Քաղաքականություն

«Հրապարակ». Ինչո՞ւ ԿԸՀ-ն չկատարեց վարչական դատարանի որոշումը

«Հրապարակ». Ինչո՞ւ ԿԸՀ-ն չկատարեց վարչական դատարանի որոշումը

Եվ այսպես, ամեն ինչ արվեց ԲՀԿ-ին մադատներից զրկելու եւ ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն շնորհելու ու հետագայում բոլոր պաշտոններում միանձնյա նշանակումներ անելու համար: Ձայների վերջնահաշվարկի եւ բաշխման արդյունքում ԿԸՀ-ն որոշեց նոր խորհրդարանի կազմը. ՔՊ՝ 64, «Ուժեղ Հայաստան»՝ 29, «Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ:

Երեք տեղամասում, որտեղ քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել, վերաքվեարկություն չնշանակվեց, քանի որ ընտրողը, ըստ ԿԸՀ-ի, կարող է խմբագրել իր վերաբերմունքը ուժերին, վերջնական արդյունքը հաշվի առնելով։ «Ընտրողի կամքը կարող է ձեւավորվել ոչ թե իր սկզբնական քաղաքական նախապատվությամբ, ազատ կամարտահայտությամբ, այլ արդեն հայտնի արդյունքը խմբագրելու հաշվարկով»,- ասված է հայտարարության մեջ։ Այսինքն, ԲՀԿ-ն վերաքվեարկության արդյունքում կարող է անցնել խորհրդարան, ինչն իրենք չեն կարող թույլատրել: Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները լքեցին ԿԸՀ դահլիճը եւ հայտարարեցին, որ պաշտոնական արդյունքները չեն արտացոլում ժողովրդի կամքը: «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքներն ու ԲՀԿ-ն դիմելու են ՍԴ: «Փաստացի, 3 ընտրատեղամասերի արդյունքները չեղարկվեցին, անվավեր ճանաչվեցին, եւ այս քաղաքացիներին թույլ չեն տալիս վերաքվեարկելու եւ իրենց կամքն արտահայտելու»,- լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Գոհար Մելոյանը՝ շեշտելով, որ մոտ 60 հազար ձայն արհեստականորեն «դուրս թողնվեց խաղից»:

«Պայքարն այժմ տեղափոխվում է ՍԴ եւ արդյունքի կհասնի միայն այն դեպքում, երբ հասարակության ընդդիմադիր հատվածը բացարձակ մոբիլիզացնի իր բոլոր ուժերը, այլապես մենք դատապարտված ենք լինելու թրքամետ բռնատիրության ներքո եւս մի քանի տարիների»,- գրել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը: «Եթե Սահմանադրական դատարանը եւս հաստատի ԿԸՀ որոշումը եւ 2026 թ. Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքների վերաբերյալ ընդունի ակնհայտ ապօրինի որոշում, ապա դրանով ոչ թե կփակի հարցը, այլ կխորացնի իշխանության լեգիտիմության ճգնաժամը եւ կհզորացնի գործող իշխանությունների հեռացման վերաբերյալ հանրային ու քաղաքական պահանջները»,- գրել է ՀԱԿ անդամ Արտակ Առաքելյանը։
Անգամ այնպիսի գործիչները, որոնք ողջունել են 2018 թ. հեղափոխությունը, այսօր կարկամել են: Արցախցի քաղաքագետ Էդուարդ Գրիգորյանը համոզված է, որ այս որոշումն ազդելու է Հայաստանի միջազգային վարկանիշի վրա: «Որոշումը վտանգի տակ է դնում նաեւ 2018-ի հիմնական ձեռքբերումներից մեկը՝ ազատ եւ արդար ընտրությունների ինստիտուտը եւ հասարակության վստահությունը դրա նկատմամբ»,- գրել է նա:

Ի՞նչ պետք է անի ընդդիմությունն այս իրավիճակում՝ վերցնի՞, թե՞ չվերցնի մանդատները: «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որն աջակցել է «Ուժեղ Հայաստանին», կարծում է, որ անպայման պետք է վերցնել մանդատները: «Մանդատները պարտադիր պետք է վերցնեն, որ պայքարեն: Մանդատ չվերցնելը նշանակում է, որ Շնորհապետական կուսակցությունը, Արամ Զավենի Սարգսյանը կգնան, կդառնան դեպուտատ: 500 հազար մարդ իրենց ձայն է տվել: Այդքան մարդու ձայն շպրտում են, դո՞ւրս են գալիս: Ո՞նց կարելի է նման բան անել: Թող գնան, պառլամենտում պայքարեն, եթե ունեն ուժ, թափ, կրթություն, մակարդակ»:

Նախկին պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ ԿԸՀ նախագահը քրեորեն պատժելի արարք է կատարել եւ պետք է պատասխանատվության ենթարկվի: Նա հրապարակավ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ հայտնելով, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ վերջնական որոշումը՝ առանց անվավեր ճանաչված 3 ընտրատեղամասերում վերաքվեարկության, բացահայտ ապօրինի է. «ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հրապարակային պարզաբանումները, թե վերաքվեարկությունը կարող է հանգեցնել «տակտիկական քվեարկության» (tactical voting) եւ խեղաթյուրել ընտրողների կամքը, զուրկ են իրավական որեւէ հիմնավորումից եւ հանդիսանում են քրեորեն պատժելի արարքի քողարկման ձախողված փորձ»: Հիմնավորումն այն է, որ կա ՀՀ վարչական դատարանի 13.06.2026 թվականի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով արձանագրվել է, որ ԿԸՀ-ն պետք է ընտրությունների արդյունքների ամփոփման փուլում որոշում ընդունի առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու եւ անցկացնելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն 2 հայց էր ներկայացրել վարչական դատարան՝ վիճարկելով ԿԸՀ-ի այն որոշումները, որոնցով 2 ընտրատեղամասերում անվավեր էին ճանաչվել քվեարկության արդյունքները, որոնք մերժվել էին, սակայն դատարանը որոշել էր, որ ԿԸՀ-ն ԱԺ ընտրությունների արդյունքների ամփոփման փուլում ստիպված է լինելու ընդունել որոշում առանձին ընտրական տեղամասում «վերաքվեարկություն անցկացնելու մասին»: «Վարչական դատարանում մենք ունենք օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որն ասում է, թե ինչ պետք է անի ԿԸՀ-ն` ամփոփելով արդյունքները, որը ԿԸՀ-ն չի կատարել: ԿԸՀ-ն եղել է պատասխանող, սա վերացական դատական ակտ չէ, դա իր գործողությունների ու անգործության վերաբերյալ դատական ակտ է, եւ իրեն վերապահված գործառույթ կար այդտեղ, որը չի արել եւ պատասխանատվության պետք է ենթարկվի դրա համար»,- ասում է Զարուհի Փոստանջյանը:

- Ինչո՞ւ է ԿԸՀ-ն այսպիսի որոշում ընդունել:

- Իրենք կորցրել են իշխանության նկատմամբ մենաշնորհը եւ հիմա այդ հարցն էին լուծում: Բայց դատական ակտի առկայության պայմաններում պետք է լիներ նորից քվեարկություն, որը չի եղել, եւ այս պառլամենտը լեգիտիմ չէ:

- Ընդդիմության անելիքը ո՞րը պետք է լինի:

- Առաջնահերթն ընտրողների կոնսոլիդացիան է եւ ցանցային բողոքի կազմակերպումը: ՍԴ դիմելն ինքնին պետք է արվի, բայց դա չի կարող արդյունավետ լինել՝ առանց հավաքներով բողոք իրականացնելու, որը քաղաքացու ամենակարեւոր սահմանադրական գործիքակազմն է` փողոցային բողոքը:

- Կարո՞ղ է այսօրվա ընդդիմությունն այդ բողոքը կազմակերպել, ոնց որ թե այնքան էլ հակված չեն դրան:

- Ընդդիմությունն այդ քվեն ստացել է, դա իրական է, ընդդիմությունը դա վաստակել է, ստացել է իր քրտինքով: Մեկը ես` տվել եմ ընդդիմությանը: Այդ 3 ուժերի ընդհանուր քվեն ծանրակշիռ քվե է, խաղուպար չէ, եթե անգամ դրա որոշ մասը փողոցային պայքարի դուրս գա, դա շատ մեծ ուժ է, եւ ոչ մի այլ բողոք այդ բողոքին չի կարող փոխարինել: Ամբողջ հանրապետությունով են եղել ընտրատեղամասերը, եւ պետք է բոլորը ոտքի կանգնեն: Մենք ունենք հազարավոր քաղաքացիներ, որոնք գնացել են ընտրատեղամասեր, քվեարկել են, ու նրանց քվեն զրոյացրել են, իսկ մնացածինը հաշվել են: Ինչո՞վ են նրանք մեղավոր:

- Իսկ եթե մարդիկ դուրս չգան պայքարի…

- Եթե դուրս չգան, մեզ հայաթափում է սպասվում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image