Քաղաքականություն

30 տարի աշխատել են 100 տոկոս սուբյեկտիվիզմի դաշտում

30 տարի աշխատել են 100 տոկոս սուբյեկտիվիզմի դաշտում

«Հրապարակը» օրերս տպագրել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսների բաց նամակն՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նրանք բողոքում են բուհի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի նոր կանոնակարգից, որը հակասում է բուհի կանոնադրությանը եւ այլ օրենքների։ Այդ իսկ պատճառով էլ դասախոսները դիմել են դատարան։ Նամակը ստորագրած 26 անձից 16-ը ստորագրել է հայցադիմումը, դիմել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին։ Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը, գիտխորհրդում հաստատված կանոնակարգի համաձայն, դասախոսական կազմի մրցույթ է սկսել։ 

Ռուբեն Հայրապետյանը հաստատեց տեղեկությունը, որ դասախոսները դիմել են դատարան, ասաց, որ ստացել են ծանուցումը։ Սակայն նա հավելեց, որ դատարանն արդեն հետ է տվել հայցը։
«Հայցում եղել են մի շարք սխալներ, որոնցից մեկը եղել է այն, որ պետական տուրքը երեք անգամ քիչ է եղել։ Հայցը ներկայացրած տասնվեց հոգուց չորսի անուն-ազգանունը սխալ է գրված եղել։ Այսինքն՝ եղել են տեխնիկական բացթողումներ, որոնց պատճառով դատարանը հայցը հետ է տվել։ Այն դրույթները, որոնք վիճարկվում են, հավանաբար շարունակվելու են վիճարկվել։ Մեր կողմից կարող եմ ասել, որ օրենքի հետ կապված որեւէ խնդիր չունի մեր կարգը»,- մեզ հետ զրույցում նշեց ռեկտորի պաշտոնակատարը։

Միաժամանակ Ռուբեն Հայրապետյանը հիշեցնում է, որ դատարան դիմողները մի քանի պահանջ են ներկայացրել, որոնցից մեկը վերաբերում է կանոնակարգը իրավաբանական ուժ չունենալուն։ Իսկ այդ մարդկանց մի մասը դիմել է՝ մասնակցելու մրցույթի այն կանոնակարգով, որի համար դիմել են դատարան եւ պահանջում են այն ճանաչել որպես իրավաբանական ուժ չունեցող։ Իսկ սա ռեկտորի պաշտոնակատարն ուղղակի համարում է զավեշտ։ Իսկ դատարան դիմելով էլ, ըստ նրա, հայցվորները հույս ունեն, որ միգուցե իրենց պահանջը կբավարարվի։ Եվ նրանք այն մարդիկ են, որոնք մրցույթով չանցնելու ռիսկ են տեսնում, կարծում են, որ կարող են չբավարարել ինչ-որ չափանիշների։ 

Ռեկտորի պաշտոնակատարը հիշեցնում է, որ թափուր պաշտոնների մրցույթին մասնակցելու են այն դասախոսները, որոնց պայմանագիրը լրանում է սեպտեմբերին։ Եվ թափուր պաշտոնների լրացումն էլ  «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» օրենքի համաձայն՝ կատարվում է բաց մրցութային կարգով։ Ռուբեն Հայրապետյանը նկատում է, որ այդ պահանջը մինչեւ հիմա չի պահպանվել։

«Հիմա մենք առաջին անգամ, ըստ էության, իրական մրցույթ ենք կազմակերպում, որից խուսափում են այն մարդիկ, որոնց պայմանագրի ժամկետը լրանում է։ Բայց մենք չենք կարող այդ մրցույթը չիրականացնել, որովհետեւ դա օրենքի պահանջ է։ Եվ մենք մշակել ենք այդ կանոնակարգը։ Մարդիկ դժգոհ են, որ իրենք չեն կարող նույն սխեմայով  անցնել։ Իսկ այդ սխեման ավանդական, պապենական կարգով արտամրցութային դասաժամեր ստանալն էր՝ ամբիոնի վարիչի սուբյեկտիվ որոշմամբ։ Եվ քանի որ փոխվել է մոտեցումը, մարդիկ դժգոհում են»,- նշեց մեր զրուցակիցը։ 
Մեր տեղեկություններով՝ իշխանություններն անսպասելի որոշում են կայացրել, որ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանը վերածեն հիմնադրամի, որպեսզի Ռուբեն Հայրապետյանին էլ հոգաբարձուների խորհուրդը ընտրի ռեկտոր։

Ռուբեն Հայրապետյանը հակադարձում է․ «Ես ռեկտորի պաշտոնակատար եմ նշանակվել անցյալ տարի, դեկտեմբերի 28-ին։ Իմ գալու առաջին օրվանից, խորհրդի առաջին նիստից, որը հունվարին տեղի ունեցավ, ես բարձրաձայնել եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը վերակազմավորելու խնդրի մասին, որպեսզի այն դառնա հիմնադրամ։ Եթե կհետաքրքրի, մենք կուղարկենք նաեւ այդ մասին տեղեկանք-հիմնավորումը։ Կան մի շարք խնդիրներ, որոնք առաջանում են ՊՈԱԿ-ների դեպքում։ Մենք, մասնավորապես, խնդիրներ ենք ունենում արտարժութային հաշիվների հետ կապված, մենք կորցնում ենք այն գումարները, որոնք  տարեկան հաշվեգրվում էին առեւտրային բանկի հաշիվների միջոցով։ Այսինքն՝ ՊՈԱԿ-ից հիմնադրամի անցնելն անհրաժեշտություն է։ Մենք շուրջ վեց ամիս է, ինչ աշխատում ենք այդ ուղղությամբ։ Իսկ հիմնադրամի նոր կանոնադրության տարբերակ արդեն իսկ կար, որի վրա աշխատել ենք վեց ամիս,  եւ հասել է այն պահը, որ մենք պետք է վերակազմավորվենք հիմնադրամի։ Եվ հիմնադրամի կանոնադրությունը ներկայացվում է խորհրդին, եթե կառավարման խորհուրդը հավանություն տա, այն ներկայացվելու է կառավարություն, որից հետո էլ շարունակվելու են գործընթացները։ Ես չեմ հասկանում, թե ով է այդ գաղափարը հորինել, որ մենք հապճեպ որոշում ենք կայացրել»։  
Ի՞նչն է զարմացրել եւ զայրացրել ռեկտորի պաշտոնակատարին։ 

«Մարդիկ, որոնք 30 տարի աշխատել են 100 տոկոս  սուբյեկտիվիզմի դաշտում, երբ ամբիոնի վարիչը սուբյեկտիվ որոշմամբ ասել է, թե ով որքան ժամ պետք է ունենա, հիմա համարձակվում են ասել, որ չափանիշները սուբյեկտիվ են։ Իսկ ցանկացած արդյունավետ  մրցութային կարգ ենթադրում է հանձնաժողովի սուբյեկտիվ դիտարկումների եւ օբյեկտիվ դիտարկումների արդյունավետ համադրում։ Մեր մրցութային կարգը այդ համադրության վառ օրինակ է»,- ասաց մեր զրուցակիցը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image