Քաղաքականություն

Մանդատը վայր դնելու հորդոր-հրահանգ-հրամանով

Մանդատը վայր դնելու հորդոր-հրահանգ-հրամանով

«Հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված տեքստը, համաձայնագիրը, և այդ պահից սկսած՝ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը կատաղի պայքար է սկսել խաղաղության օրակարգի և խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման դեմ»,- ասում է ճամբարափոխ, ՔՊ-ական երեսփոխան Կոնջորյան Հայկը: Քանի որ նաև իմ քվեի շնորհիվ է ձևավորվել ԱԺ խորհրդարանական ընդդիմությունը՝ ես բարոյական պարտավորություն եմ զգում պաշտպանելու դրան՝ թեկուզ չլինելով դրա ներկայացուցիչը: Եվ Կոնջորյանին ու մնացած կոնջորյանականներին մատնացույց անելու նրանց խոսքում առկա կեղծիքները: 

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը, նախ, կատաղի պայքար է սկսել ոչ թե խաղաղության օրակարգի և դրա ստորագրման դեմ, այլ ադրբեջանական պահանջներն այդ պայմանագրով ամրագրելու դեմ: Պետք է որ ԵՊՀ ասպիրանտուրան ավարտած և քաղաքական մեկնաբան աշխատած երեսփոխանը դա գիտակցի: Որովհետև խաղաղության օրակարգն պարտված երկրի համար ինքնին վատ բան չի: Հատկապես որ այն ժամանակ է տրամադրում  հաջորդ պատերազմին նախապատրաստվելու համար: Իսկ որ ծագելու է հաջորդ պատերազմը՝ դրան կարող են չհավատալ միայն թղթի կտորին «ուժին» հավատացողները: Եթե որևէ մեկը կասկածներ կունենա ասվածի առումով՝ առաջարկում եմ ուսումնասիրել Օսմանյան Թուրքիայի հետ 19-րդ դարի ռուսական պատերազմները: Ինչպես նաև ռուսական կայսրության հմուտ դիվանագետներից մեկի՝ իշխան Ալեքսանդր Գորչակովի գործունեությունը: Ինչի շնորհիվ 1853-1856 թթ.-ի Ղրիմի պատերազմում Ռուսաստանի կրած պարտության բոլոր բացասական հետևանքները նրա շնորհիվ զրոյացվեցին հաջորդ երկու տասնամյակում:  
Ենթադրում եմ, որ մասնագիտությամբ պատմաբան երեսփոխանը պետք է ծանոթ լինի այդ երևույթին: Եռամյա այդ պատերազմում Ռուսաստանի դեմ միավորվել էին Անգլիան, Ֆրանսիան, Օսմանյան կայսրությունը և Սարդինիայի թագավորությունը: Ի դեպ, այդ թագավորական տան ժառանգներն՝ այլ տիտղոսների հետ մեկտեղ, արդեն կես հազարամյակ կրում են Կիլիկիայի հայկական թագավորության գահակալի տիտղոսը: Ինչևէ, ենթադրում եմ, որ այդ հաղթանակի հիշողության վառ հույսերով էր մեր օրերում Եվրոպան միավորվել ընդդեմ ՌԴ-ի: Եվրոպական երկրները երևի մոռացել են, որ միավորման երկու «հաջող» փորձերից (Նապոլեոնի և Հիտլերի) արդյունքում նույն այդ Եվրոպան ազատագրվեց հենց ռուսական բանակի շնորհիվ. սա ռուսատյացներին ի գիտություն:
Ինչևէ, անցնենք առաջ: Այդ համաձայնագրի ստորագրման դեմ պայքարողներն իրավացիորեն մատնանշում են, որ դրանում ներառված պայմանները Հայաստանի համար կլինեին նվազ վտանգավոր՝ եթե 44-օրյա պատերազմի պարտության թիվ մեկ պատասխանատուն և թիվ մեկ մեղավորն իր տեղը զիջեր ադեկվատ և դիվանագիտությունից գլուխ հանող որևէ քաղաքական գործչի: Ինչը նշանակում է, որ ստորագրման դեմ պայքարը նպատակ ունի Հայաստանը զերծ պահել այդ համաձայնագրով մեզ պատուհասվելիք հետագա վտանգներից: Իհարկե, պատմաբան և քաղաքական վերլուծաբան երեսփոխանը դա ևս գիտակցում է, սակայն պետք է կատաղի պայքարի մղի ընդդեմ խորհրդարանական ընդդիմության: Եվ դրանով էլ՝ ընդդեմ Հայաստանի պետականության, որպեսզի չդառնա այն անձը, ով առաջիկա գարնանային մի երեկո կստանա հերթական «sms»-ն՝ մանդատը վայր դնելու հորդոր-հրահանգ-հրամանով:

Շարունակենք հետևել բանախոսի մտավարժանքին: «Ընդդիմությունն իր իշխանության տարիներին ստեղծել է պատերազմի արդյունաբերություն (1), և մեր հասարակությանը հրամցրել է պատերազմի մշտական վտանգի դեմոկլյան սուրը (2) և արյունահանել է այդ վախը (3)»,- ասում է նա: Նախքան ըստ էության բովանդակությանն անցնելուն՝ փորձենք այս նախադասությունը ենթարկել լեզվաբանական վերլուծության: Առաջին մասում խոսվում է «պատերազմի արդյունաբերություն» ստեղծելու մասին: Անկեղծ ասած, չհասկացա, թե ինչի մասին է խոսքը: Եթե արդյունաբերություն ստեղծելու մասին լիներ, ապա պետք է օգտագործվեր ոչ թե «պատերազմի» որոշիչը, այլ, ասենք, «ռազմական» ածականը: Արդյունքում կստացվեր, որ ընդդիմությունն իր իշխանության տարիներին ստեղծել է ռազմական արդյունաբերություն, ինչը պատերազմական վիճակում գտնվող երկրի համար առավել քան անհրաժեշտություն է:
Բայց ինչպես երևում է այդ նախադասության երկրորդ մասից՝ «մեր հասարակությանը հրամցրել է պատերազմի մշտական վտանգի դեմոկլյան սուրը», առաջին մասում խոսք էր գնում մեկ այլ երևույթի և ոչ թե արդյունաբերության մասին: Նախադասության երրորդ մասին շնորհիվ գլխի ընկա, թե ինչ է նկատի ունեցել բանախոսը՝ խոսելով «վախն արյունահանելու» մասին: Ի դեպ, սկզբում կասկածեցի իմ գիտելիքների վրա ու գուգլեցի «դեմոկլյան սուրը» արտահայտությունը, բայց համոզվեցի, որ իզուր եմ կասկածել: Դա ոչ թե դեմոկլյան, այլ դամոկլյան սուր էր, բայց ենթադրում եմ, որ 5-րդ դարի (մ.թ.ա.) հույն Դամոկլեսի հոգին կների Կոնջորյանին իր անունն աղավաղելու առումով (եթե, իհարկե, հերթական անգամ մեղքը չգցի լրագրողների ընկալման վրա): 
Ինչևէ, երեսփոխանի ճառի հաջորդ նախադասությունն արդեն ամբողջովին պարզեցրեց իրավիճակը: Խոսքը գնում էր նախկինների օրոք տարվող՝ ենթադրվելիք պատերազմի վախ սերմանելու վրա հիմնված քաղաքականության և գողապետության մասին: Նախ երկրորդի մասին: Եթե նախկին իշխանությունը լիներ օրինավոր, ապա 2018-ին Սերժը չէր մերժվի, ու դրա արդյունքում, ի վերջո, Կոնջորյան Հայկը չէր դառնա ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար: Կամ էլ երկու տասնամյակ ես չէի մաշի իմ հասուն տարիները բողոքի երթերում ու ցույցերում: Բայց մենք չմերժեցինք Սերժին, որպեսզի արդյունքում ունենանք բազմաթիվ մարդկային ու տարածքային կորուստներ ու այսօր էլ պայքարենք ընդդեմ այն անձի, ով Կոնջորյան Հայկին նշանակել է այսօրվա իր պաշտոնին:  

Դա՝ մեկ, և երկրորդ՝ եթե նախկինները մարդկանց մեջ վախ էին սերմանում հիպոթետիկ (կամ ենթադրական) պատերազմի առումով, ապա  ՔՊ-ականների օրոք մարդիկ վախենում են իրական պատերազմից: Ինչը մեկ անգամ արդեն ՔՊ-ականների առաջնորդի շնորհիվ բախել է մեր դուռը և կարող է բախել նաև երկրորդ անգամ: Եվ երրորդ՝ խորհրդարանում իշխող մեծամասնության ղեկավարը «զարմանալիորեն» մոռանում է, որ իրենց իշխանությունն արդեն հինգ տարի հիմնված է մարդկանց մոտալուտ պատերազմով վախեցնելու վրա: Ու այն համաձայնագիրը, որն այդքան կատաղի կերպով պաշտպանում է ինքը, կրկին հիմնված է հենց նույն երևույթի վրա: Հիմա ո՞վ է ավելի մեղավոր՝ ենթադրական պատերազմով բնակչությանը վախեցնողը, թե՞ հանուն իր անձնական իշխանության պահպանման՝ իրական պատերազմով վախեցնողը: Ենթադրում եմ, որ ԵՊՀ ասպիրանտուրան ավարտած պատմաբանը պետք է որ իմանա այդ հարցի պատասխանը:

ՀԳ. Չմոռանամ ասել, որ Կոնջորյան Հայկի՝ Ազգային ժողովի պաշտոնական էջում ներկայացված ինքնակենսագրականում մեկ բառ անգամ չկա, որ ժամանակին եղել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամը: Փաստորեն, «կլասիկ» պատգամավորը ժամանակին չի պատկերացրել, թե ինչպիսի կադր է աճեցնում ինքը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image