Հարցազրույց

Սովետի ժամանակ բաժակով արեւածաղիկ ծախողն իր խնդիրները կլուծեր, այսօր դույլերով միրգ ծախողը չի լուծի

Սովետի ժամանակ բաժակով արեւածաղիկ ծախողն իր խնդիրները կլուծեր, այսօր դույլերով միրգ ծախողը չի լուծի

Գյումրեցի քանդակագործ Արթուր Գեւորգյանը հետեւել է ՀՀ վարչապետի՝ Շիրակ կատարած այցելությանը եւ իր տպավորությունները ներկայացրել մեզ։ 

- Շիրակում մենք տեսանք, որ մարդիկ ծափահարում էին, կանայք սեր էին խոստովանում, նկար էին նվիրում Նիկոլին։ Սա իրո՞ք արտացոլում է շիրակցիների, մասնավորապես՝ գյումրեցիների սերն ու համակրանքն առ վարչապետ։ 

- Ինչո՞ւ է, առհասարակ, Փաշինյանը զբաղված հանրության հետ ակտիվ շփումներով։ Այնքան էլ այնպես չէ, որ միայն Սրբազանի ասածով` սկսեց հեծանիվ վարելը, եւ դա հանրային շարժուձեւ ու նիստուկաց է՝ երբեմնի լսարանը վերականգնելուն ու հետ վերադարձնելուն, նորերին գտնելուն ուղղված։ Առհասարակ, ժողովրդի ընդունելության մասով ցանկացած ղեկավար երբ որ մի տեղ է գնում, նրան վերաբերվում են որպես ղեկավարի, որից ինչ-որ բան է կախված։ Դա մանկապարտեզ բացելն է, անձնական հարց լուծելու հնարավորություն է, մի անգամ էլ երեւալու։ Դա ուրիշների առաջ պարծենալու հնարավորություն է, որ ես Նիկոլին եմ տեսել, խոսել եմ եւ այլն։ Դրանից զերծ չէ նաեւ Շիրակի մարզը։ Հայերը, կարելի է ասել, ղեկավար սիրող ժողովուրդ են եւ ղեկավարին կարող են այդպես ընդունել։ 

- Ուզում եք ասել, որ դա ոչ մի բան չի՞ նշանակում։ 

- Դա չի նշանակում, որ իրենք ամբողջապես համակիր են ու աջակցում են գործող իշխանության ծրագրերին։ Վարչապետի վարած քաղաքականության մասով ժողովրդի իրական վերաբերմունքն աղետալի է։ Պարզապես վարչական ռեսուրսն օգտագործելով, իշխանամետ ակտիվիստներին ներգրավելով՝ ստանում են յուրաքանչյուր իշխանության համար նման պատկեր ու կոնտենտ։ Բայց խորքային իմաստով նաեւ չպետք է մոռանալ, որ Արթիկի ենթաշրջանը հեղափոխության օրերին ամենաակտիվներից էր։ Այնտեղ պահպանվում է ինչ-որ չափով ակտիվ համակիրների զանգված, բայց էլի պետք է խորքային նայել։ Հիշում եք, չէ՞, որ Լենինի նկարն ամեն ինչ էր ժողովրդի համար, ընդհուպ մինչեւ Սովետական Միության քայքայվելը, բայց դրա տակ ամենատարբեր հարցեր էին կարգավորվում՝ իշխանության ամենատարբեր աշտարակների միջոցով։ Ինչքան որ Նիկոլի հետ ասոցացվում են իրենց, այսպես ասած, հետագայի մասին պատկերացումները, այնքան էլ առանձին անձանց, մարզային պաշտոնյաների միջոցով իրենք իրենց հարցերը հոգացողներ են ու պետք եղած ժամանակ կարող են ցանկացած պահի թռչել այդ գնացքից ու գնալ այլ ուղիով։ 

- Ո՞րն է Ձեր ընդհանուր տպավորությունը՝ Փաշինյանի ռեյտինգը Շիրակում ինչպիսի՞ն է։  

- Այսօրվա իշխանության պահվածքը, ամեն քայլը արվում է ինչ-որ մի ակնկալիքով։ Մենք գիտենք, որ արդեն Երեւանի քաղաքապետի ընտրությունից հետո, երբ ընտրողների ընդամենը 7 տոկոսն էր ձայնը տվել իշխանությանը, եւ այդ ցուցանիշը հատկապես Արցախի կորստից, Կիրանցի դեպքերից, Սրբազան շարժումից հետո աճելու ոչ մի տենդենց իր մեջ այդպես էլ չունեցավ։ Բնական է, որ իշխանության ներսում սկսվեցին տարաձայնություններ։ Ես միշտ ասում եմ՝ իրենց սխալ վարած քաղաքականությունը մի օր մի տեղ խոր ճաք էր տալու, ու հիմա մենք դրա ականատեսն ենք։ 

- Երբ որ մարդիկ Փաշինյանին ասում էին՝ աշխատանք չկա, նա պատասխանում էր, թե կուկուռուզ աճեցրեք, վաճառեք, կոֆե սարքեք` տուրիստներին 500 դրամով վաճառեք եւ այլն։ Շիրակի բնակիչն ի՞նչ է մտածում, ինչո՞ւ չպատասխանեցին վարչապետին։ 

- Ընդհանուր Հայաստանում, եթե նկատել եք, մարդկանց մոտ պատրանք կա, որ իրենք ինքնուրույն ինչ-որ մի բան կարող են անել։ Օրվա ղեկավարի վերաբերմունքն իրականությանը հասկանալու համար պետք է գնանք-հասնենք 18 թվական, երբ որ նա ասաց՝ աղքատությունը ձեր գլխում է, որ 800 հազարից 1 մլն նպաստառուների հետ ինչ ենք անելու։ Դա իրականում գլխացավանք է եղել բոլոր կառավարությունների համար, մարդուն չես կարող անվերջ փող տալ։ Փաշինյանն ամեն անգամ քարոզում է, որ, տեսեք՝ էս մարդն ինչ-որ բան է վաճառում, ապրում է, բայց չի ասում, որ դա ընդամենը նրա զբաղվածությունն է։ Եգիպտացորեն կամ տանձ-խնձոր վաճառողն այդքան բերք չի վաճառում, որ իր բոլոր հոգսերը հոգա, թոռանը դպրոց ուղարկի նոր շորով, տղային ամուսնացնի կամ տան քանդված պատը սարքի։ Այդ պատրանքը գիտեն բոլորը։ Եթե այսօրվա վիճակում Գյումրիում փոքրիկ հաց ուտելու տեղ բացեն կամ սրճարան, միեւնույն է, դրանով ֆինանսական անկախության կամ ինքնաբավության հասնելը շատ դժվար է, դրանով զբաղվածության խնդիր կլուծվի, բայց ֆինանսական անկախության, ինքնաբավության հարց չի լուծվի։ Մեր քաղաքացիների զգալի հատվածը, այդքանը խորքային իմանալով, չի շարունակում վարչապետի հետ զրույցը, իսկ նրանք, ովքեր կուզեին առարկել վարչապետին, այնտեղ չէին կանգնած, որ ասեին՝ պարոն վարչապետ, եգիպտացորեն ծախելն աբսուրդ է, ես դրանով իմ հարցերը չեմ լուծում։ Սովետի ժամանակ արեւածաղիկը բաժակով ծախողն իր տան խնդիրները կլուծեր, բայց այսօր ճանապարհին դույլերով միրգ ծախողը չի լուծի։ Անգամ իր մեկ տարվա բերքը հավաքելով չի կարողանալու կարգավորել իր խնդիրները, հատկապես՝ լեռնային մարզում։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image