Հասարակություն

Ով է Ռուբեն Հակոբյանին կալանավորած դատավորը

Ով է Ռուբեն Հակոբյանին կալանավորած դատավորը

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կեսգիշերին երկու ամսով կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։

Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմնադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռ.Հ.-ն 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով՝ հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ։

2025 թվականի հուլիսի 18-ին քննիչի միջնորդության հիման վրա մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ Ռ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նույն օրը Ռ.Հ.-ն դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է:

Քրեական դատարանի խոսնակ Լիանա Ռաֆայելյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ կալանք տվող դատավորը Մանվել Շահվերդյանն է եղել։

Իսկ ո՞վ է Մանվել Շահվերդյանը, և իր հետ կապված ի՞նչ պատմությամբ է նա հայտնի:

2021թ. հունիսի 20-ին՝ դեռևս երեկոյան 20.00-ին, պետք է հրապարակվեր բժիշկ Արմեն Չարչյանի վերաբերյալ դատարանի որոշումը, որով պաշտպանական կողմը վիճարկում էր նրա ձերբակալության իրավաչափությունը։ Այդ ժամանակ վերջինիս պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդևանյանը գրել էին, որ իրենց ժամ չի ասվել` երբ կկայանա որոշման հրապարակման դատական հետաձգված նիստը։

Այդ օրը՝ կեսգիշերն անց, լրատվամիջոցներին հայտնի դարձավ, որ նույն օրը՝ որոշման հրապարակումը հայտարարված ժամից շուրջ կես ժամ առաջ դատավոր Մանվել Շահվերդյանին առևանգում են խորհրդակցական սենյակից ու տանում ԱԱԾ տնօրենի տեղակալի մոտ։ Դա այն տեղակալն է, որն այսօր արդեն ԱԱԾ տնօրեն է դարձել: Նրանից պահանջում են իրավաչափ ճանաչել բժշկի ձերբակալության որոշումը, ինչը դատավորը մերժում է` ասելով, որ նման հիմքեր չկան։ Տեսնելով, որ չեն կարողանում ազդել դատավորի վրա, նրան, փաստորեն, պահել էին պատանդի կարգավիճակում, որպեսզի թողնեն առավոտյան, երբ արդեն կքննվի բժշկին կալանավորելու հարցը, որպեսզի վերջինս ազատության մեջ չլինի։

2023-ի հունիսի 5֊ին Երևանի քրեական դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանը շուրջ 4 ժամ տևած դատական նիստից հետո, որի ընթացքում քննարկվում էր Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով մեղադրյալի՝ Գայանե Հակոբյանի խափանման միջոցի փոփոխության հարցը, որոշում կայացրեց բեկանել առավոտյան Վերաքննիչ դատարանի կողմից ընդունված որոշումը մեղադրյալի կալանք խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու վերաբերյալ և կրկին մեկ ամսով կալանավորեց նրան:

Պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին դատավորին, նշեցին, որ վերջինս ենթարկվել է կողմնակի ազդեցության՝ ուղիղ Նիկոլ Փաշինյանի կողմից:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image