ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի՝ լրագրող Կարպիս Փաշոյանին տված վերջին աղմկահարույց հարցազրույցի մասին բավականին շատ խոսվեց: Ի վերջո՝ ինչպես ասում են՝ սեղանին դրված է ավելի քան մեկ ժամանոց ծավալուն հարցազրույց, որին եթե նայենք որպես ուսումնասիրման կամ հետազոտման նյութ, բավական հետաքրքիր է մի քանի առումներով։ Նախ, որ բավականին ամփոփ կերպով ներկայացնում է մեր ժամանակակից իրականության բարձրաստիճան կղերականներից մեկի ընդհանուր քաղաքական մոտեցումները, վերաբերմունքը Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում եւ հանրային-քաղաքական դիսկուրսում տեղի ունեցող բազմաթիվ երեւույթների, քաղաքական կյանքի դերակատարների հանդեպ։ Տողերիս հեղինակի համար այդ հարցազրույցը հենց այդպիսի հետազոտման նյութ է եւ ըստ այդմ, էլ կփորձենք որոշ արձանագրումներ անել.
• Նախ եւ առաջ՝ նշենք, որ ի դեմս Աջապահյան արքեպիսկոպոսի, գործ ունենք բավականին հավակնոտ եւ յուրատեսակ բարդ բնավորություն ու խառնվածք ունեցող մարդու հետ, ով անխոս բավականին խելացի է, ունի փորձ եւ կարողանում է իր գիտելիքներն ու փորձը օգտագործել այնպես, որ մշտապես կամ գրեթե մշտապես մնա ասպարեզում, այսինքն՝ լինի տարատեսակ հանրային քննարկումների առանցքում։ Կարող ենք նաեւ ֆիքսել, որ ըստ էության, գործ ունենք քաղաքական եւ PR տեխնոլոգիաներին բավականին լավ տիրապետող մեկի հետ․ ի վերջո «սեւ PR»-ը եւս PR է։
• Համեմատելով այս հարցազրույցում եւ մինչ այս հարցազրույցը՝ այլ հարցազրույցներում նրա՝ ընդհանուր քաղաքական մտքերը (Գյումրու ապագա քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին նրա՝ նախորդիվ արած հայտարարություններն ու դրանց այժմյան սրբագրումներին կանդրադառնանք առանձին) կարող ենք ասել, որ ունի բավականին կայուն քաղաքական համոզմունքներ։ Հատկապես Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախաձեռնած «Սրբազան Պայքար» շարժման՝ ներկա փուլում ձախողումից հետո, նրա արտահայտած տեսակետները` կապված «ստվերների» ու «ուրվականների», քաղաքական դաշտի այս կամ այն «ակտորների» հեռանալու անհրաժեշտության հետ, հարցազրույցից հարցազրույց կրկնվում են ու նա անդրդվելի է այդ առումով, անկախ այն հանգամանքից, թե յուրաքանչյուր «աղմկոտ» հայտարարությունից հետո քննադատության եւ թիրախավորման ինչպիսի «դոզա» է ստանում։ ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների հանդեպ նրա վերաբերմունքի հետ կապված՝ կանդրադառնանք ստորեւ։
• Գյումրու ապագա քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին նրա նախորդիվ արած հայտարարություններն ու դրանց այժմյան սրբագրումները ցույց են տալիս, որ Աջապահյանը փորձում է «դեռ սկզբից» չլարել հարաբերությունները քաղաքային նոր իշխանությունների հետ, որոնց հետ պետք է աշխատի որպես Գյումրու առաջնորդ եւ պահպանել թեկուզ դրական-նեյտրալ հարաբերությունների ֆոնը։ Հատկապես, որ խոսքը ընդդիմադիր քաղաքային իշխանությունների մասին է լինելու, իսկ «որպես միակ ընդդիմադիր» հայտ ներկայացրած անձի՝ Աջապահյանի համար այնքան էլ հարիր չէր լինի «հենց սկզբից» լարված հարաբերություններ ունենալ ընդդիմադիր քաղաքային իշխանությունների հանդեպ։ Այս իմաստով՝ Աջապահյանը փորձում է մանեւրել։ Թե ինչքանով է դա հաջողվելու կամ ոչ՝ ցույց կտա ժամանակը։
• Երկրորդ եւ երրորդ նախագահների հանդեպ վերաբերմունքի եւ նրանց մասով արված հայտարարությունների մասին մեծ հաշվով բան էլ չկա ասելու։ Բոլորս էլ լավ ենք հիշում բոլորի՝ եւ տված խոստումները, եւ թե դրանցից որոնք են կատարվել եւ որոնք մնացել որպես զուտ խոստում։ Ու բացի այդ էլ՝ հայաստանյան քաղաքական դաշտում կարելի է ասել, որ բոլորը բոլորին արժեն ու քաղաքական տեսական միտք` որպես այդպիսին չենք ունենա այնքան ժամանակ, քանի դեռ բնական սերնդափոխություն չլինի։ Մեզ համար մի փոքր տարակուսելի է թերեւս այն, որ երկրորդ նախագահի հանդեպ դրվատանքով խոսելիս, Աջապահյանը մոռանում է, որ ինքն առաջիններից մեկն է եղել, ով բարձրաձայն՝ եթերից է հայտարարել, թե «Ռոբերտ Քոչարյանը չուներ իրավունք լինելու ՀՀ նախագահ, բայց դարձավ» (այս մասին իր մի հարցազրույցում պատմել է հենց Աջապահյանը)։