Քաղաքականություն

«Հրապարակ». Հիստերիկ նոպաներ, չհաղթահարվող վախեր. Փաշինյանն անկառավարելի է դառնում

«Հրապարակ». Հիստերիկ նոպաներ, չհաղթահարվող վախեր. Փաշինյանն անկառավարելի է դառնում

Հայաստանը ժողովրդավարության բաստիոն, իսկ իրեն ամենալեգիտիմ վարչապետ հռչակած Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում անամոթության ու ցինիզմի մաստեր կլաս ցուցադրեց: Իր հրաժարականը պահանջող հազարավոր քաղաքացիների դեմ հանած զորքի թիկունքում պատսպարված՝ նա խորհրդարանի պատերի ներսում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամին առյուծ էր կտրել ու վիրավորում, անվանարկում էր խորհրդարանի շենքի առջեւ հավաքված քաղաքացիներին, ԱԺ ընդդիմությանը:

Չնայած ՔՊ-ականները տասնյակներով գրանցվել էին, որ հարցեր տային Փաշինյանին՝ թույլ չտալով ընդդիմադիրներին հնարավորինս շատ հարցեր ուղղել նրան, սակայն Փաշինյանը նիստի մեկնարկից հաշված րոպեներ առաջ ընդդիմության հետ հարցուպատասխանի ընթացքում արդեն կորցրեց ինքնատիրապետումը, հիստերիկ նոպաներ ունեցավ, սկսեց գոռգոռալ, մեղադրանքներ հնչեցնել, որ Արցախը ընդդիմությունն ու իրենց արցախյան հովանավորյալ իշխանություններն են հանձնել, որ փողոցում իր հրաժարականը պահանջող քաղաքացիները փողով ծախվածներ են, որոնց ո՛չ հայրենիքն է հուզում, ո՛չ Արցախը, ո՛չ մի բան, պարզապես վարձատրվում են ընդդիմության կողմից, ցույցի են գնում, որ իշխանությունը խլեն իրենից: Պատկերացրեք սեփական հոգու կանչով Բաղրամյան շտապած մարդկանց հոգեվիճակը` այս զազրախոսությունները լսելիս:

Փաշինյանի մանիպուլյացիաներն ու զրպարտանքները երեկ տիեզերական մակարդակի հասան, նա հայտարարեց, որ Արցախը հանձնել են, որ արցախցիներին հանրահավաքի մատերիալ դարձնեն Հայաստանում ու նրանց միջոցով խլեն իրենից իշխանությունը: «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 1998 թվականից հետո ձեզ պետք է եղել իշխանությունը պահելու համար, այսօր իրենց բերել եք որպես 5 հազար դրամով ցույցի մատերիալ»,- հերթական անպատասխանատու հայտարարությունն արեց նա։ Ապա հունից դուրս եկավ. «Դուք թքած ունեք ԼՂ-ի վրա էլ, Հայաստանի վրա էլ, դուք հացկատակներ եք»։ Ընդդիմությունն այս ելույթից հետո հարվածում էր սեղաններին, ուսապարկերը բուռն ծափահարում էին՝ փորձելով փարատել շեֆի վախերը: Համակարգիչների ու սմարթֆոնների միջոցով նրա ելույթին հետեւող քաղաքացիները յոթ հարկանի հայհոյանքներ էին տեղում: 

Նիստի հենց սկզբում Փաշինյանի տրամադրությունը փչացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ հիշեցնելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ 2014 թվականին Սերժ Սարգսյանին նվիրած տողերը. «Մտածում ես, որ եթե դրսում, օրինակ, 20 հազար մարդ է եկել, ոչ թե 200 հազար, ուրեմն ամեն ինչ դու ճի՞շտ ես անում: Գիտես` երեւի քեզ չեն ասում, բայց ազգը քեզ չի սիրում, անկախ նրանից՝ գնո՞ւմ են միտինգ, թե՞ ոչ, լա՞վ են ապրում, թե՞ վատ: Չեն սիրում, ուզում են, որ գնաս: Նույնիսկ կողքիններդ հոգնել են: Հոգնել են քո ձայնից, արտաքին տեսքից, նկարից, հեծանիվից: Կազինո գնացողները գիտեն, որ եթե ուզում են կրած դուրս գան, պետք է կարողանան կանգ առնել: Խաղամոլները եւ խելագարները չեն կարողանում կանգ առնել: Իմացիր՝ ինչով էլ ավարտվի այս իրավիճակը, դու քեզ տրամադրի գնալուն»: Ասաց, որ այս տեքստն Ալեն Սիմոնյանն է գրել. «Մի երկու բառ եմ փոխել: Ուրիշի է գրել, բայց էսօր ճիշտ քո մասին է: Էս՝ դու, էս՝ Ալենը, պատասխանի՛ր»:

Փաշինյանը, որ չլսելով, թե հարցն ում է ուղղված, արդեն ոտքի էր ելել, որ մոտենար ամբիոնին, պատասխանեց. «Քանի՞ տոկոս փոփոխություն եք արել: Էդ տոկոսների հետ պետք չի խաղ անել: Եթե դուք, օրինակ, մեկ-երկու տոկոսի փոփոխություն եք արել ու համարում եք, որ մեծ չէ փոփոխությունը, ուզում եմ հիշեցնել, որ մարդու եւ օրանգուտան կապիկի ԴՆԹ տարբերությունն ընդամենը 2% է: Ինչ վերաբերում է նրան, որ ինձ սիրում են, թե չեն սիրում, կարեւորն էն է, որ ես եմ նրանց սիրում, ես սիրում եմ նաեւ բոլոր ինձ չսիրողներին...»։ Ու մի երկար թվարկում, թե ինչպես է, դպրոցական տարիքից սկսած, անչափ սիրել իր հայրենիքն ու ժողովրդին: Աղվան Վարդանյանն արձագանքեց. «Խորհուրդ. որ գնաք տուն, հայելի վերցնեք, նայեք, էդ տոկոսների տարբերությունը կգտնեք: Հիշո՞ւմ ես` ոնց ես եկել իշխանության: Ասա՝ դարպասները բացեն, իջի, ասա, որ սիրում ես, խոնարհվում ես, հպարտանում ես: Պարո՛ն ՆԳ նախարար, էստե՞ղ եք, քանի՞ ոստիկան կա այստեղ: Նորմալ մարդն ամոթից գետինը կմտներ: Սա էդ դեպքը չի, բայց ես գիտեմ` հողն ամոթ ունի, հողը ձեզ չի ընդունի»: Ի դեպ, սիրո մասին Փաշինյանի խոսքին՝ նրա ելույթի տակ մեր ընթերցողներից մեկն արձագանքել էր. «Եվ այդպես կեղծավոր ժպիտը դեմքին, կեղծ սիրո խոսքեր շռայլելով՝ մի ամբողջ ազգ ու երկու պետություն փոշիացրեց...»:

Ընդդիմադիր մեկ այլ պատգամավոր` Թադեւոս Ավետիսյանն էլ Փաշինյանին հարցրեց՝ վախենո՞ւմ է, որ զորք է տեղակայել խորհրդարանի առջեւ, ինքն էլ թաքնվում է ոստիկանության թիկունքում։ «Հա, ես վախենում եմ, որ ՀՀ-ն որպես պետություն զրոյացնելու ոմանց ծրագիրն իրականություն դառնա»,- խրոխտ հայտարարեց Փաշինյանը՝ շարունակելով. «Վազգեն Սարգսյանն ասում էր` ես վախենում եմ ոչնչից չվախեցողներից։ Հա, ես վախենում եմ, որովհետեւ այս դահլիճում ցանկապատից այս կողմ եւ այն կողմ կան մարդիկ, ովքեր գիտակցաբար այդ օրակարգն են տանում, կան մարդիկ, որ, իրենց ձեւակերպմամբ, ազնիվ մղումներ ունեն»։ Ավետիսյանն արձագանքեց՝ ինքն իրեն հարց տվե՞լ է․ եթե ինքը չլիներ, ինչպիսին կլինեին Հայաստանը, Արցախը։ «Այո, տվել եմ եւ պատասխանն էլ գիտեմ․ հիմա կլիներ ամեն ինչ նույնը, մի տարբերությամբ՝ ՀՀ-ն կլիներ գուբերնիա, 100 տոկոսով։ Այսօր ՀՀ քաղաքացին կարող է հանգիստ քնի՝ վստահ լինելով, որ վաղն արհավիրք տեղի չի ունենալու»,- ասաց նա։

Փաշինյանը ներկա վիճակի մեջ մեղավորներին էլ մատնացույց արեց։ «Մեղավորը նրանք են, ովքեր ձեւավորել էին մի հատ փուչիկ դաշինք, որի անդամները, պարզվեց, ոչ թե իրենց պայմանագրային պարտավորություններն են կատարում, այլ գնացել՝ Ադրբեջանի հետ պլանավորում են պատերազմ։ Այ, դրանք են մեղավոր»,- ասաց նա՝ նկատի ունենալով ՀԱՊԿ-ը:

Այնուհետեւ դահլիճից հարց հնչեց․ իսկ ինչո՞ւ դուրս չեն գալիս ՀԱՊԿ-ից, ինչին արձագանքեց. «Դուրս կգանք։ Դրանով էլ վախեցնո՞ւմ եք։ Լավ ենք անում, մենք կորոշենք՝ երբ դուրս գանք։ Ասում ենք։ Պակա՞ս է եղել այդ ասելիքը։ Բա ձեր կարծիքով հաջորդ քայլը ո՞րն է։ Կարո՞ղ է հետ գնանք։ Ուրիշ ճանապարհ չկա»։ Սա էլ «ինչ ուզում, բանակցում եմ» շարքից էր. կուզեմ՝ ՀԱՊԿ-ից դուրս կգամ, կուզեմ` Թուրքիայի կազմ կմտցնեմ երկիրը․ մոտավորապես այս տոնայնությամբ:

Իսկ թե ուր են գնում, պատասխանեց. «Գնում ենք եւ համարյա հասել ենք տեղ, գնում ենք իրական Հայաստան, ինքնիշխան, անվտանգ, խաղաղ, սահմանազատված սահմաններով, ուղղակի շուտ չենք ասում, որ ձեր տրամադրությունը հանկարծ չընկնի»։ Իբրեւ թե հումոր արեց երկիրը շագրենի կաշվի նման փոքրացրած ղեկավարը։
 Նիստի ողջ ընթացքում Փաշինյանն իրեն պահեց նույն ոճում` բոլոր մեղադրանքներն ուղղելով ընդդիմությանը, ՌԴ-ին եւ այլոց: Ի դեպ, սակայն, նրան ճանաչողներն այս կեղծ ինքնավստահության ու հոխորտանքի տակ նկատել են ոչ միայն վախեր, այլեւ խեղճություն, փաստարկների եւ սուր կրեատիվ «կռուտիտների» բացակայություն: Մարդը մտել է փակուղի, բայց հրաժարվում է դա ընդունել: Հոգեբանները, կարծում ենք, կտան այս վիճակի իրական բնութագիրը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image