Համաշխարհային տնտեսությունը ցուցաբերել է հիանալի տոկունություն, սակայն դեռեւս շարունակում է կրել իր վրա կորոնավիրուսային համավարակի բերած, Ուկրաինական պատերազմով առաջացած եւ մեկնարկային տոկոսադրույքների բարձրացմամբ պայմանավորված բացասական հետեւանքները, եզրակացնում է Արժույթի միջազգային հիմնադրամը։
Համաձայն հաղորդման, չնայած վերականգնումը շարունակվում է վերջին մի քանի տարիների ընթացքում կրած ցնցումներից հետո, սակայն այն դանդաղ է եւ անհավասարաչափ։ ԱՄՀ ղեկավար Քրիստալինա Գեորգիեւայի կարծիքով, գլոբալ տնտեսական աճն ամենայն հավանականությամբ կմնա միջին 3,8 տոկոսանոց ցուցանիշից բավական ցածր մակարդակում, որը վերջին երկու տասնամյակների համար արձանագրված միջին ցուցանիշն է, եւ աշխարհը 2020 թվականի ցնցումների պատճառով կորցրել է 3,7 տրիլիոն դոլարի տնտեսական արտադրանք։ Համաձայն ԱՄՀ ղեկավարի, Միացյալ Նահանգները միակ խոշոր տնտեսությունն է, որտեղ արտադրանքի ծավալները վերականգնվել են մինչեւ նախապանդեմիական ցուցանիշներ։ Մնացած ողջ աշխարհում դեռ այդ վիճակին չեն կարողանում հասնել։
Հատկապես խնդրահարույց է աղքատ երկրների վիճակը, քանի որ նրանք ունեն չափազանց սահմանափակ հնարավորություն իրենց տնտեսության համար բուֆերային գոտի ստեղծելու եւ առավել խոցելիներին աջակցելու համար։ Իրավիճակի վրա ազդում է նաեւ Չինաստանի տնտեսության վերականգնման ոչ այնքան ոգեւորիչ տեմպերը։ Այնուամենայնիվ, չնայած եղած խնդիրներին, Համաշխարհային տնտեսությունը անակնկալ կերպով ցույց տվեց, թե որքան տոկուն է նաեւ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից սահմանված մեկնարկային բարձր տոկոսադրույքների հանդեպ։ Գեորգիեւան հույս ունի, որ ամեն բան կդասավորվի այնպես, որ այդ առումով էլ հնարավոր կլինի կատարել «փափուկ վայրէջք», խուսափելով ռեցեսիաներից։ Քրիստալինա Գեորգիեւան նաեւ ասել է, որ թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ ինֆլյացիայի դեմ պայքարը։