Այլ

Մեծ հակամարտությունները՝ Արևմուտքի «մանկական խաղալի՞ք»  

Մեծ հակամարտությունները՝ Արևմուտքի «մանկական խաղալի՞ք»  

Հետևելով միջազգային տարբեր խոշոր հակամարտություններին, ոճրագործություններին՝ 20-րդ դարասկզբին թուրքերի կողմից հայերի դեմ իրականացված ցեղասպանությունից, Արցախի հայաթափումից մինչև ռուս-ուկրաինական և պաղեստինա-իսրայելական ռազմական բախումներ, տպավորություն է ստեղծվում, թե հավաքական աշխարհի համար դրանք ընդամենը մարդասիրական կոչերի, հայտարարությունների, բանաձևերի առիթ են, աշխարհաքաղաքական արյունալի խաղերի համար «մանկական փափուկ խաղաղիք»։

Սա այնքան նման է ֆրանսիացի հայտնի դերասան Պիեր Ռիշարի մասնակցությամբ հայտնի ֆիլմի հերոսին, երբ հասուն տղամարդը խաղալիք է ծառայում տիրոջ կամակոր երեխայի համար։

Նույն պատկերն է, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, մյուսները հայտարարում են, թե ուկրաինացիների կռիվն իրենց կռիվն է և իրենք լինելու են Ուկրաինայի կողքին այնքան ժամանակ՝ որքան անհրաժեշտ է։

Միևնույն տպավորությունն է, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրեթե երդվում է չլքել հայերին ու արցախցիներին՝ թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ պայքարում։

Եվ ոչ մի տարբերություն, երբ Իսրայելի հետ բարեկամ երկրներն անգամ սեպում են, թե Պաղեստինի ժողովրդի դեմ անթույլատրելի սպանդ է իրականացնում հրեական պետությունը՝ նշելով պաղեստինցիների ինքնորոշման և անկախության իրավունքը։

Հենց այս երկակի չափանիշներն էլ բերել են նման օրհասական հանգրվանի, երբ արդեն օգնության կարիք ունեցող ազգերն ու պետություններն անլուրջ են համարում զորակցության կոչերը, դրանք համարելով «դիվանագիտական ու մարդասիրական ռոմանտիզմի» սոսկական երևույթներ։

Իսկ աշխարհին շարունակում են փաթաթվել ագրեսորները՝ իրենց բերած արյունալի իրադարձություններով, որոնց հետ հավասարապես մեղսակից են նույն արևմտյան ճարտարալեզու առաջնորդները, որոնք խաղում են իրենց մանկական խաղալիքով, ապա որոշ ժամանակ անց հոգնում ու դեն շպրտում․․․

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image