Նիկոլ Փաշինյանն առցանց ձեւաչափով ելույթ է ունեցել Հանուն ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող՝ «Լրատվամիջոցների ազատությունը՝ որպես ժողովրդավարության անկյունաքար» խորագրով միջոցառման ժամանակ։
Փաշինյանը նախ նշել է, որ ինքն էլ է նախկին լրագրող ու խմբագիր եւ լավ գիտի, թե ինչ են լրագրողների նկատմամբ ճնշումները։ Նա նաեւ հայտարարել է․ «Մենք ոչ մի սահմանափակում չենք դրել լրատվամիջոցների ազատության եւ համացանցի վրա նույնիսկ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի ժամանակ»։
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունն ամբողջությամբ կեղծ է, քանի որ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին, երբ պատերազմի ամենաթեժ պահերն էին, եւ Արցախի զգալի մասն արդեն Ադրբեջանի կողմից օկուպացված էր, ռազմական դրություն հայտարարելու որոշման մեջ փոփոխություններ արվեցին, եւ արգելվեց կասկածի տակ դնել իշխանությունների հայտարարությունների ճշմարտացիությունը։
«Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը եւ պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որեւէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է»,- ասված էր այդ որոշման մեջ, իսկ որոշման կատարումն էլ հանձնարարվել էր ոստիկանությանը, դրանից հետո ոստիկանություններն այցելում էին լրատվամիջոցների խմբագրություններ, անգամ գիշերները խմբագիրների տներն էին գնում, որոնց մեղադրում էին պաշտոնականից տարբերվող, այն է՝ հանրությանը ռազմաճակատում տիրող իրավիճակի ու մեր կորուստների մասին ճշմարտացի տեղեկություններ հաղորդելու մեջ։ Ի դեպ, Հայաստանի ժուռնալիստների միությունը քննադատել էր այս որոշումը, ինչից հետո ոստիկանները, առանց որեւէ ծանուցման, այցելել էին թերթի խմբագրություն եւ պահանջել, որ համացանցից հեռացնեն միության հայտարարությունը։
Նախքան այս որոշման ընդունումն էլ իշխանություններն իրենց հատուկ մեթոդներով էին ճնշում մամուլին, ֆեյքային գրոհներ էին կազմակերպում ԶԼՄ-ների ֆեյսբուքյան էջերի դեմ, ՊՆ այն ժամանակվա ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ գրառումներ էր կատարում լրատվամիջոցների դեմ՝ նրանց տարբեր մեղադրանքներ ներկայացնելով, թուրք ու դավաճան հռչակելով: Եվ պատերազմական էյֆորիայի ու «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո հիմարեցված հասարակությունը հարձակվում էր լրատվամիջոցների վրա, նրանց թշնամի անվանում, հալածում լրագրողներին։ Նման սահմանափակումներ Հայաստանում կիրառվել են նաեւ քովիդի շրջանում, երբ նորից օրենսդրական ճանապարհով իշխանությունը սահմանափակեց կորոնավիրուսի մասին տեղեկատվության տարածումը՝ իբրեւ թե հանրության շրջանում խուճապ չառաջացնելու նպատակով։
Ի դեպ, հենց այս օրերին էլ քննարկման է դրված օրենսդրական եւս մի նախագիծ, որով պատրաստվում են նոր սահմանափակումներ նախատեսել մամուլի համար՝ փոփոխություններ կատարելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում, որով առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցման (արգելափակման), ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակման իրավական հիմքերը՝ ռազմական դրության ընթացքում։ Այսինքն՝ իրավական հիմքեր են նախապատրաստում, որ եթե հանկարծ պատերազմական գործողություններ լինեն, լրատվական կայքերն արգելափակեն կամ ինտերնետն անջատեն ՀՀ տարածքում։
Ահա, խոսքի եւ կարծիքի արտահայտման այսպիսի ազատություն է տիրում Հայաստանում, որի մասին իր ելույթում խոսում էր ՀՀ վարչապետը։