Այսօր Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների և մյուս հայ բանտարկալների դեմ շինծու մեղադրանքների գործով «դատավարությունը», որի շրջանակում արդեն ընթերցվում են հայ գերիների «դատավճիռները»։
Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը և Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ավելի վաղ՝ ցմահ ազատազրկման էին դատապարտվել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը․ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և Արցախի ՊԲ հրամանատրի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը եւ միայն Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի հանդեպ է Բաքվի «հումանիստական» դատարանը 20 տարվա ազատազրկում սահմանել՝ հաշվի առնելով նրանց տարիքը։
Դավիթ Մանուկյանի եղբորը` դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանին «Հրապարակը» հարցրեց` ինչպե՞ս է ստացվում, որ երեկ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում խաղաղության մրցանակ են ստանում, իսկ այսօր Բաքվի դտարանում հայ ռազմագերիները դատապարտվում են ցմահ ազատազրկման: Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց.
«Քիչ առաջ ես հանդիպման էի ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ: 40-ից ավելի ուսանող էր ներկա հանդիպմանը: Հանդիպման սկզբում ապագա դիվանագետներին հարց տվեցի. արդյո՞ք աշխարհում կա որևէ երկիր, որի ռազմաքաղաքական ղեկավարները գտնվեն գերության մեջ, իսկ երկրի զգալի տարածքները օկուպացված լինի այլ երկրի կողմից և միևնույն ժամանակ հայտարարվի, որ տվյալ երկրները խաղաղություն են հաստատել միմյանց հետ: Քար լռություն տիրեց: Ես նաև առաջարկեցի նրանց, որ իրենց դիվանագետ դասախոսներին հարցնեն` կա՞ աշխարհում նման պետություն: Չի կարող աշխարհում լինել մի երկիր, որի սուվերեն տարածքները օկուպացված լինեն, որի քաղաքացիները, այդ թվում` զինվորականներ, քաղաքական գործիչներ դատապարտվեն և այդ երկրի ներկայացուցիչը ատամները բաց հայտարարի, որ խաղաղություն է հաստատվել: Ինչ վերաբերում է այդ մրցանակին, ապա այն աշխարհաքաղաքական շահերով պայմանավորված գունավոր փաթեթավորված կոնֆետ է, ինչով որևէ մեկիս չեն կարող խաբել: Գերիների վերադարձի համար երկիրը պետք է տեր ունենա և այդ տերը իրեն համարի նաև զինվորականների և ռազմագերիների տերը, ինչը, ցավոք, այս իշխանության պարագայում չենք կարող տեսնել»: