Դատախազն այսօր իրավասու դատարան է հանձնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ՝ մեղադրական եզրակացությամբ հաստատված քրեական վարույթի նյութերը: Քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել նաև Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանին և գործարար Սամվել Մայրապետյանին: Այս մասին Hraparak.am-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
«Համաձայն Սերժ Սարգսյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով ներկայացված մեղադրանքի՝ վերջինս միջնորդավորված կերպով կաշառք է ստացել գործարար Սիլվա Համբարձումյանից՝ նրան պատկանած ընկերության օտարման գործարքին չխոչընդոտելու համար: Կաշառքը ստացել է մաս-մաս՝ 2 միլիոն 660 հազար դոլարը՝ կանխիկ, 325 հազարը՝ անկանխիկ եղանակով»,-փոխանցեցին դատախազությունից:
Նշենք, որ սա երրորդ նախագահի դեմ երրորդ քրեական գործն է․ Վառելանյութի գործով արդարացվելուց հետո օրեր առաջ դատարանում երկրորդ անգամ ամբաստանյալի աթոռին Սարգսյանը նստեց 20 տարի առաջ հողերի օտարման վերաբերյալ քրեական գործով։