Ծաղկաձորի «Մուլտի Ռեստ Հաուս» հանգստյան տան աշխատակիցները բողոքի ակցիա են արել՝ իրավապահ մարմինների կողմից հյուրանոցային համալիրի գործունեության կասեցման եւ շենքը կապարակնքելու հետ կապված: Աշխատակիցները պահանջել են վերաբացել իրենց աշխատավայրը՝ հիմնավորելով, որ փակումն անմիջականորեն սպառնում է իրենց զբաղվածությանը եւ ֆինանսական եկամուտներին: «Հրապարակի» հետ կապ հաստատած աշխատակիցներից մեկն ասաց, որ իրենց համբերության բաժակը լցվել է, որ այսպես այլեւս անհնար է` Նիկոլ Փաշինյանը պետք է վերանայի իր որոշումները, քանի որ չպետք է 10 հազար մարդ գործազուրկ մնա: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի ընկերություններում 10 հազար մարդ է աշխատում: Իրավապահները ոչ միայն կալանավորել են Ծառուկյանին, առգրավել նրա կենդանիներին, այլեւ փակել են նրա անվան հետ կապված բոլոր ընկերությունները, այդ թվում` «Մուլտի Վելնես» մարզասրահը, Օլիմպավանը, «Փարավոն» ռեստորանային համալիրը, որտեղ հարսանիքներ եւ այլ արարողություններ էին նախատեսված, «Շանգրի Լա» խաղատունը եւ այլն: Տպավորություն է, թե նպատակը որքան հնարավոր է՝ մեծ վնաս հասցնելն է սեփականատիրոջը, որը հսկայական հարկեր էր վճարում եւ մեծ թվով մարդկանց ապրուստի միջոցով էր ապահովում:
«Մեկ շաբաթ առաջ «ժողովրդավար» Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ ոչ ժողովրդավարական քայլ, կապարակնքվեցին «Մուլտի կոնցեռն»-ին պատկանող 70 հիմնարկներ, ինչի արդյունքում 0 հազար աշխատակից մատնվել է պարապուրդի: Այժմ մենք հայտնվել ենք շատ ծանր խնդիրների առաջ` կապված աշխատավարձերի հետ: Մարդիկ ամրագրումներ են արել, արդեն մեկ շաբաթ է՝ բողոքներ ենք ստանում։ Ի դեպ` դժգոհությունները ոչ, միայն հաճախորդներից են, այլեւ` մեր պարտնյոր կազմակերպություններից, քանի որ մենք նաեւ աշխատում ենք միջազգային տարբեր ընկերությունների հետ, ունենք շահած մեծաքանակ տենդերներ եւ այլն: Այժմ այս ամենը ոչնչացնել քաղաքական ենթատեքստերի համար… Հյուրերին հանեցին, դուրս վռնդեցին, մարդկանց թողեցին գործազուրկ, սա անելու բան չէր, անգամ թույլ չէին տվել, որ մաքրուհիները հյուրերից հետո իրենց գործն անեին, ամառային ֆոնդը, քոթեջները լրիվ կեղտի մեջ են, ամեն ինչ թափթփված։ Կառավարությունը պետք է բացի մեր հիմնարկը»,- ասաց Ծաղկաձորի «Մուլտի Ռեստ Հաուս»-ի աշխատակիցը:
Հիշեցնենք․ հուլիսի 6-ի առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաեւ Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաեւ՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Երեկոյան Ծառուկյանին ձերբակալեցին, ապա կալանավորեցին 2 ամսով։ Գործարարը ու եւս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության եւ փողերի լվացման օժանդակության մեջ։ Մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: Խարդախության մեղադրանքի առնչությամբ անգամ Հայաստանում Իրանի դեսպանն իր ասուլիսում խոսեց` ասելով, որ Իրանի քաղաքացու եւ Ծառուկյանի միջեւ քաղաքացիաիրավական հարաբերություններ են եղել: Իսկ Ծառուկյանի փաստաբանները պատմեցին, որ այդ իրանցիները դիմել են իրենց երկրի իրավապահներին, որտեղ նրանց բողոքը` ընդդեմ Ծառուկյանի, մերժվել է, եւ խարդախության հանցակազմ չի հայտնաբերվել: