Հունիսի 6-ին, ինչպես հայտնի է, մահմեդականների Զոհաբերության տոնի կամ Կուրբան Բայրամի առիթով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել էր Ադրբեջանին՝ մաղթելով Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղություն եւ բարգավաճում։ Այս շնորհավորանքն արդեն քանի օր անընդհատ քննարկվում է թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական մամուլում եւ բլոգոլորտում։ Հայկական մեդիադաշտում էլ այն բավականին քննարկվեց, սակայն Փաշինյանի հակաեկեղեցական արշավի ամենօրյա դրսեւորումները կարծես թե ծածկեցին այն։
Մինչդեռ այս հարցի առնչությամբ բավական հետաքրքիր նրբություններ կան։ Ադրբեջանագետ Արտյոմ Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ վարչապետ Փաշինյանն իր X-ի էջում անգլերենով գրած շնորհավորանքում կոպիտ սխալ է թույլ տվել՝ գրելով՝ Kurban Bayram, այն դեպքում, երբ, ըստ նրա, ադրբեջաներենում տոնը կոչվում է Qurban Bayramı, եւ անգլերենում էլ գրվում է այդ ձեւով։ Բացատրելով ադրբեջաներենում տոնի պաշտոնական անվանման գրության նրբությունները, այն հասցնելով մինչեւ Հեյդար Ալիեւի լեզվական-ուղղագրական բարեփոխումները՝ Տոնոյանը մեկ այլ գրառման մեջ նաեւ նշում է, որ Ադրբեջանում կատակում են, թե Ալլահշուքյուր Փաշազադեի փոխարեն Նիկոլ Փաշինյանին պետք է նշանակել շեյխ-ուլ-իսլամ եւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, քանի որ Փաշինյանն ադրբեջանցի ժողովրդին շնորհավորել է պաշտոնապես, իսկ Փաշազադեն՝ ոչ։ Ռուս վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն էլ նկատում է, որ Փաշինյանի կատարածն աննախադեպ քայլ է, քանի որ նրանից առաջ՝ առաջին քրիստոնյա երկրի համարումն ունեցող Հայաստանի ղեկավարները շնորհավորել են, իհարկե, իրենց մահմեդական գործընկերներին, օրինակ՝ Եգիպտոսի կամ Իրանի առաջնորդներին` մահմեդական տոների առիթով, սակայն դա եղել է Ռամադանի ավարտի առիթով՝ Ուրազա Բայրամի տոնի մասով եւ ոչ թե Կուրբան Բայրամի։ Վերլուծաբանների աչքից չվրիպեց նաեւ այն, որ շնորհավորական գրառումից գրեթե անմիջապես հետո Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ նաեւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ եւ նրան էլ շնորհավորեց Կուրբան Բայրամի առիթով, տոն, որ շատ կարեւոր է մահմեդականների համար՝ լինեն նրանք շարքային քաղաքացիներ, թե պետությունների կամ կառավարությունների ղեկավարներ, մահմեդական կրոնական համայնքների առաջնորդներ։
Թեեւ շատերը կարող են չդիմանալ գայթակղությանն ու ասել, թե այս ժեստերը կարող են դրական ազդակներ լինել հայ-ադրբեջանական խաղաղության փաստաթղթի կամ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համար, սակայն իրականում պետք է հասկանալ, ինչպես նշում է Մարկեդոնովը, որ Նիկոլ Փաշինյանի համար հանուն խաղաղության պայքարը ոչ այնքան աշխարհաքաղաքականության հետ կապ ունի, որքան ներքաղաքական հարթությունում իր եւ իր ղեկավարած քաղաքական ուժի շահերը սպասարկելու, քանի որ 2026 թվականի ԱԺ ընտրություններին ընդառաջ՝ Ղարաբաղի կորստից ու ղարաբաղյան հարցի առնչությամբ եղած հասարակական-քաղաքական կոնսենսուսի կրախից հետո, խաղաղությունը դառնում է գլխավոր գաղափարական հիմքը։ Ու Փաշինյանը փորձում է դիրքավորվել որպես գործիչ, որը հանուն խաղաղության գնում է ցավոտ զիջումների։ Սակայն ամեն ինչ այնքան էլ հստակ չէ, քանի որ որքան էլ Փաշինյանն իրեն խաղաղարար դիրքավորի, Ադրբեջանը, հասկանալով Հայաստանի թույլ վիճակը, ոչ թե փորձում է փակել հակամարտության էջը, այլ կորզել առավելագույն հնարավորը Հայաստանից։ Նույն ալգորիթմով գործում է նաեւ Թուրքիան։ Ու այս ֆոնին, ըստ Մարկեդոնովի, առաջանում է հարց․ իսկ արդյոք պատրա՞ստ են Բաքուն ու Անկարան «հավուր պատշաճի» ընդունել Երեւանի ժեստերը, թե՞ դա էլ առիթ կլինի՝ հերթական անգամ Հայաստանի ղեկավարության վրա ճնշումն ավելացնելու։ Դժվար է ասել, սակայն ռիսկերը չափազանց շատ են։ Ի վերջո, ցանկացած պարույր կարող է ճնշմանը չդիմանալ ու կտրվել՝ ստեղծելով անկանխատեսելի իրավիճակ՝ ամփոփում է փորձագետը։
