Ռուսական NTV-ն նոյեմբերի 3-ից սկսել է նոր պատմական դրամատիկ մասշտաբային սերիալի ցուցադրությունը, որը կոչվում է «Կոստանդնուպոլիս»։ Այն պատմում է 1920-ականներին Ռուսաստանից հեռացած էմիգրանտների՝ հայրենազրկված ու անհայրենիք մնացած ռուսների մասին։ Նրանց շարքում է նաեւ սպիտակգվարդիական սպա Սերգեյ Ներատովը։ Հերոսը կորցրել է հայրենիքը, ընտանիքը, հավատը։ Կոտրված է ու բացարձակապես միայնակ։ Սակայն հենց նրան է վիճակված գլխավորելու էմիգրացիան, որպեսզի օգնի հայրենակիցներին՝ պահպանելու այն, ինչին կարողացել են հասնել օտար ափերում։
Սերիալի գլխավոր դերերում հանդես են եկել Ալեքսանդր Ուստյուգովը, Օքսանա Ակինիշինան, Կիրիլ Կյարոն, Վյաչեսլավ Չեպուրչենկոն ու Սերգեյ Մարինը։ Քաղաքացիական պատերազմի պարտությունից հետո Ռուսաստանից փախչում են սպիտակգվարդիականներ եւ խաղաղ մարդիկ, որոնք չեն ընդունել նոր իշխանություններին։ Վրանգելի ջախջախված բանակի սպա Սերգեյ Լվովիչ Ներատովը (նրա կերպարը մարմնավորում է Ալեքսանդր Ուստյուգովը) կարողանում է Ղրիմի վրայով հասնել Կոստանդնուպոլիս։ Նա կորցրել է հայրենիքը, կնոջն ու զավակներին սպանել են։ Օտարության մեջ տեսնում է, որ իր հայրենակիցներին ընկալում են որպես երկրորդ սորտի մարդիկ։ Նրանցից շատերը հայտնվել են ստորացուցիչ աղքատության մեջ, նույնիսկ հանցագործություններ են անում՝ մոռանալով պատվի, կարեկցանքի եւ պարտքի զգացման մասին։ Հերոսն աստիճանաբար դառնում է ռուսական էմիգրացիայի չհայտարարված առաջնորդը։ Որպեսզի կարողանա պաշտպանել արժանապատիվ կյանքի նրանց իրավունքը, նա ստիպված է դիմագրավել բանդիտներին ու քաղաքի օկուպացիոն իշխանություններին։
«Իմ կարծիքով, սա ռուսական ոգու մասին պատմություն է։ Երբ մարդը երկար ժամանակ գտնվում է հարմարավետ պայմաններում, նրա մոտ գոյապայքարի զգացողությունը սկսում է բթանալ։ Մարդը, նույնիսկ կարելի է ասել, սկսում է լճանալ, քայքայվել ու արտակարգ իրավիճակներում հայտնվելով՝ կարող է կոտրվել։ Սակայն եթե մարդն ունի նպատակ, խիզախություն, ոգին ուժեղ է, ապա կարող է անցնել դժոխքի միջով ու հաղթող դուրս գալ։ Նա, ով չի կոտրվում, կարող է հաղթող դուրս գալ այդ գոյապայքարում»,- ասում է սերիալի ռեժիսոր Սերգեյ Չեկալովը։ Գլխավոր դերակատար Ալեքսանդր Ուստյուգովն էլ կարծում է, որ պատմական կինոնախագծերում ամեն բան հեշտ չէ՝ անհրաժեշտ է կառուցել դեկորացիաներ, պատրաստել ահռելի քանակությամբ կոստյումներ։ Ամեն բան պետք է լինի ճշմարտացի։ Կինոդիտողը պետք է տեղափոխվի այդ ժամանակներ եւ իրեն զգա տվյալ ժամանակի միջավայրում։ Նկարահանումների ժամանակ աշխատել են նաեւ պատմաբաններ ու ռազմական խորհրդատուներ։ Ուստյուգովը հիացած է իր մարմնավորած կերպարով։ Կարծում է, որ Ներատովը չափազանց ուժեղ ու կամային հերոս է, որը կարողանում է առաջնորդել Կոստանդնուպոլսի ռուսական էմիգրացիան եւ այդ պատասխանատվությունը կրել պատվով։ Սերիալը նկարահանվել է Մոսկվայում, Պետերբուրգում, Վիբորգում եւ Բաքվում։ Կոստանդնուպոլսի տեսարաններին ամենից մոտիկը համարվել են Բաքվի փողոցները, որոնք դարձել են «կենդանի դեկորացիաներ»։