Քաղաքականություն

«Հրապարակ». Իշխանությունը պիլոտային ծրագրի իմաստը չի հասկացել

«Հրապարակ». Իշխանությունը պիլոտային ծրագրի իմաստը չի հասկացել

Տարեմուտին պետական պաշտոնյաներին ճոխ պարգեւավճարներ բաժանելը վրդովեցրել է հասարակությանը: Հիշեցնենք, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները 18-23 հազար դոլար են ստացել։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանին հարցրինք` իրենց ժամանակ նման շռայլ պարգեւավճարներ վճարո՞ւմ էին, արդյո՞ք գործող օրենքներին չի հակասում Փաշինյանի այս կամայական շռայլությունը:

Գագիկ Մինասյանն ասաց. «Ասեմ, որ Ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը` իմ ոլորտը, ոչ թե ԱԺ ֆինանսների վերահսկողությունն ու ֆինանսների կազմակերպման մասին է եղել, այլ ուղղակի պետական բյուջեի հետ է կապված եղել: ԱԺ-ն մի հիմնարկ է, որն ունի ղեկավար, եւ ղեկավարն իր սկզբունքներով է գործում: Օրինակ` կրթության հանձնաժողովը նույնչափ ներգրավվածություն է ունեցել պարգեւավճարներին, որքան իմ ղեկավարած հանձնաժողովը: Ինչ վերաբերում է պետական հիմնարկներին այդքան մեծ գումարներ տրամադրելուն, ապա ես նման բան առաջին անգամ եմ տեսնում: Այո, բոլոր հիմնարկներում, այդ թվում` ԱԺ-ում, եղել է աշխատավարձային ֆոնդ, որը խրախուսումների հնարավորություն էր տալիս: Ստացվում է, որ ցանկացած հիմնարկ իր գործառույթներն իրականացնելու համար գումարներ էր նախատեսում, որպեսզի առավել աչքի ընկած աշխատակիցներին խրախուսում տրամադրեր: Այն չէր կարող լինել համատարած: Քանի որ այդտեղ կորում է «պարգեւավճար» հասկացության իմաստը: Եվ հետո՝ պարգեւավճարների այն չափերը, որոնց մասին խոսվում է այժմ, աբսուրդի ժանրից է: Դրանք չափազանց շատ են եւ անգամ խախտում են բարոյական նորմերը: Իշխանության ղեկավարը խոսում էր այն մասին, որ թոշակառուները 10 հազար դրամը ծախսելու տեղ չունեն, այն պարագայում, երբ ինքը միլիոններ է տրամադրում՝ իր իշխանությունն ամրապնդելու համար: Այլ կերպ բացատրել այդ ամենը՝ չենք կարող: Նա, փաստորեն, ընտրություններին ընդառաջ փորձում է այս ճանապարհով իշխանությունը պահել: Նա ահռելի գումարներ է տրամադրում ոստիկանությանը, ուժայիններին, հիմա արդեն՝ բոլոր պետական ծառայողներին: Նրա համար իր պետական ռեսուրսը չափազանց կարեւոր է, քանի որ այլ ռեսուրս չունի: Այս քայլով փորձում են մարդկանց մեջ մտցնել այն միտքը, որ եթե Փաշինյանը հեռանա, իրենք կկորցնեն պարգեւատրումները: Իսկ պարգեւատրումը լինում է կատարած աշխատանքի որակին համապատասխան: Այս քայլը համարում են անբարոյական: Թոշակառուն հաշվում է ամեն մի հազար դրամը, որպեսզի կարողանա իր կարիքները լուծել: Մարդիկ ապրել չեն կարողանում, չեն կարողանում կոմունալ վճարումները կատարել, ու այս ամենի ֆոնին այդքան պարգեւավճար ստանալ՝ ուղղակի անբարոյական քայլ է: Ինչ վերաբերում է պիլոտային ծրագրերին, ապա, հավանաբար, իշխանությունները դրա իմաստը լավ չեն հասկացել: Օրինակ, երբ ուզում ես երկրում խնդիր կարգավորել, որպեսզի կանոններն արագ բացահայտվեն եւ մեծ ավերածություններ չառաջացնեն, այն սկսում են փոքր քաղաքներից: Ենթադրենք՝ Լոռու մարզի մի քաղաքից, հետո անցնում են ամբողջ պետությանը»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image