն է Իտալիայում, Մալթայում եւ Սան Մարինոյում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image