Օրեր առաջ «Հրապարակը» գրել էր հայկական արբանյակի խիստ անորոշ ճակատագրի մասին, մասնավորապես այն մասին, որ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը կուսակցության նիստում աղմկահարույց բացահայտումներ է արել։ Նա բուռն վրդովմունք է հայտնել հատկապես հայկական արբանյակի՝ տիեզերք ուղարկելու ծրագրի հետ կապված՝ ասելով, որ այն ամբողջությամբ ձախողվել է, իսկ դրա համար վատնվել է՝ ոչ ավել, ոչ պակաս, 8 միլիոն դոլար։ Նախարարը մանրամասնել է, որ սխալ ծրագիր է կազմվել՝ սխալ հաշվարկներով, ինչի հետեւանքով տիեզերք բաց թողնված արբանյակը ոչ միայն նպատակին չի ծառայել, այլեւ գլխացավանքի առիթ է դարձել։ Ասել է, որ չնայած արբանյակը դեռեւս տիեզերքում է՝ երկրի մակերեւույթից մոտ 35 հազար կիլոմետր բարձրության վրա, սակայն մոտ երկու ամսից կընկնի, եւ իրենք նոր ծրագիր են մշակում, որը մոտ 50 միլիոն է արժենալու։
ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն ասում է․ դեռ 2 տարի առաջ խոսելով այդ արբանյակի մասին՝ ինքը նկատել էր, որ դա այդքան մեծ էյֆորիայի առիթ չէ. «Նախ՝ դա իսպանական ընկերության միջոցով էր արվել, եւ ոչ մի տեղ նշված չէր, որ այն հայկական է, մերոնք միայն հղում էին անում այդ ընկերության հետ ունեցած պայմանագրին՝ նշելով, թե դրանով համարում են, որ այն հայկական է, բայց, ամեն դեպքում, արտասահմանյան ոչ մի աղբյուրներում նշված չէր, որ դա հայկական է, իսկ մերոնք, չգիտես ինչու, ասում էին` առաջին հայկական արբանյակ, էլ չեմ ասում, որ մեծ-մեծ հայտարարություններ արեցին, թե տիեզերական կենտրոն են կառուցելու... ի դեպ, դրանք հենց պաշտոնական մարմինների կողմից էին արվում...»:
Այդ ժամանակ վարչապետը դա ներկայացրեց որպես դարակազմիկ ձեռքբերում՝ իր իշխանության կողմից։ «Արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ կառավարման, շրջակա միջավայրի պահպանության՝ ներառյալ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության եւ այլ ոլորտներում»,- հայտարարել էր նա:
«Այո, ես հիշում եմ, որ շատ բարձր տոնով հայտարարեցին դրա մասին, բայց այն, որ չէր ծառայելու ռազմական նպատակներով, դա միանշանակ էր, որովհետեւ այդքան որակ չունեն դրա նկարները, դա շատ պրիմիտիվ մակարդակ է, Գուգլ մապսով որ նայում եք, այդ մակարդակի նկարներ են, ոչ ավելի: Օրինակ, ես կարող եմ վճարել, որպեսզի իմ թաղամասի կամ իմ տան նկարը շատ բարձր ճշտությամբ գնեմ, Հայաստանն էլ որ ուզի, իրեն հետաքրքրող շրջանները, այդ թվում՝ սահմանամերձ, կարող է գնել, եւ, հաստատ, ավելի էժան կնստի այդ ամենը, քան մի հատ արբանյակ տիեզերք բաց թողնելը, որովհետեւ իսկական լուրջ արբանյակը 250-300 մլն դոլար արժե»,- ասում է Միքայելյանն ու տարակուսում, թե ինչպես են 8 մլն դոլար ծախսել այդ արբանյակի վրա:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն ժամանակվա նման հայտարարություններին, կամ ինչով էին դրանք պայմանավորված, ապա. «Կարող է իրեն էլ էին սխալ տեղեկացրել, կամ ուզեցել է ցանկալին իրականության տեղ ընդունել, փաստ է, որ այդ բոլորը ժամանակին արձանագրվել են, եւ արդեն 2.5 տարի հետո պարզվեց, որ առանձնապես ոչ մի բան էլ չկար դրա մեջ: Ավելին` դա ոչ մի բանով հայկական չէր, ինչքան էլ որ ասում էին՝ համագործակցություն ունեն իսպանական ընկերության հետ եւ ինչ-որ մասով համարում են, որ դա հայկական է, քանի որ ծառայելու է նաեւ մեզ, բայց դրա ծառայելը չտեսանք։ Սա է իրականությունը: Դա ոչ մի լուրջ խնդրի չէր կարող ծառայել, ու եթե հիմա ԲՏԱ նախարարը հիասթափություն է ապրում, ապա բնական է, որ գալու էր դրան, էն գլխից էլ պարզ էր ամեն ինչ...: Դրանք փոքրիկ արբանյակներ են եւ ոչ մի լուրջ, գիտական խնդիր չեն լուծում, ուղղակի բաց են թողել, որ ասեն` տեսեք, սա էլ մեր արբանյակն է: Միակ բանը, որ կարողացան անել` կապ հաստատել եւ բաց թողնելուց հետո ինչ-որ ազդանշաններ ստանալն էր, որ այդ արբանյակը տիեզերքում է: Ես ստույգ գիտեմ, որ 2.600 դոլար վճարել են Իլոն Մասկին՝ մի թռիչքի ժամանակ փոքր արբանյակներ բաց թողնելու համար, իսկ այդքան փոքր արբանյակները մի թռիչքի ժամանակ տասնյակներով բաց են թողնում: Պատկերացրեք, թե ինչ բիզնես են անում, ասում են` տվեք այսքան փող, որ այդ մի փոքրիկ կտորը գցենք տիեզերք: Մի քիչ կոպիտ է հնչում, բայց իրականում արտասահմանում հենց այդ տերմինն էլ օգտագործում են՝ «տիեզերք շպրտել»: Հիմա Իլոն Մասկը նման բիզնես է անում, այդ հրթիռները բաց է թողնում տիեզերք, ձեռքի հետ էլ` այլ իրեր, եւ կապ չունի՝ արբանյակ է, թե ոչ: Օրինակ, դուք եթե ուզում եք, կարող եք 2.600 դոլարով ձեր զարդատուփն ուղարկել տիեզերք: Ինչքան էլ որ հումորով է հնչում, բայց սա իրականություն է, եւ այս ծառայության արժեքն իր քաշից է կախված, թե ինչքան քաշ եք դուք ուղարկում տիեզերք»:
Ա․ Միքայելյանի կարծիքով՝ ոչ մի լուրջ բան չկա այդտեղ, ինչքան էլ մենք փորձում ենք դա ներկայացնել որպես Հայաստանի առաջին արբանյակ, քանի որ պետք է հասկանանք դրա իրական օգտակարությունը: Ուստի, իմաստ չունի հիմա զարմանալ կամ զայրանալ այն փաստից, որ ծրագիրը տապալվել է։ «Հենց սկզբից պարզ էր, որ այդ ծրագիրը լուրջ նպատակ չի հետապնդում, որ մի հատ էլ տապալվեր կամ չտապալվեր: Ինձ համար դա հենց սկզբից էլ տապալված էր, ուղղակի հետաքրքիր էր, թե դրանով ինչ ինֆորմացիա կամ ցանկություն էին ուզում մարդկանց փոխանցել կամ հասցնել, այն, որ իբր Հայաստանը լուրջ քայլեր է անում տիեզերագիտության մեջ.... դրա համար ես այն մարդկանցից եմ, որ ոչ էլ հիասթափված եմ, քանի որ գիտեի` այսպես է լինելու: Իսկ չիմացող մարդը կարող է շատ մեծ հայենասիրական զգացումներ ապրել, հետո էլ իրեն խաբված զգալ: Այդ առումով ցանկալի է, որ բնակչությունն ունենա այն մակարդակը, իրազեկվածությունը, որ հասկանա, թե ինչ է նշանակում արբանյակ, ինչ խնդիրներ դրանք կարող են լուծել, ինչքան տարբեր կարող են լինել»,- ասում է ու նկատում, որ այդ արբանյակները մի քանի հազար դոլարից մինչեւ հարյուրավոր միլիոն դոլարների արժեք կարող են ունենալ:
Հայաստանի համար, ըստ Ա. Միքայելյանի, անհրաժեշտ են երկրակայուն արբանյակներ. «Այսինքն՝ ինքը պտտվում է Երկրի շուրջը՝ Երկրի պտույտի հետ համընթաց, եւ միշտ նույն կետին է նայում: Օրինակ, մեզ համար լավ կլիներ, որ Հայաստանի վերեւում այդպիսի մի արբանյակ միշտ կախված մնար, ինքը պտտվեր Երկրի պտույտի հետ համընթաց, բայց միշտ նայեր Հայաստանին եւ անընդհատ նկարահաներ Հայաստանը։ Դա կարող էր պաշտպանական խնդիրներ լուծել, մեր հողերն ուսումնասիրեր, քանի որ արբանյակները լուրջ ծառայություն ունեն նաեւ գյուղատնտեսության մեջ, վերեւից նկարելով հողերը, ռելիեֆը, բոլոր ոլորտները, որ Հայաստանը կարող է իր համար օգտագործել: Մինչդեռ այսօր մեզ անհրաժեշտ ինֆորմացիաները միջազգային արբանյակներից ենք վերցնում կամ գնում, հաճախ` թերի, նման մի բան մեզ պետք կգար: Հայաստանը պետք է փորձի ամեն ձեւով այդ ուղղությամբ գնալ, քանի որ թեւակոխում ենք տիեզերական դարաշրջան: Հայաստանը պետք է միանա տիեզերական խոշոր հետազոտություններին, ծրագրերին, իր փոքր ներդրումով համագործակցության մեջ մտնի, ստանա իր օգտակար բաժինը, որովհետեւ իրականում ինքը 300 մլն դոլար չի դնի, բայց կարող է վճարել 1 մլն դոլար եւ դրա դիմաց ստանալ Հայաստանի վրայով անցած բոլոր արբանյակների նկարահանումները, իսկ դա քիչ գումար չէ, նշանակում է՝ 300 անգամ քիչ գումար դնես, բայց քո նպատակին հասնես, ունենաս շատ բարձր որակի նկարներ։ Դա շատ հեռանկարային ոլորտ է»: