Հասարակություն

Ի՞նչն է ուզում փոխել հոգաբարձուների նոր խորհուրդը ԵՊԲՀ-ում

Ի՞նչն է ուզում փոխել հոգաբարձուների նոր խորհուրդը ԵՊԲՀ-ում

Այսօր Երեւանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որի ժամանակ բաց քվեարկությամբ խորհրդի նախագահ ընտրվեց երգահան Վահան Արծրունին՝ 21 կողմ, 6 դեմ ձայներով, իսկ նրա մրցակից Էդուարդ Համբարձումյանը ստացավ 7 կողմ, 15 դեմ ձայն․ մնացածները չէին մասնակցել քվեարկությանը։ Խորհրդի նախագահի ընտրությունն անցավ թեժ քննարկման, հարց ու պատասխանի մթնոլորտում։ Նախ նիստը վարող ԵՊԲՀ դոկտոր, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը տեղեկացրեց, որ հոգաբարձուների խորհրդի նիստին 32 հոգուց ներկայացել է 24-ը։ Նիստի ժամանակ պետք է լինի հոգաբարձուների խորհրդի նախագահի, քարտուղարի ընտրություն, ռեկտորի հաշվետվություն, բյուջեի հաշվետվություն։ Ներկաների մեծ մասը կողմ էին այդ օրակարգին։

Միայն մասնակիցներից մեկը նկատեց,որ հոգաբարձուների խորհրդի անդամներից ոմանք դարձել են ԱԺ պատգամավոր, կառավարության անդամ, ուստի այդ պատճառով չեն մասնակցում նիստին, առաջարկեց այն տեղափոխել շաբաթ օրը, որպեսզի բոլորին հարմար լինի նսիտին մասնակցելը։ Պարոն Աղաջանովն էլ հակադարձեց, որ բոլոր ԶԼՄ-ները ներկա են, եւ արդեն որոշված է, որ նիստը պետք է կայանա։ Նիստի ընթացքում հատկապես ակտիվ էր առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, որը պարբերաբար հանդես էր գալիս առաջարկություններով եւ հարցադրումներով։ Նա առաջարկեց օրակարգի մի մասը տեղափոխել շաբաթ օր, ինչին Աղաջանովը չհամաձայնեց։ Խորհրդի անդամներից մեկն էլ նկատեց, որ միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք չեն մասնակցի նիստին, շաբաթ օրն էլ կասեն, թե խաշի կամ կնունքի են։ Մի թեթեւ վիճաբանությունից հետո Միխայիլ Աղաջանովը խնդրեց ներկայացնել այն մարդկանց թեկնածությունները, ում համարում են առաջնային։

ԵՊԲՀ բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ, դոկտոր Թամարա Սարգսյանը ելույթ ունեցավ եւ առաջարկեց Վահան Արծրունու թեկնածությունը։ Նա ասաց, որ բոլորը ծանոթ են նրա գործունեությանը, Արծրունին ԵՊԲՀ-ի շրջանավարտ է, մեծ ձեռքբերումներ ունի մշակույթի ոլորտում, կհասկանա համալսարանի մթնոլորտը, ուսանողների հարաբերությունները, տարբեր սերունդների փոխառնչությունները, կնպաստի համալսարանի զարգացմանը։ Լենա Նանուշյանը պնդեց, որ խորհրդի նիստը պետք է լինի դռնփակ։ Աղաջանովն էլ հիշեցրեց, որ կառավարությունը որդեգրել է բաց, հրապարակային գործելաոճ, որ վնաս է նիստը դռնփակ անցկացնելը, իրենք ոչինչ չունեն թաքցնելու։ Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն էլ զայրացավ, ձեռքը խփեց սեղանին, հարց ուղղեց, թե կա՞ հիմք՝ նիստը դռնփակ անցկացնելո՞ւ, թե՞ ոչ։ 4 հոգի կողմ քվեարկեցին նիստը դռնփակ անցկացնելուն, 25-ը դեմ էին։ Փակ, գաղտնի քվեարկությամբ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն անցկացնելուն կողմ էր 12 հոգի, դեմ՝ 17 հոգի։ Վահան Արծրունին ասաց, որ ԵՊԲՀ-ն ավարտել է 1989թ․, որից հետո ավարտել է օրդինատուրան։ Նա երկար ելույթ ունեցավ, համոզմունք հայտնեց, որ բժշկական համալսարանի խորհուրդը կդառնա օրինակելի խորհուրդ, ինքն էլ իր բոլոր կապերն ու հնարավորությունները կօգտագործի ցանկացած հարց լուծելու համար, կողմնակից է բացարձակ թափանցիկության սկզբունքին։

Նա նշեց, որ ինքը կարեւորություն է տալիս խորհրդի լիբերալությանը, իրեն դուր է գալիս կոլեգիալությունը։ Վահան Արծրունին իր խոսքում նշեց, որ ինքը միշտ քաղաքական եւ քաղաքացիական հստակ դիրքորոշում է ունեցել երկրում ընթացող պրոցեսների նկատմամբ։ Գաբրիել Բալայանը հետաքրքրվեց, թե որքանով է Արծրունին ծանոթ բուհի խնդիրներին։ Վահան Արծրունին էլ նշեց, որ ծանոթ է պրակտիկ խնդիրներին, բուհի միջազգայնացմանը, հանրության համար գրավչության խնդիրներին։ Նա տեղյակ էր նաեւ, որ ԵՊԲՀ-ի վկայագիրը ճանաչված է դրսում։ Խորհրդի անդամներից մեկը հետաքրքրվեց, թե որն է լինելու Արծրունու համար առաջնահերթ բուհում։

Վահան Արծրունին ասաց, որ իր համար առաջնահերթ են ինքնավարությունը, կոռուպցիոն ռիսկերի բացառումը, ինչն էլ կմեծացնի հանրային վստահության աճը բուհի նկատմամբ։ Առաջադրված թեկնածու Էդուարդ Համբարձումյանը, որը ԵՊԲՀ պրոֆեսոր է, մանկաբարձ, գինեկոլոգ, ներկայացրեց իր կենսագրությունը, ասաց, որ աշխատել է արտերկրում, դասախոսություններ է կարդացել Հարվարդի համալսարանում, ներսից պատկերացնում է, թե ինչպես պետք է լուծել խնդիրները։ Ըստ նրա՝ Հայաստանում ստեղծվել է մի համակարգ, որը հնարավորություն չի տալիս ուսանողներին առաջ գնալու, մեր գիտությունը խեղդվում է նախորդ համակարգի ստեղծած ճահճի մեջ։

Հետո նա նշեց, որ ինքը չի համագործակցել նախկին կառավարության հետ, շատ մոտ է Վահան Արծրունու հետ, բայց նկատում է, որ ընտրության ժամանակ ճնշման մեխանիզմներ են գործադրվել։ Այստեղ շտապեց հակադարձել Գաբրիել Բալայանը՝ ասելով, որ իր վրա ճնշումներ չեն կարող գործադրվել։ Լենա Նանուշյանն էլ առիթն օգտագործեց՝ հարց ուղղելով Բոլոնյան համակարգի մասին, ասաց, որ մեր առողջապահական համակարգը պատրաստ չէ ընդունել բակալավրաիատի կրթությամբ շրջանավարտներին։ Մասնակիցներից մեկն էլ հիշեցրեց, որ մենք արդեն դուրս ենք եկել այդ համակարգից։ Վահան Արծրունին, ընտրվելով ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, շնորհակալություն հայտնեց վստահության համար։ Իսկ 28 կողմ, 1 դեմ ձայներով ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար ընտրվեց Անի Ռափյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image