Մշակույթ

Նոր մեգա կինոնախագիծ՝ Անդրեյ Կոնչալովսկու կողմից

Նոր մեգա կինոնախագիծ՝ Անդրեյ Կոնչալովսկու կողմից

Այս տարվա հոկտեմբերին թողարկվեց Անդրեյ Կոնչալովսկու նոր մեգա կինոնախագիծը՝ «Ռուսական հեղափոխության ժամանակագրությունը» սերիալը, որը նաեւ անվանում են կինովեպ։ Սերիալը 16 մասից է։ Ռուսական հեղափոխության պատմությունը մինչ այսօր էլ շարունակում է մնալ համաշխարհային պատմության ամենահետաքրքիր դրվագներից մեկը, որի մասին դեռ կգրվեն ու կնկարահանվեն գրքեր ու կինոնկարներ։ Սերիալի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Անդրեյ Կոնչալովսկին է։ Գլխավոր դերում Յուրի Բորիսովն է։ Նա մարմնավորել է երիտասարդ ոստիկանի` սպայի կերպարը, որը պետք է բացահայտի ռուսական միապետության դեմ հյուսված դավադրության սարդոստայնը եւ քանդի այն։

Հերոսը հայտնվում է իրադարձությունների կենտրոնում։ Սերիալում 150 պատմական դեմքեր կան, այդ թվում՝ Լենին, Ռասպուտին, տերտեր Գապոն, Տրոցկի, Ստալին, Գորկի եւ Բլոկ, Քշեշինսկայա, Եսենին, Մայակովսկի եւ այլք։ Դերասաններին ընտրել են ոչ միայն արտաքին նմանությամբ, այլ նաեւ՝ տեմպերամենտի համընկնումով, իրական նախատիպերին համապատասխանությամբ։ «Դա ֆիլմ է, որով փորձ է արվում հասկանալ Ռուսաստանը, նրա պատմությունը, նրանց, ովքեր եղել են հեղափոխության շարժիչ ուժը, նրանց, որոնց սրբել-տարել է այդ հեղափոխությունը։ Ե՛վ մեկը, ե՛ւ մյուսը սխալ լինելու իրավունք ունեն։ Ինձ համար շատ կարեւոր էր, որ պատմական անձերն այս ժապավենում էմոցիոնալ արձագանք առաջացնեին։ Ոչ թե կայսրը կամ Լենինը, այլ պարզ մարդիկ՝ իրենց թուլություններով, հավակնություններով, հույսերով ու կրքերով։ Դա հեշտ բան չէ, քանի որ կան կարծրատիպեր, արխետիպեր, շաբլոններ»,- ասել է Կոնչալովսկին։

Սերիալում գործողությունները տեղի են ունենում 1909-24 թթ․՝ Ռուսաստանի պատմության բախտորոշ փուլերից մեկում։ Սցենարը գրվել է վավերագրության հիման վրա։ Յուրաքանչյուր կերպարի մասով հավաքվել է մի ամբողջ դոսյե՝ լուսանկարներ, նկարագրություններ, բնութագրեր եւ այլն՝ պատմական աղբյուրներից, կինոժամանակագրությունից։ Սերիալն արդեն արժանացել է թե՛ դրական, թե՛ քննադատական արձագանքների։ Շատ մասնագետներ կարծում են, որ դա պատմության գեղարվեստական կինոմեկնաբանությունն է եւ կապ չունի վավերագրական պատմության հետ։ 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image