Իրենք մեզ պետք են ողջ եւ առողջ, գյուլլելու ցանկություն չունենք… Կարիք կա՞ մանրամասնելու, թե ով է ասողը, ու ովքեր են այդ «իրենք»-ը: Սա հայտարարել է Իշխան Սաղաթելյանը, իսկ «իրենք»-ը Նիկոլենք են, որ արդեն 2 շաբաթ է՝ 3 ֆրոնտով պատերազմ են հայտարարել հայությանը՝ Եկեղեցուն, ազգային բարերարներին եւ ազգային ուժերին: Ուզածներն էլ այն է, որ հայությանը զբաղեցնեն այդ պատերազմներով, իսկ իրենք, առոք-փառոք, Սյունիքն արտապատվիրակեն թուրքերին կամ ինչ-որ ամերիկյան ընկերության: Կարճ ասած՝ տալու գործ կա, իսկ ամենալավ տվողը` արդեն հանրահայտ ճշմարտություն է, իրենք են:
Արդ, ուրեմն, ընկեր Իշխան, ես Ձեզ հետ համաձայն չեմ: Իրենք ինձ ո՛չ ողջ, ո՛չ առողջ, ո՛չ էլ մանավանդ դագաղի մեջ են պետք: Արցախը տվին, նրանց օրոք Հայաստանը ենթարկվեց անեքսիայի, հիմա էլ՝ Զանգեզուրի միջա՞նցք… Ես դրանց դեսն ուղարկողի… Ամենալավ Նիկոլն ինձ համար արտապատվիրակված Նիկոլն է՝ արտապատվիրակված իր ողջ թիմով: Ո՞ւմ, ո՞ւր, ինչպե՞ս՝ էական չէ: Միայն թե արտապատվիրակվի:
Դե, իսկ նրանց արտապատվիրակելու ամենալավ տեղը Լուսինն է: Երկրագնդի վրա նրանք մի տեղ ծիլ կտան, կամրանան ու էլի հետ կգան: Այս իմաստով՝ Լուսնի վրա ապահով է: Լուսնի բնակիչներին պետք է նամակ գրել, որ այսպես ու այսպես, ձեզ մոտ ենք ուղարկում անազգություն ու անհայրենիք մի խումբ երկոտանիների, վարվեք նրանց հետ՝ ինչպես ուզում եք: Նկատի ունեցեք, որ նրանց Երկիր մոլորակին արտահանձնելու կամ արտապատվիրակելու իրավունք չունեք: Նրանք պետք է մնան ձեզ մոտ՝ մինչեւ իրենց անիմաստ օրերի վերջը: Եթե մի գործ գտնեք նրանց համար, լավ կլինի, այլապես ձեր բյուջեն ի վիճակի չի լինի կերակրել այդ խմբին… Սարսափելի շատակեր են: Աշխատեք նրանց հեռու պահել ձեզ համար կենսական նշանակություն ունեցող օբյեկտներից, թույլ չտալ խառնվել անվտանգության համակարգերի աշխատանքներին, զինվորական ծառայության չվերցնել, պարեկություն չվստահել, դատախազի պաշտոն չտալ, կրթության նախարարության շեմքից ներս չթողնել: Ես ձեր կրոնական հավատալիքների մասին շատ քիչ բան գիտեմ: Արդյո՞ք դուք եկեղեցիներ կամ այլ տաճարներ ունեք, որտեղ աղոթում եք: Եթե այո, ապա նպատակահարմար է Երկրից ժամանած այս անաստվածների խմբակին դիսլոկացնել լուսնային որեւէ անապատում կամ ձորակում: Նրանց կոմպակտ բնակության վայրերը փշալարերով առանձնացնել ձեր քաղաքներից եւ գյուղերից: Տառապանքս փորձ ունի, ինչպես ասել է մի երկրային պոետ: Ի դեպ, հարգելիներս, եթե մեզ օգնեք տրանսպորտի հարցում, երախտապարտ կլինենք: Մեր ունեցած միակ «արբանյակը» փչացել է, տվել ենք նորոգման եւ չգիտենք, թե երբ պատրաստ կլինի: «Յանդեքսը» թանկ է ուզում, GG-ն էլ ասում է՝ ճանապարհի կեսին դրանց իջեցնեմ մեքենայից, որ տիեզերքում ցիրուցան լինեն: Վատ տարբերակ չէ, բայց Աստված գիտի, թե որ մոլորակի վրա կհայտնվեն ու կսկսեն այնտեղից վնաս տալ մեզ: Այնպես որ, Լուսնի վրա ամենաապահովն է՝ ձեր վերահսկողության տակ: Դուք տիեզերանավն ուղարկեք, իսկ հետադարձի բենզինը մենք կլցնենք…
Ինձ երբեմն հարցնում են՝ իսկ ինչո՞վ է Պապուա-Գվինեան վատ Լուսնից, մանավանդ որ Երեւանից էլ հեռու է գրեթե այնքան, ինչքան Լուսինը: Ոո՜չ, ոչ մի պարագայում: Պապուասները մեղք են, ինչո՞ւ նրանց ենթարկել այն փորձություններին, որ մենք կրեցինք սրանց երեսից: Դուք գիտե՞ք, որ պապուասները մի քանի տեսակ պապուասերեն խոսող խմբեր են, ունեն իրենց հավատալիքներն ու կրոնները, թեեւ համարվում են քրիստոնյա: Նրանց պաշտամունքի առարկաներն իրենց նախկիններն են, տոտեմները, զանազան կենդանիները: Հապա Նիկոլին իր խմբակով պատկերացրեք պապուասների մեջ… Հեղափոխություն, հակակոռուպցիոն պայքար, ահաբեկչությունների կանխարգելում, քաղաքական հալածանքներ, կոկոսի պլանտացիաների ազգայնացում… Պատկերացրի՞ք… Իսկ Նիկոլը գիտի՞, թե ինչպես են կոկոս քաղում ծառից: Պիտի վեր ըլի ծառին, վեր ընկնի քարին ու... վայ, Նիկոլ ջան, վայ, բալա ջան… Էդ անտեր ծառն էլ, ես տեսել եմ` շատ բարձր է: Մինչդեռ վերջին 10 հազար տարում ոչ մի պապուաս դեռ կոկոսի ծառից չի ընկել: Պատճառն այն է, որ պապուասները կոկոս քաղելու համար ծառը չեն բարձրանում: Ծառից մի քիչ հեռու սպասում են, որ կոկոսը հասնի եւ թեթեւ քամուց ընկնի գետնին: Նիկոլին ո՞ւր է այդքան համբերություն:
Անշուշտ, մեր ԱԱԾ պադվալներում էլ կարելի է լուսնային պայմաններ ստեղծել Նիկոլի ու իր խմբակի համար, բայց դա մեզ վրա ծանր կնստի: ԱԱԾ-ի պադվալում օրը 3 անգամ հաց են տալիս, շաբաթը 2 անգամ լողացնում, անկողին ու փոխնորդ տրամադրում: Հարկատուներիս վզին կմնան, իսկ ես միտք չունեմ մինչեւ կյանքիս վերջը դրանց պահելու: