Քաղաքականություն

Եթե հումորով չվերաբերվենք, կարող ենք և խելագարվել

Եթե հումորով չվերաբերվենք, կարող ենք և խելագարվել

«Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, դրական երկխոսություն: Գաղտնիք չէ, որ Թուրքիան այս գործընթացը որոշակիորեն կապում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հետ: Մեր գնահատմամբ, սա այնքան էլ կառուցողական մոտեցում չէ, եւ մենք մեր երկխոսությունը Թուրքիայի հետ ունենք առանց նախապայմանների, ունենք կոնկրետ պայմանավորվածություններ, սկզբում սահմանը մասնակի բացելու` երրորդ երկրների քաղաքացիների համար եւ Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար»,- երեկ խորհրդարանում Արարատ Միրզոյանն այսպես էր փորձում ներկայացնել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների ներկա մակարդակը: Ինչպես Արարատ Միրզոյանն է, այնպես էլ Հայաստանի արտաքին քաղաքականությունը. անիմաստ եւ անհեռանկար, բայց այլ բան չէր էլ կարելի սպասել, որ իրեն հարգող մարդը կհամաձայնի Նիկոլ Փաշինյանի ղեկավարության տակ արտգործնախարար աշխատել, դրա համար առնվազն պետք է Արարատ Միրզոյան լինել:

Մենք, բնականաբար, չենք կարող Արարատ Միրզոյանին խելք սովորեցնել, որովհետեւ դա ժամանակի եւ էներգիայի անիմաստ վատնում է: Բայց մեր տեսակետը՝ նրա կողմից արտաբերված բառերի մասին, չենք կարող չարտահայտել: Հայաստան-Թուրքիա ոչ մի երկխոսություն էլ գոյություն չունի, եւ չկա հարաբերությունների կարգավորման գործընթաց, որ մի հատ էլ այն դրական լինի: Կարո՞ղ է որեւէ մեկն ասել որեւէ դրական փաստ, որն արձանագրվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մեջ: Նման փաստ հնարավոր չէ ասել, որովհետեւ չկա: Թուրքիան չի փորձում հարաբերություններ կարգավորել Հայաստանի հետ. այն, ինչ նկարագրում է Արարատ Միրզոյանը, որպես հարաբերությունների կարգավորում, ընդամենը ճնշում է Հայաստանի վրա, որ Հայաստանը կատարի Ադրբեջանի պահանջները: Կրկեսում վարժեցված կենդանիներին ինչ-որ քաղցր բան են ցույց տալիս, որ նրանք հանուն դրա կատարեն հրահանգները: Այդ երեւութական երկխոսությունը` Հայաստանը ներկայացնող ինչ-որ պաշտոնյաների հանդիպումները Թուրքիայի պաշտոնյաների հետ, այդ ճնշման գործիքներն են, միջոցները: Դրանց արդյունքում Թուրքիան ունի դինամիկ եւ դրական արդյունք: Անցյալ տարի Հայաստանը մատը մատին չտվեց Արցախի լուծարումը եւ հայաթափումը թույլ չտալու համար, այս տարի տարածքային զգալի զիջումներ կատարեց Ադրբեջանին` դիմացը ոչինչ չստանալով. սա կարելի է համարել ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Թուրքիայի կողմից արձանագրված դինամիկ եւ դրական արդյունք: Եթե Արարատ Միրզոյանը սրա մասին է խոսում, հասկանալի է:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ Հայաստանի ու Թուրքիայի դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար բացելու պայմանավորվածության մասին Միրզոյանի հիշողություններին, որոնք հետաքրքիր է` չեն խունացել եւ չեն ջնջվել, ապա հայ հնագետներին հաջողվել է գտնել այդ արձանագրությունները եւ դրանց վերծանման արդյունքում պարզել, որ դրանք ստորագրվել են երկուսուկես տարի առաջ, պարզել են նաեւ, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մեկ տարի առաջ Արարատ Միրզոյանին խոստացել էր շաբաթների ընթացքում լուծել այդ հարցը, եւ Միրզոյանն այնքան էր ուրախացել, որ սկսել էր հաշվել այդ շաբաթները, այնպես, ինչպես երեք տարեկան երեխաներն են դեկտեմբերի 31-ին հաշվում Ձմեռ պապիկի գալուն մնացող ժամերի քանակը: Միրզոյանը մինչեւ վերջերս պարտաճանաչ հաշվում էր Ֆիդանի խոստման կատարման շաբաթների քանակը եւ սպասում դրանց իրականացմանը, մինչեւ որ կորցրեց հաշիվը եւ հիմա արդեն կարող է հաշվել տարիները, իսկ հետո բազմապատկել 52-ի: Երբ հաջորդ անգամ իրեն բախտ վիճակվի հանդիպել Հաքան Ֆիդանին, կարող է ասել. «Գիտեք, Դուք խոստացել էիք առաջիկա շաբաթների ընթացքում բացել սահմանը, ես հաշվել եմ, որ անցել է 256 շաբաթ, բայց դեռ սահմանը չի բացվել»: Ֆիդանն էլ կասի. «Շարունակիր հաշվել եւ մի հուսահատվիր, հնարավոր է, որ մի օր դա տեղի ունենա»: 

Շարունակելով իր միտքը, կներեք՝ խոսքը, Միրզոյանն ասում է. «Հիշում եք երեւի, որ երկու երկրների փորձագետները, գերատեսչություններն աշխատանքներ էին տարել՝ սահմանին գտնվող անցակետի ենթակառուցվածքների վիճակը գնահատելու շուրջ, եւ հիմա այդ աշխատանքները տարվում են, տարվելու են Կարս-Գյումրի երկաթուղային անցման հետ կապված ենթակառուցվածքների գնահատման ուղղությամբ»: Իսկապես, շատ դժվար է հիշել որեւէ արժեք եւ կարեւորություն չներկայացնող իրադարձությունները: Իսկ եթե անգամ հիշենք էլ, ապա պետք է հիշել, թե Հայաստանը քանի հարյուր միլիոն է ծախսել հայ-թուրքական սահմանին գտնվող անցակետի վերանորոգման եւ կահավորման վրա, ինչը հանրային եւ պետական միջոցների անիմաստ եւ աննպատակ վատնում է: Իբրեւ թե Մարգարայի ավտոմոբիլային անցակետը հորով-մորով են արել, հիմա էլ երկաթուղային անցակետն են ուզում կահավորել, մի քանի հարյուր միլիոն էլ այնտեղ են անիմաստ ծախս անելու: Եթե այդ սահմանային անցակետը չի բացվեու, եթե այն չի աշխատելու, ինչի՞ համար է արվել այդ ծախսը: Դրա փոխարեն կարելի էր Արագած լեռան լանջին արբանյակների՝ տիեզերք արձակման կայան կառուցել, ճիշտ է` այնտեղից ոչ մի արբանյակ էլ չէր արձակվի, բայց հետագայում դրա բազայի վրա հնարավոր կլիներ նիկոլական իշխանության անհեթեթ գաղափարների եւ անիմաստ նախագծերի թանգարան կառուցել: 

«Մեր երկխոսությունը նախեւառաջ այն մասին է, որ երկու երկրները պետք է հաստատեն դիվանագիտական հարաբերություններ, բացեն սահմանները, ունենան տրանսպորտային եւ այլ հաղորդակցություն եւ, ընդհանրապես, կարգավորեն իրենց հարաբերությունները: Կան նաեւ մի փոքր ավելի փոքրամասշտաբ համատեղ նախագծեր»,- երազում է Արարատ Միրզոյանը: Գուցե նրան պետք է ասել, որ իր զբաղեցրած պաշտոնը ոչ թե երազելու, այլ կոնկրետ աշխատանք կատարելու եւ արդյունք ապահովելու համար է: Բայց մենք արդեն պայմանավորվել ենք, որ անիմաստ բաների վրա ո՛չ ժամանակ ծախսենք, ո՛չ էլ էներգիա:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image