Պետրոս Ղազարյանի հոր անունը Էդիկ է, կնոջ՝ Ժաննայի ազգանունը՝ Անդրեասյան: Գրեթե 100 տոկոսանոց համընկնում իմ անուն-ազգանվան հետ, բայց սա ուղղակի պատահական համընկնում է, որից, որ ճիշտն ասեմ, ո՛չ հուզված եմ, ո՛չ էլ նույնիսկ տպավորված: Մի խոսքով՝ այսօր Պետրոս Ղազարյանի մասին ենք խոսելու, մարդու, որ այդպես էլ անհայտ մնաց իր բուն մասնագիտության մեջ եւ կարողացավ դրսեւորվել լրագրության ամենադժվարին, բայցեւ ամենանուրբ ժանրում, որտեղ գործում է «դու՝ ինձ, ես՝ քեզ» անփոփոխ կարգախոսը, կամ, ավելի հասկանալի լեզվով ասած՝ «утром деньги-вечером стулья, вечером деньги- утром стулья»: Իսկ ինչ վերաբերում է արեւելագիտությանը, ապա այդ ճյուղի հնաբնակներն էլ չեն հիշում Պետրոս Ղազարյան անուն-ազգանունով թուրքագետի, որ երբեւիցե բախտ է ունեցել ուսանելու ԵՊՀ-ի հայտնի ֆակուլտետում:
Պետրոսի աշխատանքային կենսագրությունը սկսվել է 2003 թվականից: Այդ տարի Պետրոս Ղազարյանն աշխատանքի է անցել «Կենտրոն» հեռուստատեսությունում, որտեղ վարել է «Ուրվագիծ» հաղորդաշարը: Չար լեզուներն ասում են, որ դա նրա հեղինակային հաղորդումն էր, բայց ես, որ այս բնագավառի «գայլերից» եմ, խիստ վերապահումով եմ մոտենում այդ տեսակետին, որովհետեւ լրագրության ասպարեզում այդպես չի լինում՝ մեկին բերես, նստեցնես տաղավարում ու ասես՝ վերջ, սա քո հեղինակային հաղորդումն է: Այլ հարց է, երբ մարդն այնքան է վարում նույն հաղորդումը, որ նրան այդ հաղորդումից դուրս այլեւս չես պատկերացնում: Ինչեւէ…
2003 թվականից Պետրոսը վարում էր «Ուրվագիծ» հաղորդաշարը: Մարդ էր բերում, մարդ էր տանում, հարցեր էր տալիս… Հիշում եմ՝ հիմնականում ժիլետով էր՝ կոճակները փորի վրա հազիվ ագուցած: Գագիկ Ծառուկյանը մարմնի այդ բարեմասնությամբ ԲՀԿ-ում երկրորդն էր՝ Պետրոսից հետո: Լավ էր կերակրում նրան, խնամքը միշտ տեղն էր պահում, ասելիքը ժամանակին հասցնում, ճշտում ռեպերտուարը: Ասել, որ Գագիկ Ծառուկյանը Պետրոսին թույլ չտվեց աճել մինչեւ քաղաքական գործչի մակարդակ, այնքան էլ ճիշտ չի լինի: Պետրոսի առաջ բաց էին քաղաքականություն մտնելու բոլոր ճանապարհները, բայց թե ինչ տեղի ունեցավ, որ Պետրոսն այդպես էլ քաղաքական գործիչ չդարձավ, ես չգիտեմ: Ձգտո՞ւմ չուներ, թե՞ չկարողացավ իր հագով գաղափարախոսություն ընտրել… Իսկ գուցե նա համարեց, որ ինքը բնածին «Ուրվագծավար» է, ու վե՞րջ: Մյուս կողմից էլ՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը քաղաքականությամբ զբաղվում էր բոլորի փոխարեն, եւ նրա ստվերից մի քիչ էլ Պետրոսի վրա էր ընկնում: Արժե՞ր, որ Պետրոսը մի հատ էլ վիզը ձգեր, ավելի վեր բարձրանար, քաղաքական մտքեր արտահայտեր: Առանց այդ էլ, ինչպես ասացի, վատ չէին կերակրում, խնամքը տեղն էին պահում, իսկ Գագիկ Ծառուկյանի կոալիցիոն գործընկերների մասին էլ չասեմ, թե ինչ քաղցր աչքով էին նայում Պետրոսին ու վազ տալիս նրա մոտ՝ հարցազրույցների: Հայ-թուրքական ֆուտբոլի օրերին, հիշում եմ, Պետրոսին էլ էին տարել Թուրքիա, որտեղ նրան հաջողվել էր պատվով դուրս գալ կատաղած թուրք երկրպագուների շրջափակումից: Ավտոբուսի վարորդը կարգին տղա էր եղել, գազ էր տվել ու փրկել Պետրոսի կյանքը…
Թվում էր՝ վերջ, Պետրոսը «Կենտրոնում» էլ կավարտի իր հեռուստալրագրողական կարիերան, բայց շաբաթը, ինչպես ասում են, ուրբաթից շուտ եկավ: Փողոցում որտեղից որտեղ էս Պետրոսին «ռաստ է գալիս» Յոժը (Սերգեյ Դանիելյանը), եւ պայմանավորվում են մի հաղորդում նկարահանել, որի նմանը հայկական եթերում դեռ չէր եղել: Հիշո՞ւմ եք այդ պատմությունը: Սիրով կվերապատմեի այն, բայց գլխավոր խմբագիրս հաստատ կջնջի այդ հատվածը, որովհետեւ տանել չի կարողանում Սերգեյ Դանիելյանի հնարած կուսակցության անվանումը: Ավելի ուշ պարզվեց, որ Գագիկ Ծառուկյանն էլ է զզվում այդ բառից: Բանը բանից անցել էր, փաստորեն: Պետրոսը, ըստ էության, եթեր էր բաց թողել մի բան, որ նախապես համաձայնեցված չէր եղել «Կենտրոնի» բարձր ղեկավարության հետ: Դա նույնն էր, թե հարսանիքի Դի Ջեյը, հարսանիքի տիրոջը հակառակ, դներ ու 3 ժամ նվագեր նրա չսիրած երգը: Ու այնպես ստացվեց, որ Յոժը, «Կենտրոնից» ոտքը դուրս չդրած, նկատեց, որ իր հետեւից Պետրոսն է սլանում դեպի դուռը: Նրանք այլեւս կապիտան Շմիդտի երկու որդիներն էին, որոնց կյանքի մի դուռը փակվել էր, իսկ երկրորդը դեռ չէր բացվել:
Կապույտ եզրաշերտով ափսեի փնտրտուքը 2018 թվականին տխրահռչակ հաղորդման մասնակիցներ Պետրոսին ու Յոժին բերեց Նիկոլի մոտ, որին այդ ժամանակ հմուտ դիջեյներ էին պետք: Յոժի տաղանդը, կարծում եմ, նրան մի քիչ խանգարեց՝ առաջ գնալ Նիկոլի աստիճաններով, բայց Պետրոսն այդ խնդիրը չուներ, ուստի եւ հաջողացրեց ընկնել Հ1: Նույն Դի Ջեյի աշխատանքն էր՝ պետք է նվագեր այն, ինչ ասեին, պիտի երգեր այն, ինչ պատվիրեին, մի վիճակ, ուր Պետրոսն ուղղակի անմրցելի էր… Իսկական գտածո Նիկոլի համար՝ կորմը տեղը պահիր ու բանեցրու: Իսկ Նիկոլը, այդ հանրահայտ կծծին ու շանտաժիստը, Գագիկ Ծառուկյանից ավելի առատաձեռն դուրս եկավ: Հ1-ում Պետրոսի դիրքն ու բուռն ռոճիկը քիչ էին, մի հատ էլ նախարարի պորտֆել տվեց… Հասկանալի է՝ ոչ թե Պետրոսին, այլ՝ նրա կնոջը, քանզի Պետրոսը քաղաքականությունից հեռու մարդ էր ու ոչ մի կերպ չէր ձգում քաղաքական գործչի: Ոչ մի մարդ, սակայն, անթերի չէ իր գործում: Պետրոս Ղազարյանն էլ բացառություն չէ: Նույնիսկ դեպք եղավ, որ Հ1-ը տապալեց Փաշինյանի ուղիղ եթերը: Հ1-ում գլուխներ թռան դրա համար, բայց Պետրոսին ներվեց ամեն ինչ, քանզի նրա նման Դի Ջեյ՝ կոլորիտով, դիմախաղով, նայվածքով, ոչ մի տեղ չկար:
Այսքանն է «հեռուստալրագրող» Պետրոս Ղազարյանի (մականունը՝ Չաղո, Կալաբոկ) կենսագրությունը: Նա երբեք սեփական լրատվամիջոց չի ունեցել, երբեք գլխավոր խմբագիր չի աշխատել, երբեք ուղղություն չի ճշտել, լրատվամիջոցի քաղաքականություն ասվածից ոչինչ չի հասկացել: Ես կասեի՝ համարյա ինձ նման շարքային լրագրող, եթե նա «Կենտրոնում» եւ Հ1-ում հայտնի չլիներ որպես Դի Ջեյ՝ մուզիկա միացնող-անջատող: Եվ ես չէի ծանրանա սույն ժիլետով Դի Ջեյի վրա, եթե չլիներ վերջերս կատարած նրա գրառումն այն մասին, թե նախկինում ՀԱԵ-ի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի վերաբերյալ ինչեր է գրել «Հրապարակը»: Պետրոսն ի՞նչ իմանար, որ իրենից առաջ Նիկոլի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էր նույն նոտայով անցել «Հրապարակի» կողքով: Իրեն, ախր, միշտ առաջինն են մի բան տալիս, որ եթերից բլթացնի: Ու ոչինչ չկասկածելով, էս Պետրոսը հիմա էլ իր պատին է «չպպացրել» այն, ինչ գրել-տվել են ձեռքը: Թե բա՝ «Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը ժամանակին… Արմինե Օհանյանը, Պետրոս, մի երկու օր առաջ այնպիսի ապտակ է հասցրել Արայիկ Հարությունյանին, որ սրա թրաշը թափել է: Խորհուրդ կտամ՝ կարդաս Արմինե Օհանյանի պատասխանն ու մյուս անգամ Արայիկ Հարությունյանի պասով էս կարգի էշություններ չանես: Ի դեպ, նեղություն քաշիր եւ Արայիկ Հարությունյանին մի հատ հարցրու՝ «Հրապարակն» ի՞նչ դերակատարում է ունեցել ԿԳՄՍՆ-ից նրան, մեղմ ասած, ս. անելու գործում:
ՀԳ. Պետրոս, դու թրաշ չպահես: