Քաղաքականություն

Ալո, դա ՄԻՊ-ի տո՞ւնն ա… Այո… Կներեք, իսկ ՄԻՊ-ը տա՞նն ա…

Ալո, դա ՄԻՊ-ի տո՞ւնն ա… Այո… Կներեք, իսկ ՄԻՊ-ը տա՞նն ա…

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն օրերս իր մի գրառումով, կարելի է ասել, «բզել» էր գործող ՄԻՊ-ին, որ սա արթնանա քնից եւ ինչ-որ կերպ արձագանքի Հայաստանում մարդու իրավունքների աղաղակող ոտնահարումներին: Անահիտ Մանասյանը, սակայն, մնաց անվրդով, ասես Արման Թաթոյանն այդ գրառումն ինձ համար էր արել, եւ ե՛ս պետք է հետեւություններ անեի դրանից: Մինչդեռ Արման Թաթոյանի գրառումն ու արած հետեւությունը ոչ թե իրար հետ կռվող ավտոբուսի երկու վարորդներից մեկի իրավունքների պաշտպանությանն են նվիրված, այլ Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ սեփական քաղաքացիների նկատմամբ ամենաիսկական տեռորին ու այն անպատժելիության մթնոլորտին, որ իր հայտարարություններով ստեղծում է վարչապետն անձամբ:

Հույս չունեմ, թե այս հոդվածի հրապարակումից հետո Անահիտ Մանասյանը, այնուամենայնիվ, կարթնանա: Նա չարթնացավ անգամ Լեմկինի ինստիտուտի հայտարարությունից հետո, որում մասնավորապես ասված էր, որ ինստիտուտը մտահոգված է հունիսի 12-ին ՀՀ ազգային ժողովի շենքի դիմաց ցուցարարներին եւ լրագրողներին ցրելու ոստիկանության ագրեսիվ գործելաոճից, որը հակասում է ժողովրդավարական սկզբունքների եւ մարդու հիմնարար իրավունքների հանդեպ Հայաստանի հռչակած հանձնառությանը: «Հայաստանի հռչակած հանձնառությանը պետք է նշանակի խաղաղ հավաքների եւ խոսքի ազատության իրավունքի պաշտպանություն, այլ ոչ թե բռնության եւ արյունահեղության միջոցով այլախոհության ճնշում»,- նշված է հաղորդագրության մեջ։ Դե, իսկ Լեմկինի ինստիտուտի բուն մտահոգությունն այն է, որ ՀՀ իշխանությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին հանդես են եկել ի պաշտպանություն ոստիկանության գործողությունների: «Ինչպես արդեն բազմիցս հայտարարել ենք, խոսքի եւ հավաքների ազատությունը մարդու հիմնարար իրավունքներն են եւ ներառական ու արդար հասարակության հիմնական սկզբունքները: Դրանք նաեւ ցեղասպանության կանխարգելման կարեւոր գործիքներ են, քանի որ այդ իրավունքները հնարավորություն են տալիս անհատներին եւ համայնքներին՝ հանդես գալ անարդարության դեմ եւ պատասխանատվություն պահանջել իրենց կառավարություններից»,- ընդգծված է հայտարարության մեջ: Մի խոսքով՝ Լեմկինի ինստիտուտը հասկացրել է, որ Նիկոլ Փաշինյանը ցեղասպանություն է իրականացնում իր ժողովրդի դեմ կամ, առնվազն, շատ մոտ է դրան: Իսկ Անահիտ Մանասյանի հեչ «վեջն» էլ չէ այս ամենը: Նա երկու բան գիտի: Մեկ՝ որ ՀՀ գլխավոր դատախազի ընկերուհին է, եւ երկու՝ որ ինքը ՄԻՊ է դարձել լռելու, իսկ եթե հարկ լինի՝  ՀՀ իշխանությունների իրավունքները քաղաքացիներից պաշտպանելու համար: Տիկին Մանասյանի լռության այլ բանաձեւ ուղղակի չկա:
Իսկ հիմա՝ այն մասին, թե ինչ է արել Նիկոլ Փաշինյանն ու ինչպես է հարուցել Լեմկինի ինստիտուտի եւ Արման Թաթոյանի զայրույթը: Եվ այսպես՝ Նիկոլ Փաշինյանը երեք հայտարարություն է արել Ազգային ժողովում, որոնցով արդարացրել է խաղաղ ցուցարարների դեմ հուլիսի 12-ին ոստիկանության ձեռնարկած ամենալկտի գործողությունները: Ըստ էության, Փաշինյանն իր հայտարարություններով կանաչ լույս է վառել սեփական բերետների առջեւ՝ չսպասելով որեւէ իրավապահ մարմնի (ոստիկանությունը վաղուց իրավապահ մարմին չէ) գնահատականի: Արման Թաթոյանը բառացի դուրս է գրել Փաշինյանի այդ հայտարարությունները.

«Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ եւ պրոֆեսիոնալ, եւ նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույնկերպ» (ՀՀ վարչապետ, Ազգային ժողով, 13.06.2024):
«(...) ոստիկանությունը հանրային կարգը պահպանելու, վերականգնելու համար ուժ է գործադրում, ու ասում են՝ ոստիկանին չե՞ն դատում։ Մարդուն ինչո՞ւ պետք է դատել իր աշխատանքն անելու համար, մարդուն կարող են դատել իր աշխատանքը չանելու համար։
(...) ով ոստիկանին իր գործառույթն անելու համար կփորձի պատժել, գործից հանել, նա խփում է պետության ողնաշարին» (ՀՀ վարչապետ, Ազգային ժողով, 12.06.2024):
Անպատժելիությունն էլ ո՞նց է լինում՝ վերջում հարց է տալիս Արման Թաթոյանը: Պարոն Թաթոյան, կարծում եմ՝ Ձեր հարցն այս պահին զուտ հռետորական է, որովհետեւ, այո, անպատժելիությունը հենց այդպես է լինում: Հայաստանում անպատժելիության մթնոլորտ է բոլոր այն ուղղություններում, որոնք միտված են պաշտպանելու վարչապետին եւ նրա աթոռը: Այդ թվում՝ նաեւ ՄԻՊ-ում՝ Անահիտ Մանասյանի մոտ: Այնպես որ, մեր խնդիրն այս խայտառակ իրավիճակից ելք գտնելն է եւ ոչ թե այդ իրավիճակի մասին հազարերորդ անգամ հայտարարելը:

Ինչ կառաջարկեի ես: Ես առաջարկում եմ՝ ոստիկաններին դատի տալ անհատապես: Համակարգին դատի տալն իմաստ չունի: Փաշինյանը համապատասխան մարմիններին՝ դատախազությանն ու Քննչական կոմիտեին, ուղղակի ցուցում կտա՝ վարույթ չհարուցել: Փառք Աստծու, մենք փոքր երկիր ենք եւ գրեթե անուն-ազգանունով ենք ճանաչում մեր ոստիկաններին. գիտենք՝ ում տղան է, ով է եղել մանուկ հասակում, դպրոց գնացել է, թե չի գնացել, ինչ չարություններ է արել, ինչ շրջապատ է ընկել, ինչ խնդիրներ է ունեցել օրենքի հետ եւ այլն: Փաստական նյութի պակաս էլ չկա, կարծում եմ: Մի փոքրիկ վկայություն է պետք, որից բռնելով՝ կարելի է պարզել փողոցում մարդ ուտող ոստիկանի ողջ էությունը: Կրկնում եմ՝ համակարգից դուրս, որպես անհատ, որ խաբեությամբ կարողացել է սողոսկել համակարգ: Դեռահասի ծնողները, օրինակ, կարող են մտնել ամենամոտ առաջին ատյանի դատարան ու դիմում գրել, որ մի եզ մոտեցել է իրենց որդուն եւ ինչքան ուժ ուներ՝ քաշել երեխայի մազերից: Տեսնյո՞ւթ է պետք… Խնդրեմ, ահա՝ սա մեր անչափահաս որդին է, իսկ սա՝ այդ եզը: Մի քիչ էլ որ ուշադիր նայեք, կտեսնեք, որ մեկ այլ ոստիկան այդ եզին ուղղակի ասում է՝ արա, հո դու եզ չե՞ս, թող երեխուն… Եվ այսպիսի կադրեր, որոնք կարող են հիմք հանդիսանալ անհատ ոստիկանների դատի տալու համար, հարյուրից շատ են: Կկարողանա՞ Նիկոլ Փաշինյանը 100-ից ավելի դատավորների ստիպել՝ վարույթ չվերցնել այդ գործերը: Ի՞նչ է անելու՝ հավարը գցելու է Կարեն Անդրեասյանի՞ն… Երիցս նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանին էլ կդատենք, ինչի՝ նա ինչո՞վ է պակաս փողոցում մարդ ուտող համազգեստավոր «մուսըրներից»: Թող մի հատ փորձի դատավորներին վախեցնել… Էն օրը կգցեմ, որ խոստովանի, թե Նիկոլն ինչ է դրել իր վզին:

Մի խոսքով՝ դիմում եմ բոլոր փաստաբան ընկերներիս, որոնք ոչ միայն ականատես են եղել հուլիսի 12-ի դեպքերին, այլեւ մասնակից այն «դատավարություններին», որոնք հաջորդել են Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած առերեւույթ մարդակերությանը: Տնային կալանք, երկամսյա կալանքներ, բանտ՝ ոստիկանությունը քիչ էր, Նիկոլն էլ էն կողմից է հուպ տալիս: Եվ մեղավորները բոլոր գործերով քաղաքացիներն են: Սա ի՞նչ այլանդակություն է, ի՞նչ ամենաթողություն, ի՞նչ սրիկայություն…

Հատ-հատ դատի տանք այլանդակ ոստիկաններին, որ մյուսների համար դաս լինի, ու չփորձեն մյուս անգամ ամեն «չաթլախի» հրաման կատարել: Ի վերջո, նրանք պետք է հասկանան, որ իրենց գործը մարդու, քաղաքացու հետ է, ոչ թե ոչխարի համայնական հոտի, որին կարող են քշել՝ որ սարն ասես:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image