Քաղաքականություն

Տարածքներ կարելի է զիջել, ինքնիշխանությունը` ոչ. Հայաստանի իշխանության նոր բանաձեւը

Տարածքներ կարելի է զիջել, ինքնիշխանությունը` ոչ. Հայաստանի իշխանության նոր բանաձեւը

Հայաստանի իշխանությունն Ադրբեջանին արվող զիջումների համար նոր հիմնավորում է մտածել. զիջումներ` հանուն ինքնիշխանության, կամ զիջումներ` ինքնիշխանությունը պահելու համար: Խորհրդարանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրականացվող սահմանազատման գործընթացը կարգավորող կանոնակարգի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորների այն դիտարկումը, որ իրենց չի ներվելու սա, սահմանազատման համար Հայաստանի կողմից բանակցող Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Սահմանազատումը կներվի, թե չի ներվի՝ դա այդքան էական չի, բայց ինքնիշխանության դիսկոնտավորումը հաստատ ոչ մեկի չի ներվի»: Ըստ Գրիգորյանի՝ կարեւորը ոչ թե սահմանազատումն է. մի քանի քառակուսի կիլոմետր այս կողմ, մի քանի քառակուսի կիլոմետր այն կողմ, այլ Հայաստանի ինքնիշխանությունից արվող զիջումները`բառացի զեղչերը: Իրենց տրամաբանությամբ՝ իշխանությունը ստիպված է գնալ ինչ-որ տարածքային զիջումների, ինչն իրենց կներվի, բայց չի ներվի, եթե զիջման գնան Հայաստանի ինքնիշխանության հարցում: 

Ըստ Մհեր Գրիգորյանի թափանցիկ ակնարկների՝ Ադրբեջանին տարածքային զիջումներ չանելու գինը պետք է լինի այն, որ Հայաստանը բանակցություններում ներգրավի որեւէ երրորդ երկրի, ենթադրվում է՝ Ռուսաստանին, որը պետք է զսպի Ադրբեջանի ախորժակը եւ թույլ չտա, որ Ադրբեջանը պահանջի եւ ստանա ավելին: Բայց Ռուսաստանն իր ծառայությունների դիմաց պահանջելու է Հայաստանից` ենթարկվել իրեն, դրանով սահմանափակելով Հայաստանի ինքնիշխանությունը, պահանջելով, որ Հայաստանը կատարի իր հրահանգները: Այնպես որ, ավելի լավ է հիմա ինչ-որ տարածքային զիջումներ անել Ադրբեջանին, քան Ռուսաստանին զիջել Հայաստանի ինքնիշխանության հարցում: Այս տրամաբանությունը հնարավոր է, որ ճիշտ լիներ, եթե վերջնարդյունքում իսկապես հնարավոր լիներ կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ եւ հասնել կայուն խաղաղության: Բայց իրականությունը կարող է մի փոքր այլ լինել. Հայաստանը ոչ միայն չկարողանա զիջումների չգնալ իր ինքնիշխանության հարցում, այլեւ ընդհանրապես կորցնի այն:

Մհեր Գրիգորյանը ճիշտ է միայն մի հարցում. Հայաստանը, ըստ էության, փակուղում է, եւ դրանից ելք գտնելն այդքան էլ հեշտ չէ: Մի կողմից Ադրբեջանն է՝ իր չավարտվող պահանջներով, ուզում խժռել Հայաստանը, մյուս կողմից` Ռուսաստանը, որն ուզում է ամեն կերպ օգտվել Հայաստանի չափազանց թույլ եւ խոցելի վիճակից եւ իրեն ենթարկեցնել երկիրը: Հայաստանի խորհրդարանական ընդդիմության քննադատությանը, որ իշխանությունը մաս-մաս հանձնում է Հայաստանի տարածքները, գնում է միակողմանի զիջումների` տեղը ոչինչ չստանալով, Մհեր Գրիգորյանը մի պատասխան տվեց. «Լսելով քննադատություն՝ ես չեմ լսում ալտերնատիվ առաջարկներ, իսկ դուք չեք պատկերացնի, թե ինչքան ավելի օգտակար կլիներ իմ համար, եթե լիներ ալտերնատիվ առաջարկների կամ մոդելների դիսկուրս, որը, իհարկե, ավելի կզսպի մեր երկրի ռիսկերը եւ ավելի շատ բան կտա գործընթացի արդյունավետությանը»: Մհեր Գրիգորյանն ասում է, որ դուք մեզ մեղադրում եք Ադրբեջանի պահանջները բավարարելու եւ երկիրը մաս-մաս հանձնելու մեջ, բայց չեք առաջարկում դրա այլընտրանքը: Իսկ ո՞րն է Ադրբեջանի պահանջները չկատարելու այլընտրանքը` պատերազմը, գուցե դուք առաջարկում եք հրաժարվել Ադրբեջանի պահանջները կատարելուց եւ պատերա՞զմ սկսել այդ երկրի հետ:

Հայաստանը պարտվել է 3 պատերազմներում` 2020 թվականի արցախյան երրորդ եւ 2022 թվականի սեպտեմբերի, պայմանականորեն ասենք՝ ջերմուկյան պատերազմում, ինչպես նաեւ՝ 2023 թվականի սեպտեմբերի պատերազմում, որի արդյունքում Արցախը վերջնականապես հայաթափվեց: Այդ պատերազմին Հայաստանն ընդհանրապես չներկայացավ, եւ պարտությունն արձանագրվեց հեռակա: Ըստ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հրապարակային արված հայտարարության՝ Հայաստանն այդ ժամանակ Արցախում ուներ 17 հազարանոց զորամիավորում, բայց այդ զորամիավորումը ոչ մի ձեւով չմասնակցեց պատերազմական գործողություններին, Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը չի ներքաշվի մարտական գործողությունների մեջ, ըստ էության՝ բանակին նահանջի հրաման տրվեց: Եթե բանակը չէր կռվելու եւ չէր պաշտպանելու խաղաղ բնակչությանը, ի՞նչ իմաստ ուներ այնտեղ զորամիավորում պահել, այն էլ՝ այդպիսի բազմաքանակ, բայց սա այլ հարց է:
Հիմա Ադրբեջանը Հայաստանի հետ խոսում է երեք պատերազմներում հաղթողի դիրքերից. ասում է` կատարեք իմ պահանջները, այլապես մենք նոր պատերազմ կսկսենք եւ կստանանք մեր ուզածը: Գուցե Ադրբեջանն արդեն սկսած լիներ այդ պատերազմը, բայց Ադրբեջանին զսպում են միջազգային ճնշման միջոցով. ԱՄՆ-ն, Եվրամիությունը սպառնում են, որ պատերազմի վերսկսման դեպքում կարող են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջարկում է մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրել:

Ադրբեջանն առայժմ չի հարձակվում, խաղաղության պայմանագիր էլ չի ստորագրում, փոխարենը պատրաստվում է` զենքի մեծաքանակ գնումներ է իրականացնում, զինամթերք կուտակում, քարոզչական արշավ է իրականացնում` Հայաստանին մեղադրելով խաղաղության պատրաստակամության բացակայության եւ ռեւանշիզմի դրսեւորման մեջ: Ադրբեջանը սպասում է հարմար միջազգային առիթի, երբ Հայաստանի դեմ իրականացվող ռազմարշավը կարող է չարժանանալ լուրջ միջազգային արձագանքի կամ ոչ այնքան սուր արձագանքի: Ադրբեջանի հաշվարկով՝ դա կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո, երբ աշխարհի թիվ մեկ գերտերությունում երկիշխանություն է` 2 ամսից ավելի ժամանակ ԱՄՆ-ն ունենում է նոր ընտրված նախագահ, բայց երկիրը ղեկավարում է հին նախագահը, որի լիազորությունների ժամկետը չի ավարտվել: 

«Ադրբեջանի մանր պահանջները բավարարենք, նրան հանգստացնենք եւ հեռու պահենք նոր պատերազմ սկսելու գայթակղությունից» թեզը թերեւս արդարացված եւ աշխատող լիներ, եթե այն իրոք աշխատող լիներ: Բայց կյանքը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանություններին չի հաջողվում բավարարել Ալիեւի ախորժակը: Իսկ ընդդիմությունն իսկապես այլընտրանք չի կարողանում առաջարկել, որովհետեւ «դուք գնացեք, մենք գանք, եւ ամեն ինչ լավ կլինի»-ն այլընտրանք չէ, ընդդիմության գալով Ադրբեջանը չի հրաժարվի իր նկրտումներից, իսկ ընդդիմությունն էլ չի կարող ասել, որ մենք իշխանության գալով, կհաղթենք պատերազմում: Ահա՝ մի իդեալական իրավիճակ Փաշինյանի համար, երբ նա ու նրա պարտված իշխանության ներկայացուցիչները կարող են մնալ իրենց աթոռներին այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը փաստացի գոյություն ունի, հայտարարեն, որ իրենք կարող են անպատիժ զիջել ամեն ինչ, բացի ինքնիշխանությունը, իսկ իրականում երկիրը տանելով ինքնիշխանության ամբողջական կորստի: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image