Լրագրողների իրավունքների պաշտպան եւ ազատ խոսքի ջատագով ներկայացող Աշոտ Մելիքյանը՝ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ-ի նախագահը, օրեր առաջ Հ1-ի եթերում իշխանական պրոպագանդիստ Պետրոս Ղազարյանի հետ փնովում էր լրագրողներին ու լրատվական դաշտը` մոռանալով, թե ինչ փողոցային բառապաշար եւ ինչ բնույթի էթիկական խախտումներ է իրեն թույլ տալիս այս երկրի վարչապետը: Փոխանակ իշխանություններին քննադատեն, զբաղված են լրագրողներին թիրախավորելով: Մի մարդ, որին ամենաշատը կարելի է մեղադրել լրատվական դաշտի թերությունների համար, քանի որ 30 տարի շարունակ դրսից գրանտներ է ստացել այդ դաշտի կարգավորման, առողջացման, ազատ խոսքի կայացման համար, չգիտես ում է մեղադրում: Ցավոք, հայաստանյան նախկին քաղհասարակության 99 տոկոսն այդպիսիներից է կազմված` ոչ մի պատասխանատվություն եւ ոչ մի սկզբունքայնություն` կոնկրետ պահի շահով թելադրված վարքագիծ: Մելիքյանը, մասնավորապես, իր պաշտպանության տակ էր առել Նիկոլ Փաշինյանին` վերջին բրիֆինգի ժամանակ հնչեցրած հարցերի համար մեղադրելով լրագրողներին։
«Երեկվա բրիֆինգը կարելի է վերջին կաթիլը համարել, որ այլեւս հնարավոր չէ լռել։ Ես չէի ասի, թե դա նորմ է դարձել, ուղղակի լրագրությունն իսկապես դեգրադացիա է ապրել վերջին 5-6 տարիներին։ Կարծում եմ՝ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն կա․․․ Կարեւոր է, որ հասարակությունը սոցիալական պահանջ ձեւավորի եւ ասի՝ սա չենք ընդունում, սա լրագրություն չէ եւ նույնիսկ քարոզչություն չէ․․․ Այդ տեսակի լրագրողները նույնիսկ իրենց գործընկերներին չեն հարգում․․․ Այդպիսի լրագրողներն այդպիսի միջոցառումներում պիտի տեղ չունենան»,- նշել Մելիքյանը` իր խոսքով նպաստելով, որ իշխանությունն առաջիկայում սահմանափակի լրագրողների ազատությունը։ Իսկ Նիկոլ Փաշինյանի վարքագիծն էլ որակեց «զուսպ, հավասարակշռված»․ «Այդ առումով վարչապետի վարքն ինձ լիովին բավարարեց»։ Մելիքյանի դիտարկմամբ՝ շատ լրագրողներ քաղաքական շահեր են սպասարկում։
Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի հետ: Տիկին Սեյրանյանը, խոսելով նիկոլական երկու պրոպագանդիստների «լրջախոհ» դատողությունների մասին, նկատում է. «Այդ մարդիկ չունեն իրավունք՝ խոսելու լրագրողների անունից եւ, առհասարակ, լրագրող ներկայանալու, քանի որ նրանք ընդամենը կոնկրետ պրոպագանդիստներ են` այս իշխանությունների, եւ ոչ միայն: Առավոտից երեկո զբաղվում են մի բանով, ինչն իրենց չի վերաբերում: Այդ երկուսը հատկապես իրավունք չունեն խոսելու ինչ-որ մի լրագրողի դաստիարակված լինելու մասին: Երբ իրենց սիրելի վարչապետը պատրաստ է իր սեռական օրգաններն ի ցույց դնել սոցիալական ցանցերում եւ նման հայտարարություններ անել, երբ միջազգային մամուլն անգամ թարգմանում է այդ ամենը եւ սուր վերնագրերով հրապարակում դրանք, էլ ինչի՞ մասին կարող են այս մարդիկ խոսել: Ինձ բնավ չի հետաքրքրում, թե Նիկոլն իր մարմնի որ մասերը ում ցույց կտա, բայց քանի որ նա համարվում է Հայաստանի վարչապետը, այդ պահվածքը խիստ անթույլատրելի է: Ի՞նչ է արել լրագրողը, որ անդաստիարակ են անվանում: Նիկոլ Փաշինյանի գրքից կարդացել է հատվածներ: Այդ դաստիարակչական դասերը հիմա ո՞ւմ են ուղղված: Նրանք, ըստ էության, ընդունում են, որ Նիկոլ Փաշինյանն անդաստիարակ է: Կամ, ասենք` ի՞նչ է նշանակում` գրականություն երեւի չեն կարդացել: Ի՞նչ եք ասում, Պետրոս, լավ է գոնե վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի տեքստերը կարդում ես, ո՞վ ես դու ընդհանրապես: Դու գիտե՞ս, թե ինչ է նշանակում լրագրությունը: Ընդամենը մի շարքային ինտերվյու վարող ես եղել, որը ծառայում է բոլոր իշխանություններին: Նույնիսկ վախենում էիր` խմբագիրների փակ հավաքների ժամանակ վախից կակազելով էիր հարց տալիս նախագահներին, մոռացե՞լ ենք այդ ամենը: Մարդը հիմա անձնական խնդիր է լուծում, իր կնոջ պաշտոնի հարցն է լուծում, որ աշխատանքից չհեռացնեն: Իսկ ո՞վ է Աշոտ Մելիքյանը եւ ի՞նչ է արել իր կյանքում` որպես լրագրող: Ի՞նչ իրավունքով է լրագրողական համայնքի անունից ներկայանում․ շարքային գրանտակեր է, որը ծառայություններ է մատուցում: Թող պարզեն, թե Աշոտ Մելիքյանի ընտանիքի անդամները երբվանից ու որտեղ են աշխատում: Լրագրողական դաշտում, այո, ունենք էթիկայի հետ կապված խնդիրներ, բայց, ներողություն, երբ 2018 թվականից հետո բարձրաստիճան պաշտոն զբաղեցնողները, վարչապետը ամեն օր փողոցային բառամթերք են կիրառում, այդ բառապաշարով է խոսում նաեւ նրա կինը, նրա շրջապատը, ի՞նչ պետք է լիներ մամուլը: Մամուլը Մարս մոլորակի վրա առանձին գործունեություն ծավալող մարմին չէ: Խնդիրներ դաշտում միշտ են եղել, մեզ են սաստել` ավագները, մենք ենք սաստել, դա միշտ է եղել, բայց ո՞վ կարող է հիշել, որ երկրի ղեկավարը նման բառապաշարով խոսեր Եկեղեցու մասին, եկեղեցականի կամ որեւէ այլ քաղաքացու մասին: Ո՞վ է դաստիարակվածը` Նիկո՞լը: Այդ դեպքում թող ընտանիքներով շփվեն նրա հետ, բայց ո՛չ Հանրայինի եթերից: Մեր հարկերից սնվող հեռուստաընկերությունը դրա համար չէ»: