«Հրապարակի» զրուցակիցը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն է։
- Իշխանավորները շարունակում են Հայաստանի արտաքին պարտքն ավելացնելու հաշվին չափազանց մեծ պարգեւավճարներ ստանալ: Օրինակ` Ազգային ժողովի պատգամավորներից յուրաքանչյուրը ստացել է 3 միլիոն դրամ պարգեւավճար: Պաշտպանության նախարարությունում բարձրաստիճան պաշտոնյաները եւս չաղլիկ պարգեւավճարներ են ստացել, մինչդեռ թոշակառուները կիսասոված գոյատեւում են` 40-50 հազար դրամով: Ի՞նչ երեւույթ է սա:
- Սա դասական քաղաքական կոռուպցիա է, Դուք նշում եք երկու ինստիտուտի մասին, սակայն բոլոր պետական կառույցներում էլ նույն պատկերն է, այնպես չէ, որ մյուս նախարարություններում մեծ թվով պարգեւավճարներ չեն ստացել: Փաստորեն, հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ, ուզում են լոյալություն ցույց տալ, որպեսզի պետական համակարգում աշխատողները հիշեն, թե որքան շռայլ են իշխանությունները եւ թե ինչպիսի մեծ լավություններ են արել իրենց: Կառավարությունը գնում է այդ քայլին՝ հույս ունենալով, որ այդ մարդիկ կգնան եւ կընտրեն իրենց: Սովորական երեւույթ է սա ամբողջ աշխարհում: Հայաստանն այս իմաստով բացառիկ չէ:
- Բայց Հայաստանը բացառիկ է աղքատության ցուցանիշներով, արտաքին պարտքի մեծացմամբ ու ռեսուրսների պակասով:
- Այո, մենք ունենք ահռելի խնդիրներ: Աղքատությունը՝ դեռ մի կողմ, եթե կա գումար, պետք է մտածել արտադրամասեր, գործատեղեր ստեղծելու մասին…. Չենք ասում՝ փողը տանեն բաժանեն աղքատներին, չէ, բայց աշխատատեղեր են հարկավոր մարդկանց: Եթե կարողանային ռազմավարական մտածողությամբ առաջնորդվել, եթե իսկապես խնայողություններով են տվել այդ պարգեւատրումները, ինչն ինձ համար տարօրինակ է, ապա դա կարելի էր նպատակային օգտագործել: Իբրեւ թե կատարողական են գնահատել եւ դրա արդյունքում են գումարներ տրամադրել: Կառավարության նոյեմբերի 27-ի 727-րդ որոշումով է դա եղել: Գումարները հատկացվել են կառավարության պահուստային ֆոնդից: Այն արվել է՝ հիմնվելով կատարողականի գնահատականի վրա: Բայց, ամեն դեպքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրում այսքան խնդիրներ կան, լավ կանեին՝ դրանց մասին մտածեին: Կապսի ջրամբարը տապալվեց: Արժեր հասկանալ, թե ինչի համար այն պետք է դրսի ընկերություն աներ, այլ ոչ թե, ասենք, տեղական մի ընկերություն: Ինչո՞ւ հնարավոր չի լինում տենդերներն այնպես անել, որ մեծ շինարարական ընկերությունները շահագրգռվեն նման հարցերում, որպեսզի նման խայտառակ վիճակ չստեղծվեր: Տեղի բնակչությունը մեծ հույսեր ուներ: Կամ` ի՞նչ եղավ Աջափնյակի մետրոն: Փաստորեն, փոխանակ նման հարցերի մասին մտածեն, տրոլեյբուսներ են գնում, չգիտես թե ում համար: Ոտք ու գլուխ իրար են խառնվել: Չկան ռազմավարական նորմալ ծրագրեր:
- Իսկ մեզ նման աղքատ երկրում ինչո՞ւ է, օրինակ, ինչ-որ նախարարության խոսնակ ստանում 2 մլն 600 հազար դրամ պարգեւատրում:
- Խոսքը մեկ նախարարության մասին չէ, բոլոր տեղերում էլ եղել են պարգեւավճարներ: Մեկ նախարարություն պետք չէ առանձնացնել: Ես հենց հիմա իմ ձեռքի տակ ունեմ մի փաստաթուղթ, որում նշված է այդ մասին: Կառավարության այս տարվա դեկտեմբերի 4-ի որոշման մասին է խոսքը: Այնտեղ գրված է, որ բոլոր նախարարություններում ստանալու են պարգեւատրում, բարձր պաշտոններ զբաղեցնողները բարձր պարգեւատրումներ են ստանում` աշխատավարձի երկու-երեք անգամ ավելիի չափով: Մարդիկ խնայել են, հիմա էլ Նոր տարի եւ Սուրբ ծնունդ են նշում: Կառավարության ֆոնդից են տվել այդ բոլոր գումարները` հարկաբյուջետային ռիսկերի համար նախատեսված գումարներից: Կառավարությունը ռիսկեր չի տեսել, չունի չեզոքացման խնդիր, գնաճն իր համար նորմալ է, ոչ մի բան չեզոքացնելու կարիք չի եղել, եւ որոշել են գումարներն ուղղել պարգեւավճարներին: