Մշակույթ

ԿԳՄՍՆ-ն թատրոնը տարավ սնանկության, որպեսզի չվճարի 175 մլն-ի պարտավորությունը

ԿԳՄՍՆ-ն թատրոնը տարավ սնանկության, որպեսզի չվճարի 175 մլն-ի պարտավորությունը

Խորեոգրաֆիայի պետական թատրոնի աշխատակազմի աշխատավարձերի չվճարման վեճով դեռեւս 2019-ից սկիզբ առած դատական գործը թեպետ հանգուցալուծվել է, բայց ի կատար չի ածվել: Հիշեցնենք, որ Խորեոգրաֆիայի պետական թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանն ու աշխատակիցները հայց էին ներկայացրել դատարանում, որը բավարարել էր թատրոնի աշխատողների հայցը, սակայն ԿԳՄՍՆ-ի կողմից դատական ակտը բողոքարկվեց վերաքննիչ դատարան, որտեղ եւս գործի քննությունը լուծվեց հօգուտ աշխատողների, եւ մերժվեց նախարարության բողոքը: Հատկանշական է, որ վճիռն արդեն 2 տարի ուժի մեջ է մտել, բայց այդպես էլ նախարարության կողմից չի կատարվել: Համաձայն վճռի՝ ԿԳՄՍՆ-ն թատրոնին պետք է վճարի 175 մլն դրամ՝ հարկադիր պարապուրդի համար։

«Ամենասարսափելին այն է, որ պետությունն իր՝ պետության որոշումը չի կատարում»,- ընդգծում է թատրոնի նախկին տնօրեն Գ․ Կարապետյանն ու հավելում, որ այս ամբողջ իրավիճակի պատասխանատուն ու կազմակերպիչը ԿԳՄՍ նախարարությունն է․ «Ես պարբերաբար գնացել եմ նախարարություն, իրավաբանական վարչությունն ամեն անգամ ասել է՝ սպասում ենք հարկայինին, որ սնանկ ճանաչվի․․․ իրենք ի՞նչ գիտեին, որ հարկայինը մեզ սնանկ է ճանաչելու, ուրեմն իրենք էլ կազմակերպել են սնանկության այս գործընթացն ու միտումնավոր պահել են իրենց նշանակած թատրոնի տնօրենի ԺՊ Լիլիթ Փալանջյանին, այն դեպքում, որ, Աշխատանքային օրենսգրքի համաձայն, 6 ամսից ավելի ԺՊ պահելու իրավունք չկա»։

Նախկին տնօրենն ասում է՝ ԿԳՄՍՆ-ն նպաստել է, որ թատրոնը տարվի սնանկության, ինչը քրեական հանցագործություն է․ «Այս ամեն ինչի գլուխ կանգնած են ԿԳՄՍ նախարարությունն ու Լիլիթ Փալանջյանը, որին նշանակել են թատրոնի տնօրենի ԺՊ, որը մեկ օր անգամ չի աշխատել»։ Հետաքրքրական է, որ Լիլիթ Փալանջյանն էլ իր հերթին է դիմել դատարան. «Նա մեկ օր չաշխատելով՝ դիմել է դատարան ու դատարանից պահանջել է աշխատավարձ, դատարանն էլ բավարարել է նրա հայցը, եւ նախարարությունն էլ վճարել է Լիլիթ Փալանջյանին»։

Ստացվում է՝ մի դեպքում դատարանի վճիռը կատարվել է, իսկ իրենց դեպքում՝ ոչ։ «Դատարանի վճիռը չեն կատարում, որովհետեւ խայտառակ փաստի առաջ կկանգնեին, ու կկոտրվեր ԿԳՄՍ նախարարության գլխին, դրա համար իրենց շահերից էր բխում, որ այս սնանկության գործը բերեն հասցնեն ավարտին եւ թատրոնը սնանկ ճանաչեն։ Բայց այս պարագայում հարկային մարմինն էլ է մեղավոր, Լիլիթ Փալանջյանը տվել է զրոյական հաշվետվություններ՝ շրջանցելով թատրոնի հաշվապահին ու օգտվելով մեկ այլ հաշվապահի ծառայություններից։ Ստացվում է՝ թատրոնի տված հաշվետվությունների համաձայն, աշխատակիցներն աշխատել են, բայց ցուցանիշները զրոյական են։ Հարկային պարտքը դարձել է 2 միլիոն եւ ավելի, նա էլ դիմել է դատարան ու թատրոնը ճանաչել է սնանկ»։
Սակայն ամենաաբսուրդն այն է, որ կառավարությունն ամեն տարի, ընդհուպ մինչեւ 2024-ը, շուրջ 36 մլն դրամի հատկացում է արել թատրոնին, որը, սակայն, չի հասել իրենց: Բացատրել են նրանով, որ տնօրենը հայտ չի ներկայացրել, ուստի սուբսիդիայի պայմանագիր չեն կնքել․ «Բայց եթե նախարարությունը քեզ ապօրինության է դրդում, պետք է գերակա ճանաչես օրենքը, որին ենթակա է ինքը, եւ կարող էր նախարարության արածն արհամարհեր, տաներ հայտը ներկայացներ, հաշվետվությունը ստորագրեր եւ գնար առաջ։ Բայց քանի որ Լիլիթ Փալանջյանի հովանավորը նախարարությունն էր, այդ իսկ պատճառով, ձեռք-ձեռքի տված, այս ամենը գլուխ են բերել»։

Գ․ Կարապետյանն ասում է՝ իրենք տեղյակ չեն եղել այս ամենի մասին, եւ որ դատարանը թատրոնը ճանաչել է սնանկ․ «Քանի որ թատրոնն անգլուխ է, թատրոնի տնօրենի ԺՊ-ի հետ իրենց բոլոր հարցերը լուծել են, նախարարությունը դիմել է կառավարություն, եւ մեր 36 մլն բյուջեից 10, թե 8 մլն-ն կտրել են թատրոնի բյուջեից, տվել են ուսումնական մաս, այսինքն` Պարարվեստի պետական քոլեջ, որտեղ աշխատում է Լիլիթ Փալանջյանը, եւ դրանով վճարվել է Լիլիթ Փալանջյանի պարտքը, որպես խորեոգրաֆիայի թատրոնի տնօրենի ԺՊ՝ հավանաբար, նրա բերանը փակելու համար։ Ու դրանից հետո Լ․ Փալանջյանն ազատվել է աշխատանքից, իսկ թատրոնը թողել են անտնօրեն, ու մենք այս ամենից անտեղյակ ենք եղել»։

Ու քանի որ իրենց համբերությունն արդեն հատել է, նախկին տնօրենն ու աշխատակիցները նախօրեին գնացել են կառավարություն ու պահանջել, որ իրենց պատասխան տան։

Ստացվում է՝ տնօրենի ԺՊ-ի ձեռքով ԿԳՄՍՆ-ն թատրոնը սնանկ ճանաչեց՝ դրանով կանգնեցնելով թատրոնը լուծարման առաջ․ «Կարգն այսպես է, որ եթե երկու կողմերը, այս դեպքում՝ թատրոնը եւ հարկային մարմինը, սնանկությունից 2 ամիս հետո առողջացման ծրագիր չեն առաջարկում, ապա թատրոնը գնում է լուծարման։ Հիմա մենք այդ փուլում ենք։ Դրա համար մենք դատախազությունից պահանջել ենք կասեցում, բայց ասում են՝ մենք իրավասու չենք նման գործառույթ իրականացնելու։ Եղբայր, մեր 36 մլն-ն տայիք՝ հարկայինի 2 մլն-ն փակեինք․․․, հակառակ դեպքում ստացվում է՝ գործող թատրոնին մեջքից խփել եք ու սնանկության տանելով եք փորձում թատրոնը լուծարել»։

Նախարարությունը, ըստ Կարապետյանի, գիտակցաբար է գնացել սնանկության տանելու ճանապարհով, որպեսզի թատրոնին չվճարի 175 մլն-ն եւ դրանով հարցը փակի։ Ասում է՝ եւս 2 շաբաթ կսպասենք, դրանից հետո դիմելու ենք Եվրադատարան, որովհետեւ համբերության բաժակը լցվել է․ այս 6 տարվա ընթացքում 4 նախարար են փոխել, թատրոնի աշխատակիցներից 2-ը մահացել են, 2-ը ֆիզարձակուրդում են, որոնք անհասկանալի կարգավիճակում են հայտնվել, ինչպես ողջ թատրոնը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image