10 երեխայից մեկը դուրս է ընդհանուր կրթական համակարգից․ այս մասին դեռ ամիսներ առաջ ահազանգում էին կրթության ոլորտի փորձագետները։ Տարբեր փորձագիտական գնահատականներ փաստում են, որ հազարավոր երեխաներ հանրակրթության տարբեր մակարդակներում դուրս են մնում կրթությունից։
Հաշվեքննիչ պալատը հենց այս հարցադրման համատեքստում իրականացրել է «Պարտադիր կրթության համակարգում ընդգրկվածությունը» թեմայով հաշվեքննություն, որն ընդգրկել է 2021թ. հունվարի 1-ից ﬕնչեւ 2024թ. դեկտեմբերի 30-ը ներառող ժամանակաշրջանը եւ կատարվել է 2024թ. ապրիլի 22-ից ﬕնչեւ 2025թ. փետրվարի 27-ն ընկած ժամանակահատվածում։
Հաշվեքննիչ պալատը մինչ արձանագրումներ անելը հիշեցրել է․ «ՀՀ կրթության ﬕնչեւ 2030թ. զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով նախատեսված ծրագրի իրականացմամբ 2030թ. դրությամբ ապահովման ենթակա վերջնական թիրախներից է «ոչ ﬕ երեխա դուրս չի ﬓա պարտադիր կրթության համակարգից» խոստումը, ապա հավելել, որ թեեւ հանրակրթության բյուջետային ծրագրի վերջնական արդյունքի քանակական թիրախային ցուցանիշ էր սահմանվել 12-ամյա պարտադիր կրթության համակարգում ընդգրկվածությունը 2024թ. 99 տոկոսի հասցնելը՝ 83.2 տոկոս ելակետային ցուցանիշի հաﬔմատությամբ, սակայն վերջնական արդյունքի փաստացի ցուցանիշը 2024թ. կազﬔլ է 82.5 տոկոս։
«2024թ. հունվար ամսվա դրությամբ պարտադիր կրթությունից դուրս է մնացել 19 հազար 605 անձ, որոնցից 12 հազար 632-ը կամ 64.4 տոկոսը երբեւէ որեւէ հաստատությունում հաշվառված չի եղել, իսկ 6 հազար 973-ը կամ 35.6 տոկոսը հաճախել է որեւէ հաստատություն եւ հետո հայտնվել կրթությունից դուրս վիճակում։ Ընդ որում, 2024թ. սեպտեմբերի դրությամբ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է եղել 6-19 տարեկան 634 հազար 704 անձ, իսկ կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (ԿԿՏՀ)՝ 523 հազար 405 անձ։ Այսինքն՝ 6-19 տարեկան 111 հազար 299 անձ հաշվառված չի եղել ԿԿՏՀ-ում: Առկա չեն եղել նաեւ տվյալներ, թե 6-19 տարեկան անձանցից քանիսն է գտնվել ՀՀ-ից դուրս եւ ընդգրկված չի եղել այլ երկրի կրթական համակարգում»,- նշել է Հաշվեքննիչ պալատը։
Հաշվեքննության հաջորդ արձանագրման համաձայն՝ պարտադիր կրթությունից դուրս ﬓացած անձանց՝ կրթությունից դուրս ﬓալու պատճառները չեն հաշվառվել, եւ դրանց համակարգված վերլուծություն չի իրականացվել։ «Ի՞նչ անել» հարցի պատասխանը ՀՊ-ն ներկայացրել է հաշվեքննության արդյունքներին կից առաջարկներով, որոնք ուղղված են պարտադիր կրթությունից դուրս ﬓացած անձանց ամբողջությամբ ու ժամանակին բացահայտմանը, մոնիթորինգի համակարգի բարելավմանը եւ կրթության համակարգում ընդգրկման ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը։