Այսօր տեղեկացրել էինք, որ ձերբակալվել է «Հանրային ձայն» կուսակցության խորհրդի անդամ Արտակ Գալստյանը, ոստիկանները ուժ կիրառելով նրան բերման էին ենթարկել: Մեզ հետ զրույցում Գալստյանի պաշտպան Լիլիա Մնոյանն ասաց, որ այս պահին Գալստյանը ձերբակալված է, ինքը գնում է դատարան.
«Պետք է կալանավորման միջնորդություն ներկայացնեն դատարան, որպեսզի պարզ լինի` կկալանավորե՞ն, թե՞ ոչ: Կփորձենք նյութերին ծանոթանալ, բայց նախօրոք ասեմ Ձեզ` պարոն Գալստյանը չի ընդունել ոչ մի մեղադրանք»,- ասաց պաշտպանը: Իսկ հարցին, թե որ վարույթի շրջանակներում է Գալստյանը ձերբակալվել, ինչում է մեղադրվում, պաշտպանը չցանկացավ պատասխանել` ասելով, որ այդ մասին կխոսի հաջորդիվ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ էական հանգամանքներ են պարզվել խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքերի վերաբերյալ։
Մասնավորապես՝ կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը և նույն կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը միմյանց հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել Տ. Ա.-ից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու վերաբերյալ։ 2022թ. մարտի 23-ին Ա. Գալստյանը հեռախոսակապ է հաստատել Տ. Ա.-ի հետ և պահանջել 53.806.500 ՀՀ դրամին համարժեք 110.000 ԱՄՆ դոլար գումար տրամադրել իրենց՝ հակառակ դեպքում նրա և նրա կնոջ վերաբերյալ Վ. Ղուկասյանի կողմից վարվող «Հանրային ձայն» հաղորդաշարի ընթացքում կհրապարակվեն նրանց պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, բարի համբավն արատավորող տեղեկություններ։ Տ.Ա.-ն չի կատարել նրանց պահանջը, որի հետևանքով Վ.Ղ.-ն իր youtube.com տեսանյութերի հրապարակման կայքում բացված էջով 2022թ. հոկտեմբերից մինչև 2023թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում մի քանի անգամ հրապարակել է նման տեղեկություններ։